Հայաստանը պետք է արդյունաբերական քաղաքականություն որդեգրի

Արա Նռանյան.

Հայաստանը պետք է արդյունաբերական քաղաքականություն որդեգրի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ստորագրեցին Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ Դաշնակցության տնտեսական հարցերի պատասխանատու, խորհրդարանի պատգամավոր Արա Նռանյանը ներկայացրել է կուսակցության պատրաստած զեկույցը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսական հնարավորությունների մասին:
Կա՞ն արդյոք հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետեւանքների տնտեսական բաղադրիչի հիմնավորված հետազոտություններ

Դաշնակցության հանձնարարությամբ ստեղծվել էր փորձագիտական խումբ, որն ուսումնասիրեց հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ կապված խնդիրները տնտեսական տեսակետից: Այդ խմբում ընդգրկվեցին ինչպես մասնագետներ Հայաստանից, այնպես էլ հակառակ կողմի ներկայացուցիչ` Թուրքիայի տնտեսական մրցակցության կոմիտեի փորձագետը: Մանրակրկիտ աշխատանքի արդյունքում պատրաստվեց զեկույց, որտեղ ներկայացվեցին Հայաստանի ու Թուրքիայի տնտեսության հիմնական խնդիրները, ուսումնասիրվեցին տնտեսության առանձին ոլորտներ (գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տրանսպորտ), մասնավորապես, թուրքական կողմի արտահանման եւ ներմուծման կանոնակարգման մեխանիզմները, զուգահեռներ անցկացվեցին երկու երկրների տնտեսությունների կանոնակարգման քաղաքականությունների միջեւ: Այս զեկույցի հիմնական նվաճումներից մեկն այն է, որ Հայաստանի կառավարությունը, որը քարոզում է հնարավոր առավելությունները սահմանի բացման դեպքում, փաստորեն, չունի համապատասխան հետազոտություններ, վերլուծություն եւ այդ առումով այս զեկույցը եւս կարեւորվում է:

Ներկայացրեք հիմնական խնդիրները, որոնք արտացոլված են զեկույցում:

Ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրներին, ապա, առաջինը` ի տարբերություն Հայաստանի վարած նեոլիբերալ քաղաքականության, թուրքական կողմը վարում է հովանավորչական քաղաքականություն, որն ուղղված է տեղական արտադրողի պաշտպանությանը: Եթե Հայաստանն անդամակցեց ԱՀԿ-ին հետեւյալ պայմաններով` բոլոր ներմուծվող ապրանքների մաքսատուրքը չպետք է գերազանցի 12 տոկոսը, ապա Թուրքիան ԱՀԿ անդամ դարձավ բոլորովին այլ պայմաններով: Թուրքիայում կան սահմանափակումներ ներմուծվող ապրանքի միայն 50 տոկոս անունների համար, ընդ որում, այնտեղ մաքսատուրքը գերազանցում է մեր 15 տոկոսը, իսկ մյուս ապրանքների վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա, ինչը թույլ է տալիս նրան, օրինակ, գարեջրի համար հաստատել 300 տոկոս մաքսատուրք, գինու համար` 400 տոկոս: Այդպիսով, նրանք պաշտպանում են տեղի արտադրողին, եւ հենց այդ պատճառով է, որ վերջին 20 տարում թուրքական տնտեսությունը բեկում ապրեց եւ այժմ արտադրում է ժողովրդական սպառման ապրանքների գրեթե ողջ տեսականին, սկսած սովորական գրիչից, եւ վերջացրած ավտոմեքենայով: Եթե նախկինում թուրքական ապրանքները մրցունակ չէին համարվում համաշխարհային շուկայում, ապա այժմ նրանք աշխատում են դրանց բարելավման ուղղությամբ, եւ վերջին տարիներին թուրքական ապրանքն արդեն ներկայանում է համաշխարհային հանրությանը որպես նորմալ որակ եւ մատչելի գին ունեցող ապրանք: Այսինքն հայկական ապրանքների համար արգելքներ գոյություն ունեն արտահանման ճանապարհին, ուստի սահմանի բացումը դեռեւս չի երաշխավորում, որ հայկական արտադրանքը մրցունակ կլինի թուրքական շուկայում: Բացի այդ, նա, ով խոսում է 70-միլիոնանոց թուրքական շուկայի մասին, պետք է, առաջին հերթին, պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ մենք մինչ օրս չենք կարողացել մուտք գործել նույնպես 70-միլիոնանոց իրանական շուկա: Խնդիրն այն չէ, որ այդ երկու պետությունները վարում են հովանավորչական քաղաքականություն, խնդիրը, եւ գլխավոր խնդիրը, մեր տնտեսական քաղաքականությունն է: Մենք, փաստորեն, ոչնչացրեցինք տեղական արտադրողին, իսկ տեղական արտադրողը չի կարող մրցունակ լինել համաշխարհային շուկայում, եթե նա մրցունակ չէ ներքին շուկայում: Ներկրման ճնշման տակ տեղի արտադրողները զիջեցին իրենց դիրքերը ներքին շուկայում: Այս պահի դրությամբ ներմուծումը գրեթե 4 անգամ գերազանցում է արտահանումը, եւ այս տարի ներկրումը կգերազանցի արտահանումը 5 անգամ: Դրա համար բազում նախադրյալներ կան` սկսած դրամի փոխարժեքի արհեստական բարձրացումից, եւ վերջացրած նրանով, որ օլիգարխիկ եւ մենաշնորհային կառույցները հիմնականում գործում են ներմուծման ոլորտում: Եվ եթե այսօր մենք խոսում ենք մենաշնորհի խնդրի մասին, ապա այն հիմնականում գործում է ապրանքների եւ ծառայությունների ներմուծման ոլորտում:

Շատ փորձագետներ ասում են, որ Հայաստանի տրանսպորտային ծախսերը կկրճատվեն 20-25 տոկոսով

Ինչ վերաբերում է Թուրքիայի տրանսպորտային հնարավորություններին, ապա պետք է նշել, որ Թուրքիայում շատ թույլ է զարգացած երկաթուղային ցանցը: Թուրքիայի բեռնափոխադրումների շուրջ 90 տոկոսն իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհով, իսկ այն փոքր ծավալը, որն իրականացվում է երկաթուղով, տեղի է ունենում բարձրացված սակագների հաշվին, քանի որ այնպիսի ռազմավարական օբյեկտները, ինչպես երկաթուղիներն ու նավահանգիստները, ավիաընկերությունները, օդանավակայանները պետական սեփականություն են, եւ օտարերկրյա ընկերությունների հանդեպ կիրառում է բարձրացված սակագնային քաղաքականություն, ընդ որում որոշ չափով ֆինանսավորելով տեղական ընկերությունները: Ուստի, հայկական ընկերությունների համար այդ ծառայությունները շատ ավելի թանկ են, քան թուրքական ընկերությունների համար: Նույնը վերաբերում է նաեւ ծովային նավահանգիստներին: Եթե համեմատենք թուրքական նավահանգիստների սակագները տարածաշրջանի այլ նավահանգիստների սակագների հետ, ապա կարելի է նկատել, որ Թուրքիայի նավահանգստային ծառայություններն ամենաթանկն են: Ով ասում է, թե կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, չի կարող պատկերացնել այդ ծախսերի չափը: Այո, մենք հասկանում ենք, որ բեռնափոխադրումները կիրականացվեն հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտի հաշվին եւ կկրճատվի երթուղու երկարությունը, միայն այսքանը: Այլ առավելություններ այս ոլորտում չկան, առավել եւս, որ Հայաստանը չունի սեփական մեծ բեռնային հզորություններ: Որոշիչ գործոն է այն, որ Հայաստանի ճանապարհները լի են իրանական եւ թուրքական բեռնատարներով: Այսինքն խնդիրն այն է, թե կկարողանանք մենք օգտվել այս իրավիճակից, թե կրկին, ինչպես դա մինչ օրս էր, օտարերկրյա ընկերությունները կվաստակեն մեր տնտեսության վրա:

Ինչպիսի՞ն է իրավիճակը գյուղատնտեսության մեջ, չէ որ մեր գյուղմթերքը լավ որակ ունի:

Թուրքիայում գոյություն ունի գյուղատնտեսության սուբսիդավորման ընդհանուր ծրագիր: Օրինակ, եթե գյուղացին մշակում է 1 հա հողատարծք, ապա նա սուբսիդավորվում է 90 դոլարով, եւս շուրջ 14 դոլար նա ստանում է դիզելային վառելիքի գնման համար ծախսերի փոխհատուցման համար, իսկ Հայաստանում նման սուբսիդավորում չկա: Եվ թեեւ մեր գյուղմթերքը մրցունակ է եւ որակյալ, սակայն, գնային առումով նա զիջում է թուրքական ապրանքներին, եւ այդ տեսակետից մենք չենք կարողանա մրցունակ լինել թուրքական շուկայում:

Դուք ծանո՞թ եք թուրքական շուկայի արդյունաբերական հնարավորություններին:

Ես եղել եմ Թուրքիայի Մանիս քաղաքում: Դա 700 000 բնակչությամբ մի փոքր քաղաք է, որի մերձակայքում գոյություն ունի արդյունաբերական գոտի, որտեղ աշխատում է շուրջ 25 000 մարդ: Այդ գոտում գործում է շուրջ 100 ձեռնարկություն, եւ արտաքին առեւտրի շրջանառություն միայն այդ փոքր գոտում կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի կեսից ավելին: Նրանք արտահանում են շուրջ 5,5 մլրդ դոլար արտադրանք: Սա շատ լուրջ քաղաքականություն է, որը մեծ արդյուքներ է տվել, ցավոք, մենք նման քաղաքականություն չենք վարել: Եվ թուրքերին այդքան համակրողներին ես խորհուրդ կտայի ուսումնասիրել թուրք գործընկերների փորձը` ինչպես էին նրանք պաշտպանում տնտեսությունը, ինչպես էին բարձրացնում տնտեսությունը թույլ զարգացած երկրից մինչեւ բավականին մրցունակ տնտեսությամբ երկիր, որն արդեն մրցունակության լուրջ հայտով է հանդես գալիս եվրոպական շուկայում: Ինչ-որ բան անելու համար, առաջին հերթին, պետք է ուսումնասիրել իրական միջազգային փորձը եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել ոչ թե նեոլիբերալ մշակումների հիման վրա, այլ օգտագործելով կոնկրետ երկրների փորձը, մասնավորապես, այն երկրների, որոնք հաջողության են հասել արդյունաբերական զարգացած պետության կառուցման գործում:
---