Անցած շաբաթվա քաղաքական արդյունքները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «ծովամարտը» և «համագումարների շքերթի» բացումը

Անցած շաբաթվա քաղաքական արդյունքները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «ծովամարտը» և «համագումարների շքերթի» բացումը

Շաբաթվա եզրափակիչ ակորդը դարձավ մարտի 4-ին Ազատության հրապարակում «Հայկական արծիվներ» հասարակական-հայրենասիրական կազմակերպության ցույցը նրա անցանկալի առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ

Անցած շաբաթը բուռն էր տարբեր քաղաքական իրադարձություններով: Մի կողմից բուռն քաղաքական մարտեր ծավալվեցին խորհրդարանում՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունման և ԱԺ ընտրությունների համամասնական համակարգին լիովին անցում կատարելու խորհրդարանական ընդդիմության օրինագծի քվեարկության հետ կապված: Մյուս կողմից, ՀԱԿ-ն անցկացրեց այս տարի իր առաջին հանրահավաքը, որը պետք է կայանար դեռ փետրվարի 17-ին: Ինչպես նաև մի շարք կուսակցություններ ապագա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության շրջանակներում անցկացրեցին իրենց ցույցերը:

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը՝ նվիրված 2008-ի մարտի ողբերգական դեպքերին: Սակայն հանրահավաքում ավանդաբար ամենահետաքրքիրը դարձավ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որն ինչպես միշտ հարուստ էր ծաղրանքով և հեգնանքով: Հավաքվածներին հատկապես դուր եկավ այն դիտողությունը, որ «երկրորդ նախագահի (Ռոբերտ Քոչարյանի) նավն արդեն խորտակված է, իսկ երրորդ նախագահի (Սերժ Սարգսյանի) նավը խորտակվում է»: Եթե նախորդ հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանը սիրում էր համեմատել քաղաքական պայքարը շախմատի հետ, ապա, երևում է, վերջին ժամանակները նրան կրկին գրավել է խորհրդային դպրոցականների կողմից սիրված «ծովամարտ» խաղը:

Այն մասին, թե քաղաքական պայքարի օվկիանոսում ինչպես է շարժվում հենց Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ նավը, ակնառու կերպով ցույց տվեց այն, որ Կոնգրեսի քաղխորհուրդը, չկարողանալով համաձայնեցնել ՀԱԿ ընտրացուցակը գալիք ընտրություններում (դրանով հանդերձ հաստատելով ցուցակում տեղերի հերթականության և քանակության պատճառով հակամարտությունների մասին լուրերը), դրա կազմումը հանձնարարեց իր առաջնորդին, որպեսզի, ինչպես ասվում է, «առանց նեղանալու»: Իհարկե, Տեր-Պետրոսյանի հեղինակությունը ՀԱԿ-ում դեռևս անառարկելի է, իսկ 18 կուսակցություններից ընտրացուցակ կազմելը բարդ գործ է, սակայն ինչպես հիշում ենք Սթիվենսոնի ստեղծագործություններից, ծովահենների նավերի նավապետերին հանձնարարված առաքելությունը չկատարելու դեպքում թիմի անունից տրվում էր «սև նշան»՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

ՀԱԿ նավում տիրող իրավիճակի մեկ այլ անուղղակի ապացույց էր մարտի 2-ին տեղի ունեցած ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Թեև համագումարում պաշտոնապես չհայտարարվեց «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միության մասին, սակայն կողմերը հաստատեցին, որ այդ մասին առկա է սկզբունքային պայմանավորվածություն և մնացել է միայն ձևակերպել դա, ինչն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտի 11-ին «Ազատ դեմոկրատների» համագումարում: Ի դեմս «Ազատ դեմոկրատների» «Ժառանգությունը» կստանա ինչպես ֆինանսական աջակցություն, այնպես էլ փորձառու մասնագետներ նախընտրական պայքարում: Պետք է միայն նշել, որ 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի մարզային շտաբերի 11 ղեկավարներից 7-ը հիմա գտնվում են «Ազատ դեմոկրատներում», ինչպես նաև ընդհանուր շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը:

Իրենց համագումարները և ցույցերն անցկացրեցին մի շարք իշխանամետ կուսակցություններ և միավորումներ: Այսպես, մարտի 3-ին իր համագումարն անցկացրեց «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունը, որին շատ փորձագետներ ձախողում են կանխատեսում գալիք ընտրություններում ժողովրդի վստահության կորստի պատճառով: «Օրինաց երկրի» համագումարն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Համագումարը, ինչպես միշտ, կայացավ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի մեծարման մթնոլորտում, ով մոտ 42 րոպե տևած ելույթում «պատասխան տվեց» կուսակցության հակառակորդներին և կրկին հաստատեց իր հավատարմությունը գործող նախագահին:

«Օրինաց երկրի» «ժողովրդական աջակցության» մասին վկայող հետաքրքիր նրբություն էր այն, որ համագումարի կեսին ֆուրշետից հետո պարզվեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ դռները փակ են հավանաբար նրա համար, որպեսզի համագումարի մասնակիցները չփախնեն կուսակցության հանդեպ «մեծ սիրուց»: Որպես ՄՀՀ-ում շատ համագումարների և տարբեր միջոցառումների մասնակից, պետք է նշեմ, որ նման երևույթի հետ բախվում էի առաջին անգամ:

Հանգստյան օրերին տեղի ունեցավ իշխանամետ ՄԻԱԿ կուսակցության համագումարը, որտեղ հայտարարվեց Սերժ Սարգսյանին աջակցության և ՀՀԿ ընտրացուցակում ՄԻԱԿ մի քանի ներկայացուցիչներին ներգրավելու հնարավորության մասին:

Շաբաթվա եզրափակիչ ակորդը դարձավ մարտի 4-ին Ազատության հրապարակում «Հայկական արծիվներ» հասարակական-հայրենասիրական կազմակերպության ցույցը նրա անցանկալի առաջնորդ, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Ցույցին Ասրյանը, ով հավաստիացնում է, որ «Սերժ Սարգսյանի հրամանով պատրաստ է հսկել դժոխքի դարպասները», հայտարարել է գործող նախագահին անվերապահ աջակցության մասին, միանշանակ հեգնանքով նշելով, որ հավաքված «արծիվների» քանակական գերազանցությունը ՀԱԿ կողմնակից ցուցարարների նկատմամբ վկայում է այն մասին, որ «խորտակվում է Տեր-Պետրոսյանի նավը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի»:

Խալաթյան Հայկ / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---