Քերոբյան․ Ամեն ինչ անում ենք ՌԴ հարցով պատժամիջոցների տակ չհայտնվելու համար

Քերոբյան․ Ամեն ինչ անում ենք ՌԴ հարցով պատժամիջոցների տակ չհայտնվելու համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, չէր բացառել, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ԵԱՏՄ անդամ Ղրղըզստանի դեմ՝ Եվրոպայից և Ասիայից պատժամիջոցների ցանկերի ապրանքներ Ռուսաստան վերաարտահանելու համար։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անի նույն տնտեսական գոտու անդամ Հայաստանը պատժամիջոցների տակ չհայտնվելու համար, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է՝ ամեն ինչ անում են այդ ուղղությամբ, նման վտանգ չկա, հայտնում է «Ազատությունը»։

«Կառավարությունը հայտարարել է, որ չնայած չի միանում սանկցիաներին, այնուամենայնիվ ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ընկերությունները երկրորդային սանկցիաների տակ չընկնեն, և այդ ուղղությամբ մենք բազմաթիվ որոշումներ՝ երևացող և չերևացող, կայացնում ենք, օգնում ենք մեր տնտեսվարողներին՝ չշրջանցել սանկցիաները», - ասել է Քերոբյանը։

Նախարարը հիշեցրել է, որ կան նաև որոշակի խմբի ապրանքատեսակներ, որոնց արտահանումը Ռուսաստան միայն հատուկ վերահսկողությամբ է իրականացվում։ Խոսքն անցյալ ամիս ընդունված կառավարության որոշումների մասին է, որոնցով խստացվեց մի շարք, այդ թվում՝ չիպերի, տրանսֆորմատորների և տեսախցիկների արտահանումն ու տարանցիկ փոխադրումը։

«Այդպիսով մենք, ըստ էության, նաև ցեմենտել ենք մեր արտահանման սահմաններն այնպես, որպեսզի թույլ չտանք, որ որևիցե ընկերություն ընկնի այդ ռիսկի տակ», - ասել է նախարարը։

Հայաստանից Ռուսաստան արտահանվող ավտոմեքենաների շեշտակի աճը գրավել էր բրիտանական Financial Times-ի ուշադրությունը, հոդվածի հեղինակները գրել էին, որ ընդամենը մեկ տարում Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալները աճել են ավելի քան 200 անգամ։

ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստան արտահանվող մեքենաներից շատերը պատժամիջոցների ցանկում չեն և, ըստ նրա, ճիշտ չէ արտահանման ծավալները ներկայացնել պատժամիջոցների շրջանցման լույսի ներքո։

«Ձեր կվայակոչած լրատվական միջոցն ի սկզբանե դիմել էր մեզ, մենք պատասխանը տվել ենք, բայց իրենց հրապարակման մեջ մեր պատասխանը կա՛մ մեր թվերը, կա՛մ մեր մեկնաբանությունները ներկայացված չեն», - ասել է ՊԵԿ ղեկավարը։

Բադասյանը հիշեցրել է, որ 2019-ին ևս մեծ ծավալի ավտոմեքենաների արտահանում է եղել Ռուսաստան և դրա գլխավոր պատճառը Հայաստանի ավելի բարենպաստ մաքսազերծման հնարարավորություներն էին։

Չնայած կառավարության անդմաների այս վստահեցումներին՝ Եվրամիությունից ու ԱՄՆ-ից պարբերաբար զգուշացումներ են հնչում Հայաստանին՝ հորդորելով չաջակցել Կրեմլին և այնտեղ չհասցնել արգելված ապրանքներ, ընդ որում Արմուտքը մատնացույց է անում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների շեշտակի աճը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---