Ամերիաբանկը կոտրում է կարծրատիպերը եւ գնում է առաջ` իր երազանքի ետեւից

Տիգրան Ջրբաշյան.

Ամերիաբանկը կոտրում է կարծրատիպերը եւ գնում է առաջ` իր երազանքի ետեւից

PanARMENIAN.Net - Անցնող «ճգնաժամային» տարին ծանր էր Հայաստանի տնտեսության, այդ թվում նաեւ երկրի բանկային հատվածի համար: Այն մասին, թե ինչպես Ամերիաբանկը հաղթահարեց իր առջեւ ծառացած մարտահրավերները եւ ինչ նվաճումների հասավ 2009թ., ինչպես նաեւ բանկի հեռանկարային ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Անցնող «ճգնաժամային» տարին ծանր էր Հայաստանի տնտեսության, այդ թվում նաեւ երկրի բանկային հատվածի համար: Ինչպե՞ս Ամերիաբանկը հաղթահարեց իր առջեւ ծառացած մարտահրավերները:

Պետք է նշել, որ դեռեւս 2008թ. սեպտեմբերին մեր ռազմավարական նստաշրջաններում (սովորաբար մենք երկու նստաշրջան ենք անցկացնում ապրիլին եւ սեպտեմբերին) մշակվեցին տնտեսության զարգացման հնարավոր սցենարները, եւ մենք կանխատեսում էինք, որ 2009 թվականը շատ ծանր է լինելու: Այդ մասին էին վկայում նաեւ մեր ռազմավարական գործընկեր` ներդրումային «Տռոյկա Դիալոգ» ընկերության վերլուծական նյութերը: Արդյունքում, ոչ թե մարտավարության (այն մշակվում է օպերատիվ մակարդակով), այլ ռազմավարության տեսակետից, մենք բավականաչափ նախապատրաստված էինք այս տարվան: Ուստի, ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ ինչպես շուկայում բանկի դիրքերի, ֆինանսական ցուցանիշների կառավարման, այնպես էլ ռիսկերի կառավարման, համապատասխան ընթացակարգերի մշակման, մարդկային ռեսուրսների կառավարման, անհրաժեշտ ֆունկցիոնալ ստորաբաժանումների ստեղծման ուղղությամբ: Արդյունքում, տարին մենք սկսեցինք հետեւյալ բանաձեւից` ճգնաժամը հնարավորությունների ժամանակ է եւ մենք պետք է պատրաստ լինենք առավելապես օգտագործել այդ հնարավորությունները:

Ամփոփելով տարին` կարելի է ասել, որ բանկին հաջողվեց ոչ միայն ապահովել բոլոր ծրագրված ցուցանիշները, չնայած նրան, որ իրավիճակը զարգանում էր հնարավոր սցենարներից վատթարագույնով, այլ նաեւ տարեկան կտրվածքով գերակատարում ապահովել բանկի որոշ ցուցանիշների գծով: Այդ տեսակետից, բանկը կարողացավ առավելագուն օգուտը քաղել ճգնաժամի տրամադրած հնարավորություններից եւ ամրապնդել իր դիրքերը շուկայում հենց այդ հնարավորությունների հաշվին:

Եթե տարին երկու մասի կիսենք եւ խնդիրները նախանշենք այդ հատվածների համար, ապա կարելի է ասել, որ տարվա առաջին կեսին, երբ ողջ բանկային համակարգում առաջացավ լիկվիդայնության խնդիրը, Ամերիաբանկը, որը դեռեւս 2008թ. սեպտեմբերից բավականաչափ միջոցներ էր կուտակել, կարողացավ սահուն կերպով հաղթահարել այդ խնդիրն ու նույնիսկ ամրապնդեց իր դիրքերը: 2009թ. երկրորդ կեսին մեկ այլ խնդիր ծագեց` չաշխատող վարկերի տեսակարար կշռի ավելացման պատճառով բանկերում նվազեցին արդյունավետության, շահութաբերության ցուցանիշները: Այդ տեսակետից բանկը կարողացավ հեշտությամբ հաղթահարել այդ դժվարությունը եւ ոչ միայն չկրճատեց վարկավորման ծավալները, այդ թվում, կապված լիկվիդայնության խնդիրների եւ չաշխատող վարկերի ավելացման հետ, այլ հակառակը` ավելացնել սեփական վարկային պորտֆելը: Եթե ուշադրություն դարձնենք ցուցանիշների վրա, ապա առաջին եռամսյակում բանկի հիմնական խնդիրն էր միջոցների ներգրավումը, որի ուղղությամբ ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես, մեր բանկը միակն էր Հայաստանում, որն առաջարկեց ավանդների ամբողջական ապահովագրում: Արդյունքում, բանկում կտրուկ աճեցին իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ավանդների ծավալները, ինչի շնորհիվ լուծվեց նաեւ բանկի լիկվիդայնության ապահովման խնդիրը: Իսկ երկրորդ կիսամյակում բանկը շեշտը դրեց վարկային պորտֆելի ավելացման վրա, որի արդյունքում վարկային պորտֆելը զգալիորեն աճեց: Ընդ որում բանկի գումարային վարկային պորտֆելում պահպանվեց Հայաստանի համար ամենացածրներից մեկը համարվող չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, այն դեպքում, երբ Ամերիաբանկի պորտֆելը ամենախոշորներից է երկրում:

Ես շատ եմ կարեւորում այն, որ բանկը ոչ միայն չսահմանափակեց երկարաժամկետ հեռանկար ունեցող ներդրումները, այլ նաեւ առանձնակի ուշադրություն հատկացրեց ներդրումներին ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումների, նոր շենքի, բաժանմունքներիի վերանորոգման եւ կահավորման, բանկոմատների ցանցի ընդլայնման ոլորտներում: Այն պայմաններում, երբ մեր մրցակիցների մեծ մասը սահմանափակում էր իր ներդրումային ծախսերը, բանկն որոշեց, եւ այդ որոշումը հիմնավորված էր, որ այս տարին պետք է ներդրումային լինի, ինչը թույլ կտա աճի նախադրյալներ ստեղծել հետճգնաժամային շրջանում:

Եթե անդրադառնանք ցուցանիշներին, ապա ակտիվների գծով այդ ընթացքում բանկն աճ ապահովեց ավելի քան երկու անգամ, եւ մենք կանխատեսում ենք, որ տարեվերջին ակտիվների ծավալը կկազմի շուրջ 100 մլրդ դրամ: Մենք ակնկալում ենք վարկային պորտֆելի զգալի աճ , որը տարեվերջին կկազմի 50 մլրդ դրամ: Տարին մենք ավարտում ենք շահույթով` մոտ 1,5 մլրդ դրամ: Բավարար աճ է (մի քանի անգամ) գրանցվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ավանդների գծով, կնքվել են մի քանի կարեւոր պայմանագրեր միջազգային ֆինանսական ինստիտուտների, մասնավորապես, Ֆինանսական միջազգյին կորպորացիայի (IFC) հետ, որի համաձայն կազմակերպությունը 5 մլն դոլարի երաշխիքներ տրամադրեց Ամերիաբանկին առեւտրի ֆինանսավորման համար, ինչպես նաեւ շուրջ 15 մլն դոլարի պայմանգիր կնքեց, որի համաձայն այդ գումարը կուղղվի վերականգնվող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորմանը: Արդեն ավարտվել են բանակցությունները եւս երկու ուղղություններով` պայմանագրերը կստորագրվեն 2010թ. հունվարին, ինչն, ինչպես արդեն ասել եմ, հիմքեր է ստեղծում հեռանկարում գերազանցող աճի համար, ինչի շնորհիվ բանկն այսօրվա դրությամբ ամենաարագ զարգացող բանկերից մեկն է տարածաշրջանում: Այսպիսով, 2009թ. առաջին կիսամյակի համար հիմնական խնդիրը ավանդների ապահովագրումն էր` բանկային համակարգի, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ողջ տնտեսության հանդեպ ստեղծված անվստահության մթնոլորտի պայմաններում: Բանկը կարողացավ լուծել այդ խնդիրը, ինչն, ըստ իս, կարեւոր է ոչ միայն բանկի, այլ նաեւ ողջ բանկային համակարգի համար, քանի որ դա իր հերթին ցույց տվեց, որ բանկի հանդեպ վստահություն կա միջազգային ապահովագրական կառույցների կողմից: Դա լավագույն նախագծերից մեկն էր, որը հնարավորություն տվեց սեղմ ժամկետում ապահովել աճի այնպիսի տեմպեր, որոնք նույնիսկ մինչճգնաժամային պայմաններում հայաստանյան ոչ մի բանկ չուներ:

2009 թվականի ընթացքում Ամերիաբանկը սկսեց տրամադրել մի շարք նոր բանկային ծառայություններ: Կարելի՞ է ասել, որ այդ նախաձեռնությունները հաջողվեցին:

Ինչ վերաբերում է այն ծառայությանն, որը կարեւոր նշանակություն ուներ այդ շրջանում, ապա չի կարելի չնշել ինտերնետ-բանկինգը, որն այսօրվա դրությամբ ոչ թե տեխնոլոգիական նորամուծություն է բանկային ոլորտի համար, այլ անհրաժեշտություն, այն դեպքում, եթե դու ցանկանում ես լինել մրցունակ եւ ժամանակակից որակյալ ծառայություններ տրամադրել եւ ժամանակին համընթաց գնալ, ինչպես անհրաժեշտություն է բանկոմատներ ունենալը: Եվ դա նորմալ երեւույթ է:

Երկրորդ նոր ծառայությունը վերակագնվող էներգետիկայի ֆինանսավորման նախագիծն է աննախադեպ պայմաններով, որը մենք սկսեցինք իրականացնել 2009թ. վերջում եւ մտադիր ենք շարունակել այն եւս մի քանի տարի:

Երրորդը, կա մի նախագիծ, որին մենք արդեն ձեռնամուխ ենք եղել եւ որն ուղղված է այնպիսի հաճախորդներին, որոնք, մեր կարծիքով, դուրս են մնացել մեր բանկային համակարգի տեսադաշտից`միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Այստեղ երկու խնդիր կա` խոշոր բիզնեսը, լինելով հետաքրքիր բանկային համակարգի համար, որոշակի լավ պայմաններ ուներ եւ բանկերը շահագրգռված էին աշխատել նրանց հետ, իսկ փոքր ձեռնարկությունները դոնոր-կազմակերպությունների վարկային միջոցների հաշվին, այլ առավելություններ ունեին: Հետեւաբար, որոշակի հատված առաջացավ, որի համար բանկերն առաջարկում էին ստանդարտ բանկային արտադրանքը: Իսկ մենք, հավատարիմ մնալով մեր քաղաքականությանը` կողմնորոշվելով ոչ թե ապրանքի, այլ հաճախորդի վրա, գնահատեցինք, որ հենց այդ հաճախորդներն են դուրս մնացել շուկայի ուշադրության դաշտից, եւ, օգտվելով մեր մրցունակային առավելություններից, ինչպես նաեւ ստեղծված հնարավորություններից, որոնք բանկի համար բացվեցին միջազգային շուկայում, որոշեցինք շեշտը դնել այդ հատվածի վրա եւ աննախադեպ ծառայություններ առաջարկել ինչպես վարկավորման ժամկետների, այնպես էլ տոկոսադրույքների նվազեցման եւ այլ պայմանների տեսակետից: Հուսով եմ, որ այդ առաջարկն իր տեղը կգտնի եւ հաճախորդները կզգան, որ գտնվում են բանկի ուշադրության կենտրոնում եւ կարեւոր են բանկի համար:

Դա բանկի կողմից մշակված ծառայությունների հիմնական մասն է, բացի այդ, մշակվել են նաեւ մի շարք ապրանքներ, որոնք չեն ներդրվել, քանի որ բանկային դաշտն այժմ գտնվում է զարգացման ընթացքում, ինչպես նաեւ այն խնդիրների պատճառով, որոնք կան երկրի ներսում: Այդ ուղղությամբ էլ մենք աշխատում ենք մեր կանոնակարգողի` Կենտրոնական բանկի եւ Ազգային Ժողովի հետ, ձեւավորելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտ, ինչը կապահովի նոր ինովացիոն արտադրանքի եւ ծառայությունների ներհոսք շուկայում: Տարին բավականաչափ հետաքրքիր էր բանկերի համատեքստում արվող նորարարությունների առումով, որոնց շնորհիվ բանկը կարողացավ ապահովել իր դիրքերը:

Ինչպիսի՞ն է բանկի քաղաքականությունը բաժանմունքների հարցում

Լինելով կորպորատիվ` Ամերիաբանկն տարբերվում է նաեւ իր բաժանմունքային քաղաքականության զարգացմամբ: Բանկը դիտարկում է ոչ թե բնակչության առկայութունն այս կան այն աշխարհագրական կետում եւ այնտեղ իր ներկայությունն ապահովելու անհրաժեշտությունը` ռիթեյլորի ծառայություններ տրամադրելու համար, այլ բաժանմունքների հարցում բանկի գաղափարախոսությունը, որը հիմնականում հաշվի է առնում կորպորատիվ հաճախորդների առկայությունը: Զարմանալի չէ, որ մեր առաջին բաժանմունքը Հայաստանում բացվեց Քաջարանում, քանի որ, նման խոշոր հաճախորդ ունենալով, ինչպիսին է, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, բանկը կջանա առավելապես մոտեցնել իր ծառայությունները կոմբինատին, քանի որ, ինչպես արդեն բազմիցս է ասել, բանկը կենտրոնանում է ոչ թե արտադրանքի, այլ այն բանի վրա, որ կողմնորոշված լինի հաճախորդի սպասարկման եւ նրան ծառայությունների ողջ շրջանակի տրամադրման վրա, ուստի բաժանմունքի բացումը կարեւոր էր մեզ համար: Միաժամանակ Երեւանում բացվեց նոր բաժանմունքը, որը գտնվում է բանկի հին գրասենյակի շենքում, իսկ մենք տեղափոխվեցինք նոր մասնաշենք: Այժմ մենք աշխատում ենք եւս երկու բաժանմուքների բացման ուղղությամբ, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել 2010թ. առաջին կիսամյակում: Բանկի քաղաքականության հիմքում հետեւյալ գաղափարախոսությունն է` առավելապես բավարարել հաճախորդների պահանջները այս կամ այն բանկային ծառայության հանդեպ` ստեղծելով գործընկերության մթնոլորտ: Մենք պատրաստ ենք քննարկել բաժանմունքի բացման հարցը ցանկացած կետում, եթե դա պայմանավորված է հաճախորդների առկայությամբ` բանկի ծառայությունները լավագույնս ներկայացնելու համար: Հատկանշական է նաեւ, որ բանկի մեկ այլ սկզբունքն է բարձր որակի եւ պայմանների ապահովումը անկախ այս կամ այն բաժանմունքի գտնվելու վայրից: Հաճախորդը, բանկ մտնելով, պետք է ունենա նույն հնարավորություններն ու նույն որակը, ինչ Երեւանում: Բանակցություններ են ընթանում երկրի հյուսիսում բաժանմունք բացելու մասին, քանի որ այնտեղ արդեն ձեւավորվել է հաճախորդների որոշակի զանգված, որոնք պահանջարկ են ներկայացնում բանկի գործունեության հանդեպ: Հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Կոտայքի մարզը` հաշվի առնելով նրա արդյունաբերական բնույթն ու կորպորատիվ պահանջները: Բացի այդ, ապահովելու համար բանկի հաճախորդների բոլոր պահանջները, Երեւանում եւս կբացվի նոր բաժանմունք:

Բանկի 2010 թվականի պլանները:

Ինչպես արդեն նշել եմ, մենք արդեն սկսել ենք վերակագնվող էներգիայի ֆինանսավորումը, կա ծրագիր, որն ուղղված է միջին բիզնեսի վարկավորմանը: Ես գտնում եմ, որ 2010թ. առավել հետաքրքիր կլինի ինտենսիվ գործունեության համար: Մենք լուրջ նախագիծ ենք մշակել շուրջ մի քանի տասնյակ միլիոն դոլարի ուղիղ ներդրումների գծով, այն գործնականում պատրաստ է եւ մենք շուտով կհայտարարենք դրա մասին: Հարկ է նշել, որ նախագիծը տարածաշրջանային բնույթ կունենա: Նախագծային աշխատանքներ են ընթանում մի քանի կենսաթոշակային հիմնադրամների եւ կենսաթոշակային համակարգերի, ինչպես նաեւ ներդրումային հիմնադրամների ուղղությամբ: Ճգնաժամի պայմաններում բանկն աշխատում է նաեւ կլանումների եւ միաձուլման ուղղությամբ` խորհրդատվություններ տրամադրելով նման գործարքների իրականացման համար ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, օգտագործելով իր համեմատական առավելությունը: Գտնում եմ, որ տարին հետաքրքիր կլինի իր անակնկալներով, որոնք այս պահին ես դեռեւս չեմ կարող ներկայացնել, սակայն դրանք ընթացքի մեջ են: 2010 թվականին մենք հավատարիմ կմնանք մեր գաղափարախոսությանը` ինովացիաներ առաջարկել շուկայում եւ չդոփել տեղում` ձգտելով առաջինը լինել բոլոր իմաստներով:

Դժվա՞ր է արդյոք կրել կորպորատիվ բանկի բեռը` կողմնորոշված լինելով ոչ թե արտադրանքի, այլ հաճախորդի հանդեպ, եւ հետեւել «առաջնորդության աքսիոմին»

Անշուշտ, դժվար է, քանի որ կան որոշակի կարծրատիպեր: Վերջին 10 տարում բանկային համակարգի հաճախորդների մոտ որոշակի կարծրատիպեր են ստեղծվել, մասնավորապես, երբ հաճախորդները հանդիպում են բանկի աշխատակիցների կամ բանկիրների հետ, նրանք միշտ տալիս են կարծրատիպերի վրա հիմնված հետեւյալ հասարակ հարցը` ի՞նչ տոկոսադրույքով եք վարկեր տրամադրում: Նման հարցը բնորոշ է արտադրանքի վրա կողմնորոշված բանկի համար, սակայն բոլորովին անհասկանալի է, եթե դու կողմնորոշված ես դեպի հաճախորդը, քանի որ յուրաքանչյուր հաճախորդ առանձին դեպք է, որը պետք է հետազոտել, հասկանալ, որի հանդեպ հարկավոր է ձեւավորել գործընկերային հարաբերություններ, եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել այս կամ այն ծառայության արժեքի մասին, որտեղ վարկային ծառայությունը բազմաթիվ ծառայություններից մեկն է միայն, եւ հետեւաբար, այդ փաթեթում դժվար է հստակ ասել, թե ինչ տոկոսադրույքով է տրվում վարկը: Ուստի դժվար է աշխատել ստեղծված կարծրատիպերի պայմաններում, դժվար է, քանի որ հաճախորդները դեռեւս դժվարությամբ են ընկալում նման հարաբերությունները, ապա դժվար է աշխատել հաճախորդների հետ, քանի որ աշխարհում լավագույնն է համարվում հետեւյալ կարգը, այն է` բանկի աշխատակիցը քո գործընկերն է, ոչ թե վաճառող, այս դեպքում դրամական միջոցների: Սակայն, մյուս կողմից, դա շատ հեշտ է, քանի որ դա նորարարություն է շուկայում եւ այն պահանջված է, եւ դա ակնհայտ երեւում է մեր հաճախորդների վերաբերմունքից, նրանց գնահատականից: Կցանկանայի նշել, որ բանկը մշտական հետազոտություններ է անցկացնում, եւ կարող եմ ասել, որ մեր բանկը գնահատում են ոչ թե տոկոսադրույքների, այլ ծառայությունների ամփոփ փաթեթի տրամադրման եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորման համար: Ըստ իս, դա չափազանց կարեւոր է, եւ մենք պետք է ամրապնդենք մեր այդ դիրքերը, քանի որ դա այն կարեւոր հատվածն է, որի վրա կառուցված է բանկի գաղափարախոսությունն ու ռազմավարությունը: Մենք կարող ենք հպարտանալ, քանի որ Accenture միջազգային կոնսալտինգային ընկերության անցկացրած «Փոփոխությունների ժամանակը. Բանկերի հաջողությունները` 2012թ. եւ հետագայում» գլոբալ հետազոտության արդյունքների համաձայն, այդ գաղափարախոսությունն ամեմաառաջադեմն ու հեռանկարայինն է ճանաչվել միջազգային բանկային շուկայում: (Հետազոտության ընթացքում համաշխարհային խոշորագույն բանկերի ներկայացուցիչներին եւ նրանց հաճախորդներին հարցեր էին տրվում այն մասին, թե ինչպես կփոխվի բանկային բիզնեսը ճգնաժամի արդյունքում): Բնականաբար, մենք ծանոթ չէինք նրանց կանխատեսումներին եւ չէինք կարող կանխատեսել նման արդյունքներ, սակայն ստացվում է, որ այսօր մենք առաջ ենք ընթանում ամենաարդիական թոփ-գաղափարախոսությանը համապատասխան: Դա վկայում է այն մասին, որ մեր ընտրած ճանապարհն ու ուղղությունները ճիշտ են եւ կապահովեն «առաջատարի աքսիոմը»:

Ի՞նչ կցանկանայիք հաճախորդներին, ինչպես նաեւ երկրի բանկային հատվածի բոլոր պոտենցիալ հաճախորդներին 2010 թվականին:

Մեր հաճախորդներին ես կցանկանայի ամենակարեւորը` որոշակիություն աշխատանքում եւ կյանքում, ինչի պակասը զգացվում է այսօր, ինչը խոչընդոտում է տնտեսության վերականգնմանը, քանի որ հենց անորոշության մակարդակը ճգնաժամի պայմաններում պատճառ հանդիսացավ, որ ամենամեծ գաղափարներն ու նախագծերն այսօր հետաձգվեն ոչ թե նրա համար, ոչ չեն կարող իրականացվել, այլ այն պատճառով, որ չափազանց բարդ է կանխատեսել միջավայրի փոփոխությունները: Ես կարծում եմ, որ դա լավագույն մաղթանքը կլինի մեր հաճախորդներին: Իսկ մեր պոտենցիալ հաճախորդներին ես կմաղթեմ, որպեսզի նրանք առավել պահանջկոտ լինեն, հասկանան, որ արժանի են ավելի լավ, լուրջ ծառայությունների, քանի որ, ի վիճակի լինելով աշխատել, գոյատեւել եւ զարգանալ այն պայմաններում, որոնք այսօր առկա են Հայաստանում, նրանք արժանի են առավել լավ, ճիշտ վերաբերմունքի: Ես գտնում եմ, որ մեր հաճախորդները պետք է առավել բարձր մակարդակով ներկայացնեն այդ պահանջները, ինչը հնարավորություն կտա զարգանալ նաեւ մեզ, քանի որ միայն համագործակցության շրջանակներում է հնարավոր զարգացումը:
Կցանկանայի նաեւ հաջողություն մաղթել: Ես կարծում եմ, որ հենց հաջողություններն են չափազանց կարեւոր, քանի որ նրանք ոգեւորում են, եւ մարդիկ հետեւում են հաջողություններին:

Եվ վերջում, ըստ մեր բանկում ընդունված ավանդույթների, ցանկանում եմ մաղթել մեր հաճախորդներին եւ ոչ միայն նրանց, որպեսզի նրանք երազանք ունենան, քանի որ հենց երազանքն է առաջ մղում մարդկանց: Իսկ մենք կաշխատենք այդ գործընթացում անել այնպես, որ մեր երազանքները համընկնեն եւ մենք կարողանանք միասին ձեռք ձեռքի տված առաջ ընթանալ:
---