14 փետրվարի 2012 - 18:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Արաբական աշխարհին նախագահ Ասադի դիմակայության վերջը չի երևում
Լիբիական սցենարի կրկնությունը ոչ ոք չի ցանկանում՝ քաոսի մեջ ընկղմված ևս մեկ արաբական երկիր աշխարհը չի տանի
Մի կողմ քաշվելով լիբիական իրադարձությունների ժամանակ, որոնք, ինչպես հայտնի է, ավարտվեցին հերթական քաոսով և քաղաքացիական պատերազմով, Արաբական պետությունների լիգան որոշեց իր վերահսկողության տակ վերցնել Սիրիան, ավելի ճիշտ՝ սիրիական ընդդիմությունը: Եգիպտոսում իշխանափոխությունից հետո, որն ԱՊԼ-ում առաջին ջութակ էր նվագում, նրա տեղը ցանկանում են զբաղեցնել Սաուդյան Արաբիան և Քաթարը: Փաստորեն հիմա նրանց են պատկանում Մերձավոր Արևելքի վերաբերյալ որոշումների և առաջարկների որոշիչ ձայները:

Ճիշտ է, առաջարկներ ներկայացնելը և կյանքի կոչելը տարբեր բաներ են, սակայն Սաուդյան Արաբիան լի է Ասադի ռեժիմը տապալելու և Սիրիայում սունիթական կառավարում հաստատելու վճռականությամբ: Հիշեցնենք, որ Բաշար Ալ Ասադը պատկանում է ալավիտների ճյուղին, որոնք քարոզում են շիիզմ և այդ պատճառով վայելում է Իրանի աջակցությունը: ԱՊԼ վերջին նախաձեռնությունը Սիրիայի համար համատեղ խաղաղապահ ուժերի ստեղծումն է: Խաղաղապահները պետք է հետևեն հրադադարի ռեժիմին: Ավելին, ԱՊԼ-ն հանդես է եկել սիրիական ընդդիմությունը որպես երկրում իսկական իշխանություն ճանաչելու պաշտոնական կոչով: Բայց հատկապես ո՞ւմ է ընտրելու առանձին գործող ընդդիմությունից, անհասկանալի է: Դրանք «Մահմեդական եղբայրների», «Ալ Քայիդայի» խմբավորումներն են, այսպես կոչված Ազատ սիրիական բանակը և էլի շատ խմբավորումներ, ինչն անխուսափելի է ցանկացած արաբական աշխարհում:

Միաժամանակ, Սիրիայի կառավարությունն անհապաղ դատապարտել է այդ նախաձեռնությունը: SANA պետական տեղեկատվական գործակալության հաղորդագրությունում ասվում է, որ Դամասկոսը նրանց ամբողջովին հերքում է:

Այնուամենայնիվ, ԱՊԼ-ն, որի կազմի մեջ մտնում են 22 պետություններ, արդեն նշանակել է «Սիրիայի բարեկամներ» կոալիցիայի առաջին նիստը, որի մեջ մտնում են արաբական պետությունները, ԱՄՆ-ը և եվրոպական տերությունները, որոնք ղեկավարվում են Սիրիայում բռնությունը դադարեցնելու գաղափարով: Այդ դաշինքը ձևավորվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը և Չինաստանը վետո դրեցին ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագծի վրա: «Բարեկամներն» առաջին անգամ կհանդիպեն փետրվարի 24-ին Թունիսում: Ի սկզբանե հանդիպումը նախատեսվում էր Ստամբուլում, բայց արաբները հավանաբար որոշեցին, որ արաբական երկրները պետք է հավաքվեն իրենց տարածքում: Բայց անհնար կլիներ առանց Թուրքիայի մասնակցության: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի խոսքով, փորձելով Սիրիայում կարգավորման հասնել դիվանագիտական ճանապարհով, միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի նրան, որ դիվանագիտությունը հաջողություն չի բերի: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քիլնթոնի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է պահեստային պլան ունենա Սիրիայի շուրջ բանակցություններում դիվանագիտական ձախողման դեպքում: Բայց այստեղ պետք է նշել, որ լիբիական սցենարի կրկնությունը ոչ ոք չի ցանկանում՝ քաոսի մեջ ընկղմված ևս մեկ արաբական երկիր աշխարհը չի տանի: Օրերս TIME-ը հրապարակել է զրույց ոմն սիրիացի ընդդիմադիրների հետ, որոնց պարզ ասվել է, որ «երկրորդ արգելված թռիչքային գոտի չի լինի»: Այնտեղ էլ բերվում են ընդդիմադիրների բավական հետաքրքրիր կարծիքներ «Մահմեդական եղբայրների» և «Ալ Քայիդայի» մասին, մասնավորապես, հաստատվում է, որ վերոնշյալ խմբավորումները չեն օգնի ընդդիմությանը, այլ կփորձեն իրենք վերցնել իշխանությունը: Դա արդեն տեղի է ունենում Եգիպտոսում, մասամբ Թունիսում և կարող է տարածվել ողջ Մերձավոր Արևելքում: Պատահական չէ, որ կազմակերպության ներկա ղեկավար Այման Ալ Զավահիրին փետրվարի 11-ին իր տեսաուղերձում կոչ է արել սիրիացիներին չվստահել Արևմուտքին և արաբական պետությունների կառավարություններին Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարում: «Ալ Քայիդայի» ղեկավարը կոչ է արել Թուրքիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի և այլ երկրների մահմեդականներին «Սիրիայի եղբայրներին» ցուցաբերել ցանկացած օգնություն, բայց այդ խնդրանքը չի տարածվում արևմտյան և արաբական երկրների կառավարությունների վրա:

«Կախված մի եղեք ԱՊԼ-ից և այն կոռուպցիոներներից, որոնք աջակցում են նրան»,- դիմել է ալ Զավահիրին կողմնակիցներին, ընդգծելով, որ սիրիացիները չվստահեն Թուրքիային: «Այդ երկիրը երկար տարիներ շարունակ բարեկամական հարաբերություններ է ունեցել Ասադի ռեժիմի հետ: Իսկ հիմա ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ է Թուրքիան երես թեքել նրանից: Մի վստահեք Թուրքիային և ԱՊԼ-ին, վստահեք միայն ձեր սրտին և բանականությանը»,- ասել է նա:

Վերադառնանք խաղաղապահների առիթով ԱՊԼ նախաձեռնությանը: Jordan Times թերթի մեկնաբանը նշում է, որ այդ արաբական նախաձեռնությունը, որը նշանակում է բոլոր ուժերի միավորում սիրիական խնդրի լուծման համար պայքարում, ունի մեծ քաղաքական նշանակություն, սակայն դրա գործնական նշանակությունն ակնհայտ չէ:

Հակասիրիական ձայների ընդհանուր ֆոնի վրա իր ավանդն է ունեցել ՄԱԿ-ը, որը կասկածում է սիրիական իշխանություններին մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գերագույն հավատարմատար Նավի Պիլայի խոսքով, վերջին տարում Սիրիայի անվտանգության ուժերը սպանել են ավելի քան 5400 մարդ: Ելույթ ունենալով Սիրիայի հարցով գլխավոր վեհաժողովի լիագումար նիստում՝ Պիլայը հաղորդել է համոզիչ ապացույցների առկայության մասին, որ իբր Սիրիայի իշխանությունները կատարում են մարդկության դեմ հացագործություն: Նա հայտարարել է, որ Բաշար Ասադի կառավարությունը պետք է Միջազգային քրեական դատարանի կողմից ենթարկվի պատասխանատվության: Բայց ապացույցները չեն ներկայացվել, և այդ պատճառով Պիլայի մեղադրանքները դեռևս կախված են օդում: Դա նման է Սադամ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքին: Իսկ ինչ վերաբերվում է Հաագայում դատարանին, ապա դա ոչինչ չի կարող անել: Մուամար Քադաֆիին նույնպես կանգնեցրին այդ դատարանի առաջ: Վերջը բոլորը գիտեն, իսկ Բաշար Ասադը բոլորովին չի ցանկանում կիսել Լիբիայի առաջնորդի ճակատագիրը:

Կարինե Տեր-Սահակյան