Բնապահպանները քաղաքականության եզրին կամ ապագա ընտրությունների «կանաչ թեման»

Բնապահպանները քաղաքականության եզրին կամ ապագա ընտրությունների «կանաչ թեման»

Առայժմ նախադրյալներ չկան Հայաստանում եվրոպական երկրների նման բնապահպանների կողմից իրենց կուսակցությունը ստեղծելու համար

Անցած տարվա ընթացքում բնապահպանները դարձան Հայաստանի հասարակական կյանքի ամենագլխավոր նյուսմեյքերներից մեկը:

PanARMENIAN.Net - Չնայած բուռն քաղաքական զարգացումներին, ընդդիմության և իշխանությունների պայքարին, մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստությանը, կանաչները Թռչկանի, Թեղուտի համար իրենց պայքարով, Մաշտոցի այգում տաղավարներ տեղադրելու հակազդեցությամբ գրավեցին հայ հասարակայնության ուշադրությունը, ապացույցը սոցիալական ցանցերն են, մասնավորապես Facebook-ը:

«Կանաչ թեման» չշրջանցեցին նաև քաղաքական կուսակցությունները, մասնավորապես ընդդիմությունը, որի համար բնապահպանական թեման իշխանություններին հարվածելու ևս մեկ միջոց է, իսկ իրենք՝ բնապահպանները, բարեբեր հող նոր կողմնակիցներ ներգրավելու համար: Միաժամանակ, պետք է նշել, որ նրանք բավական խիզախ կողմնակիցներ կլինեն, ովքեր չեն վախենում հանուն իրենց սկզբունքների հակամարտության մեջ մտնել իշխանությունների հետ, ինչին չեն գնում շատ կուսակցություններ (ես նկատի ունեմ ակտիվ բնապահպաններին, այլ ոչ թե համակարգիչների մոնիտորների մոտ բնության համար պայքարողներին, ովքեր ժամանակ առ ժամանակ like-եր են անում):

Տարբեր կարծիքներ կան այն դերի վերաբերյալ, որը կարող են քաղաքական կյանքում խաղալ բնապահպանները՝ սկսած նրանց պայքարի լիովին իդեալականացումից, վերջացրած «գրանտակերության» մեջ մեղադրանքներով և սեփական պետության դեմ օտար տերությունների միջոցներով քայքայիչ գործունությամբ:

«Մենք ենք այս քաղաքի տերերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի կարծիքով, բնապահպանական շարժումներն ըստ էության զուտ քաղաքացիական են և այդպիսին կմնան: «Նրանք կարող են այն դերը խաղալ, որ կբարձրացնեն քաղաքացիական գիտակցությունը, իսկ դրանից կշահեն այն քաղաքական ուժերը, որոնք մեծ ուշադրություն են դարձնում քաղաքացիական գիտակցության վրա»,- հայտարարել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:

Սողոմոնյանը դրական է գնահատել կուսակցությունների կողմից իրենց քաղաքական պայքարում բնապահպանական թեմաներն օգտագործելու հնարավորությունը: «Իհարկե, կարող են, բայց դա նրանց գործն է՝ ներկայացնել քաղաքացիների շահերը: Եվ եթե կարծում են, որ կարող են աջակցել քաղաքացիների շահերի ներկայացմանը, ապա յուրաքանյուրը կարող է անել իր գործը, իսկ քաղաքացին ինքը կորոշի, թե նրանցից ով է ավելի լավ ներկայացնում իր շահերը: Ես դա բնական եմ համարում և դրանում ոչ մի անսովոր բան չեմ տեսնում»,- հայտարարել է նա:

Սողոմոնյանը նաև նշել է, որ առայժմ նախադրյալներ չի տեսնում Հայաստանում եվրոպական երկրների նման բնապահպանների կողմից իրենց կուսակցությունը ստեղծելու համար: Նրա խոսքով, դա բացառված չէ ապագայում, հաշվի առնելով երկրում բնապահպանական խնդիրների սրությունը, սակայն նշել, որ «դա պետք է լինի բնական գործընթացի արդյունք»:

Հայաստանում ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը դրական է գնահատել բնապահպանների ակտիվացումը՝ ընդգծելով դրանում ՀԱԿ դերը: «Կարելի է միայն ողջունել նման զարգացումները, որ մարդիկ հանուն իրենց հուզող հարցերի պատրաստ են բողոքի ակցիաների, պատրաստ են նույնիսկ ոստիկանության և պետական մարմինների հետ դիմակայության: Շատ դրական եմ գնահատում՝ դա հենց այն է, ինչի մասին մենք երազում էինք: Մենք չորս տարի գնացինք այս ուղղությամբ, փորձեցինք ակտիվացնել մարդկանց, մեզ վրա վերցրեցինք պետական մեքենայի ճնշման ողջ հարվածը»,- հայտարարել է նա PanARMENIAN.Net ին:

Նրա խոսքով, ժողովրդական դիմադրության և ոստիկանության ու դատախազության գործողությունների դեմ հարյուրավոր իրավական հայցերի շնորհիվ, այդ թվում Եվրոպական դատարանում, հանգեցրեցին որոշակի հաջողությունների, «ինչ-որ առումով սթափեցրեցին պետական մարմիններին»: «Այսօր չի կարելի չնկատել, թե ինչպիսի տարբերություն կա ոստիկանության վարքագծի միջև հիմա և մեկ կամ երկու տարի առաջ: Դա այն դաստիարակչական գործընթացի արդյունքն է, որը մենք անցկացրեցինք չորս տարի: Հիմա պայմաններ են ստեղծվել, որպեսզի բազմաթիվ քաղաքացիական խմբերն իրենց տարբեր նախաձեռնություններով պայքարեն իրենց խնդիրների լուծման համար»,- ասել է նա:

Զուրաբյանը նաև հավելել է, որ քաղաքական ենթատեքստեր չի տեսնում ընդդիմադիր բնապահպանական թեմաների նկատմամբ կուսակցությունների սևեռուն ուշադրության մեջ, «քանի որ նրանք (կուսակցությունները) պայքարում են կոնկրետ խնդիրների համար», միաժամանակ նշելով, որ բնապահպանական հարցերն անպայման կմտնեն գալիք ընտրությունների քաղաքական օրակարգ:

Իր հերթին, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այլ կարծիք ունի վերջին ժամանակները բնապահպանների ակտիվացման վերաբերյալ: «Ցանկացած բնապահպանական շարժում ինձ համար արհեստական է, նման շարժում չկա: Դա ընդամենը ամբոխ հավաքելու առիթ է: Իսկ երբ կսկսի գործել ամբոխի հոգեբանությունը, կօգտագործեն այն քաղաքական նպատակներով: Հիշեք նույն 1988թ.՝ շարժումը սկսվեց «Նաիրիտից» և ԱԷԿ-ից, իսկ հետո վերածվեց ղարաբաղյան շարժման»,- հայտարարել է նա:

Պետք է նշել, որ շատ փորձագետներ այն կարծիքին են, որ հիմա Հայաստանում տեղի է ունենում մարդկանց հրապարակ դուրս բերելու տեխնոլոգիաների փորձարկում, և բնապահպանական թեմատիկան ընդամենը երկրում հնարավոր «նարնջագույն հեղափոխության» նախապատրաստության պլանի մաս է:

Կասկածի տակ չդնելով բնապահպանների անկեղծությունը, ովքեր պայքարում են իրենց երեխաների ապագայի համար, կցանկանայի հուսալ, որ փորձագետների այդ բոլոր ենթադրությունները վերաբերում են «դավադրությունների տեսության» ոլորտին, իսկ այդ շարժումների առաջնորդները նույնքան անկեղծ են իրենց ձգտումներում, որքան և շարքային անդամները: Կցանկանայի հավատալ, որ պայքար է մղվում բոլոր լեռնահանքային ընկերությունների հետ, այլ ոչ թե միայն որոշակի երկրի՝ Ռուսաստանի կապիտալով ընկերությունների: Ինչ վերաբերվում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա ցանկանում եմ հավատալ, որ նրանց իսկապես հուզում է բնապահպանական թեմատիկան, և «կանաչ թեման» նրանց համար միայն քաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոց չէ:

Առայժմ մնում է միայն փաստել, որ բնապահպանական թեմատիկան բավական ուժեղ հարվածում է իշխանության վարկանիշին, մասնավորապես իշխող կուսակցության բավական հեռանկարային ներկայացուցչին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Կարելի է համոզված լինել, որ Մաշտոցի այգում կրպակների հետ կապված պատմությունը դեռ արձագանք կգտնի նրա հետագա քաղաքական կարիերայում:

Խալաթյան Հայկ / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
 Ուշադրության կենտրոնում
Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով

 Բաժնի այլ նյութերը
Իշխանությունից դուրս Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, չպայթեցնես» Ինչպես էր համացանցը կատակում մեծ բանավեճի ընթացքում