Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել արդյունաբերական ոլորտի պոտենցիալի ուսումնասիրությանը

Հայկ Միրզոյան.

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել արդյունաբերական ոլորտի պոտենցիալի ուսումնասիրությանը

PanARMENIAN.Net - 2010-ի հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որի գլխավոր նպատակներից է բարենպաստ միջավայրի ստեղծումը, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը` որպես ինդուստրիալ ուղղվածություն ունեցող պետություն, ՀՆԱ կազմում արդյունաբերության բաժինը մեծացնելու միջոցով: Այն մասին, որ այս հայեցակարգը մեծ գործընթացի սկիզբ է, PanARMENIAN.Net-ի թղթկցի հետ հարցազրույցում պատմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:
Ինչպիսի՞ հիմնական ուղղություններ են նախատեսված կառավարության կողմից 2010-ին հաստատված արդյունաբերության զարգացման հայեցակարգով:
ՀՀ կառավարության կողմից հաստատված արդյունաբերական արտադրության զարգացման հայեցակարգը փաստաթուղթ է, որով կառավարությունը հայտարարում է այդ ոլորտում աշխատանքի մեկնարկի մասին: Փաստաթղթում արձանագրված են զարգացման հիմնական ուղղությունները և այդ ոլորտի խնդիրները: Հատուկ տեղ է հատկացվում դիվեսիֆիկացիային և միկրոմակարդակում հետազոտություններ անցկացնելուն, արտահանման ծավալները մեծացնելուն, փաստաթղթում նշված են ֆինանսական աջակցություն ցուցաբերելու գործիքները. բոլոր այն հիմնական ուղղությունները, որոնք խթանելու են արդյունաբերության ոլորտը: Պետք է նշել, որ հիմնադրույթի հիմքում ընկած հիմնական ուղղությունները և խնդիրները մշակվել են մասնավոր հատվածի ամենօրյա աշխատանքի հիման վրա: Բացի դրանից, հայեցակարգի ուղղություններից յուրաքանչյուրն, առանձին վերցրած, պահանջում է հսկայական ջանքեր:

Պատմեք հայեցակարգի հիմքում ընկած արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունների մասին:
Առաջին փուլում մենք նախատեսում ենք հետազոտություններ անցկացնել միկրոմակարդակում, այսինքն ձեռնարկությունների մակարդակում: Իհարկե կա պաշտոնական վիճակագրություն, բայց այն թույլ չի տալիս երևան հանել գոյություն ունեցող խնդիրները և որոշել առանձին տնտեսվարող սուբյեկտի պահանջմունքները: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք ներմուծել տվյալների հավաքման և մշակման համակարգ մանրամասն վերլուծությամբ: Թեթև արդյունաբերության օրինակի վրա կարող եմ նշել, որ մենք մշակել ենք կոնկրետ միջոցառումների ծրագիր այդ ճյուղի հիմնական խնդիրները լուծելու համար, և հսկայական ցանկություն կա ավարտել այդ վերլուծությունը մինչև տարեվերջ: Դա թույլ կտա երևան հանել այդ ոլորտում գոյություն ունեցող պոտենցիալը, մասնավորապես առաջնային արտադրանքի բացահայտումը, որը մրցունակ է լինելու արտաքին շուկայում, քանի որ ամբողջ ճյուղին աջակցելը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում:

Ինչ վերաբերվում է ֆինանսավորման հարցին, ապա ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված Օպերատիվ շտաբը քննարկում է այս կամ այն ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները, իսկ հաստատված ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է “ՓՄԲ- Ներդրումներ” ՈւՎԿ-ն: Այդ գործընթացում ներգրավված են նաև առևտրային բանկերը, որոնք այդ բիզնեսի անբաժան մասն են: Ֆինանսավորման առումով մենք սահմանափակումներ չունենք. Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ տեղական կազմակերպությունների կողմից, մենք բաց ենք ցանկացած տեսակի համագործակցության համար:

Մեկ այլ ուղղություն է արտահանման ծավալների մեծացումը, նոր շուկաների որոնումը: Ինչպես արդեն նշել ենք, յուրաքանչյուր ուղղություն պահանջում է հսկայան ջանքեր, միջոցներ և հնարավորություններ, ուստի մենք փորձում ենք ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին: Մասնավոր հատվածի մասնակցության դեպքում անցկացվելու են հետազոտություններ մասնագիտացված ընկերություն ստեղծելու նպատակով, որը հայկական արտադրանքը ներկայացնելու է արտաքին շուկայում: Այդ ընկերությունը զբաղվելու է մարքեթինգային հարցերի լուծմամբ: Այդ առումով առաջնային հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի շուկան:

Ենթադրվում է նաև բարեփոխումների իրականացում օրենսդրական դաշտում: Այն ընկերությունները, որոնք ներկրում են ժամանակակից սարքավորումներ, պարբերաբար առաջանում են խնդիրներ` կապված պայմանագրի ժամկետների երկարացման հետ: Մենք նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա համաձայնեցնել այդ ժամկետները պայմանագրում նշված ժամկետների հետ:

Շահագրգռվա՞ծ են արդյոք արտասահմանյան ներդրողները Հայաստանի արդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում և ներկայացվե՞լ են արդեն հայտեր համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Շահագրգռվածություն հանդես են բերում ԵՄ շատ երկրներ, և վերջին առաջարկը վերաբերվել է Հայաստանում հեռուստացույցների արտադրությանը: Տվյալ պահին բանակցություններ են ընթանում շահագրգիռ կողմերի հետ, որոնք նույնպես համաձայնեցվում են մեզ հետ, իսկ արդյունքների մասին հայտարարվելու է ավելի ուշ: Կան շատ բիզնես-ծրագրեր, որոնց իրագործման վրա մենք ակտիվ աշխատում ենք և աջակցություն ենք ցուցաբերում: Կա շատ հետաքրքիր ծրագիր Գյումրիի տեխնոպարկի շրջանակներում դիզայներական կենտրոն բացելու վերաբերյալ: 2009-ի հոկտեմբերին Հայաստան էին ժամանալ իտալացի մասնագետներ, որոնք ուսումնասիրեցին այս տարածաշրջանի հնարավորություններն իրենց հագուստի մոդելավորման և ոսկերչական զարդերի դիզայներական դպրոցի մասնաճյուղ բացելու համար: Այցի արդյունքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն կազմակերպել առաջին փուլում երկու վարպետության դասեր, որոնց արդյունքում վերջնական որոշում է ընդունվելու դպրոցի ստեղծման մասին:

Մշակվում է արդյունաբերական պարկ ստեղծելու ծրագիր, որն ուղղված է լինելու նաև թեթև արդյունաբերության զարգացմանը: Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու հայկական գորգերի արտադրությանը, ընդ որում այդ քայլը կարող է լուծել ավելի շատ սոցիալ-մշակութային հարցեր, քան տնտեսական: 2009-ին ՀՀ կառավարության որոշմամբ այդ ոլորտն ազատվել է հարկերից, բայց մինչև հիմա չի կարելի ասել, որ այս ոլորտում աճ է արձանագրվել:

Պետք է նշել, որ հիմնադրույթում հատուկ տեղ է հատկացվում այնպիսի փոխհարաբերությունների խորացմանը և ընդլայմանը, ինչպիսիք են գիտություն-արտադրությունը, որտեղ պետությունը կապող օղակ է: Գիտական հետազոտություններ են անցկացվելու, տնտեսության մանրամասները հաշվի առնելով և ելնելով արտադրողի նպատակային հարցումներին` այսպիսով ապահովելով տվյալ հետազոտությունների պահանջարկը:

Քանի՞ տարի է անհրաժեշտ մեր արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու համար:
Դրական քայլեր կան արդեն հիմա. Հայեցակարգի ընդունումը դրական քայլ է, մեկ ձեռնարկությանն աջակցելը դրական քայլ է, կառավարության կողմից բիզնես-միջավայրի լավացմանն ուղղված միջոցառումները դրական քայլ են. Բոլոր այս ուղղությունները խթանում են արդյունաբերության զարգացումը: Այս առումով մենք աշխատանքը վաղվան չենք թողնում, մենք դեռ երեկ ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են

Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ