Լեշեկ Բալցերովիչ.

Հայաստանի տնտեսությունը պետք է խուսափի «մեծ բումերից»

PanARMENIAN.Net - «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 1989-1991թթ. Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի ազգային բանկի նախկին նախագահ, լեհական տնտեսական բարեփոխումների գաղափարախոս, պրոֆեսոր Լեշեկ Բալցերովիչը: PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում Լեշեկ Բալցերովիչը պատմել է Հայաստանում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու մեթոդների, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին:
Դուք մասնակցել եք «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ փորձով Լեհաստանը կարող է կիսվել Հայաստանի հետ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու ոլորտում:
Կարծում եմ, որ տնտեսական քաղաքականությունը նման է բժշկության: Եթե որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Մերձբալթիայի երկրներում կամ Հայաստանում, նկատվում է ազգային եկամուտի անկում, ապա դա բացատրվում է ոչ միայն արտաքին ճգնաժամի հետևանքներով, այլ նաև տնային բումի հետևանքներով: Շատ հաճելի է, երբ այդ բումը կա և շարունակվում է, բայց երբ այն վերանում է, տհաճ է: Դրանից մեկ ելք կա. պետք է խուսափել մեծ բումից: Հայաստանում մեծ բում եղել է շինարարության ոլորտում, որտեղ ներդրումները կատարվել են հիմնականում արտաքին միջոցների հաշվին: Բայց պետք է հաշվի առնել, որ երբ ինչ-որ բան շատ արագ տեմպով է աճում, ապա արագ էլ անկում է ապրում: Պետք է զգուշություն հանդես բերել մակրոտնտեսական քաղաքականության մեջ: Դա շատ կարևոր է տնտեսական աճի տեսանկյունից: Հետևությունը համապարփակ է: Շատ կարևոր է, երբ կա մասնավոր հատված, բայց այն լավ է աշխատում, երբ կա մրցակցություն, հատկապես փոքր երկրում: Մասնավոր հատվածը լավ չի աշխատի, եթե մրցակցություն չկա: Մրցակցությունը նման փոքր երկրներում գալիս է արտաքին առևտրից, հատկապես` արտահանումից, բայց պետք է հաշվի առնել, որ ամենավտանգավոր մենատիրությունը գոյություն ունի հենց արտահանման ոլորտում:

Լավ է, որ Հայաստանում հարկերը բարձր չեն: Ավելի լավ է կողմնակից լինել նրան, որպեսզի հարկերն արդար բաշխվեն: Պետք է, որպեսզի բոլոըր ցածր հարկեր վճարեն:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը: Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներում կարող են արդյունավետ համագործակցել մեր երկրները:
Առևտրի աճի տեմպերը կախված են գործընկերների տնտեսական աճից: Եթե Հայաստանում տնտեսական աճը շարունակվի, ապա համագործակցության համար պոտենցիալ կստեղծվի: Բայց շատ կարևոր է ձեռնարկատերերի միջև կապերի հաստատումը, այլ ոչ թե միայն նախարարների: Ես երբեք չեմ ասում, թե որ ոլորտներում մեր երկրները պետք է համագործակցեն, քանի որ կարծում եմ, որ պլանավորումը չի աշխատում: Պետք է ուղղակի մեր ձեռնարկատերերի առաջ նոր հնարավորություններ բացել:

Ի՞նչ կարող եք ասել Երևանի և Վարշավայի միջև քաղաքական երկխոսության մասին:
Ես նախկին քաղաքական գործիչ եմ: Ես չեմ ներկայացնում կուսակցություն կամ պետական մարմին: Կարծում եմ, որ Հայաստանի և Լեհաստանի միջև պատմական կապ կա: Լեհաստանում մեծ համակրանք կա Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Դա արդեն լավ պոտենցիալ է պետությունների միջև կապերի զարգացման համար:

Ինչպե՞ս եք վերաբերվում Լեհաստանի նախաձեռնած «Արևելյան գործընկերություն» նախագծին: Ըստ ձեզ, որքանո՞վ է արդյունավետ այս նախաձեռնությունը ԵՄ-ին և եվրոպական արժեքներին Հայաստանի մերձեցման տեսակետից:

Հայաստանի և նախաձեռնության այլ մասնակիցների տեսանկյունից, շատ կարևոր է հնարավորինս արագ համաձայնագիր ստորագրել ազատ առևտրի ոլորտում: Դա կախված է ինչպես տնտեսական հանրությունից, իսկ այստեղ Լեհաստանը մեծ դեր է խաղում, այնպես էլ բարեփոխումների իրագործման տեմպից, որոնք հանգեցնելու են այդ պայմանագրի կնքմանը: Դժվար է գերագնահատել եվրոպական շուկա մտնելու նշանակությունը, ուստի, կարծում եմ, որ արժե իրագործել այդ բարեփոխումները: Բարեփոխումները զոհ չեն: Դրանք կարող են զոհ լինել որոշ քաղաքական գործիչների, բայց ոչ մարդկանց համար: Ես, իհարկե, նկատի չունեմ Հայաստանը:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
---