Հայաստանի հավաքականի մյուս ընկերական հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում

Հայաստանի հավաքականի մյուս ընկերական հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում

Հայաստանի հիմնական ֆուտբոլային նորությունները

Փետրվարի 28-ին և 29-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպումներ անցկացրեց Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ: Առաջին հանդիպմանը Վարդան Մինասյանը խաղալու հնարավորություն էր տվել բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների: Չնայած երկրորդ խաղակեսում ունեցած որոշակի առավելությանը, հայ ֆուտբոլիստները զիջեցին 0:2 հաշվով: Կանադայի դեմ Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց այն խաղացողներին, որոնք համարվում են ազգային հավաքականի հիմնական խաղացողներ:

PanARMENIAN.Net - Նրանք հիանալի հանդիպում անցկացրին և կարողացան հաղթանակ տանել: Չնայած Քևին Մաքկենայի գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան կանադացիները, բայց 23-րդ րոպեին Մարկոս Պիզելլին հեռահար գեղեցիկ հարվածով նախ հավասարեցրեց հաշիվը, ապա խփեց Հայաստանի երկրորդ գնդակը:

Խաղավարտին էլ Արթուր Սարկիսովի վաստակած 11-մետրանոցը հաջող իրացրեց հավաքականում իր նորամուտը նշող Արազ Օզբիլիսը, և խաղն ավարտվեց 3:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Հունաստանի ֆեդերացիայի հետ, ըստ որի, մայիս ամսին կայանալու է երկու երկրների ազգային հավաքականների ընկերական հանդիպում:

«Վարդան Մինասյանն ուզում է մայիսին 15-օրյա հավաք անցկացնել, և կփորձենք այդ ընթացքում ևս մեկ մրցակից գտնենք, որ էլի ընկերական հանդիպում անցկացնենք: Բայց ցանկանում ենք, որ այդ խաղը կայանա Հայաստանում»,- ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Օգոստոսին Հայաստանի մրցակիցը կլինի Բելառուսի ընտրանին: Հայրապետյանի խոսքով այդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա «Հրազդան» մարզադաշտում. «Կարծում եմ, մենք կհասցնենք փոխել մարզադաշտի խոտածածկը, և այս հանդիպումն անցկացնել «Հրազդանում»:

Նա նաև նշել է, որ գոհ է ազգային հավաքականի խաղերից:

«Ընկերական խաղերի իմաստն այն է, որ գլխավոր մարզիչը նոր ֆուտբոլիստներ փորձարկի: Կիպրոսյան խաղերից ես կառանձնացնեի Սերբիայի խաղը: Բոլորս էլ գիտենք, թե ինչ ուժեղ հավաքական ունի Սերբիան, և մեր երիտասարդ ֆուտբոլիստները նրանց դեմ հիանալի էին խաղում: Այդ խաղից ես ուրախացա, քանի որ տեսա, որ մեր երիտասարդները պատրաստ են համալրելու ազգային հավաքականը»,- ասել է Հայրապետյանը:

Adidas ընկերության մարզահագուստը, ամենայն հավանականության, Հայաստան կժամանի ապրիլին, և այն փորձարկելու հնարավորություն հավաքականը կունենա մայիսին նախատեսված ընկերական խաղում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---