Վարշավայի ֆոնդային բորսան բաց է հայ ներդրողների համար

PanARMENIAN.Net - Վարշավայի ֆոնդային բորսան բաց է հայ ներդրողների համար, Երեւանում լրագրողներին է հայտարարել Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ Լյուդվիգ Սոբոլեվսկին: «Մեզ համար շատ հետաքրքրական են արեւելյան շուկաները եւ դա լավ հնարավորություն է հայ ներդրողների համար, եթե մենք կարողանանք համագործակցել»,-ասել է նա: Նրա խոսքերով, արդեն որոշակի շահագրգռվածություն կա Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի կողմից եւ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի կողմից եւս նման շահագրգռվածություն նկատվեր:



«Ներկայացնելով «Վարշավայի ֆոնդային բորսան խոշոր հարթակ է Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի համար» թեմայով զեկույցը, Սոբոլեվսկին նշել է, որ Վարշավայի ֆոնդային բորսայի կարեւորագույն առավելություններից մեկն այն է, որ նրան անդամակցելու ծախսերը զգալիորեն քիչ են, քան Լոնդոնի բորսայում: Բացի այդ, պարտադիր չէ մեկնել Անգլիա եւ մասնակցել Լոնդոնի ֆոնդային բորսային, քանի որ շատ միջազգային ընկերություններ նաեւ Վարշավայի ֆոնդային բորսայի մասնակիցներ են: «Մեր բորսայի մասնակիցներն են 26 երկրների տարբեր մասշտաբների ընկերություններ, որոնց թվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Էստոնիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն»,-նշել է Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահը:



Ինչպես ասել է Սոբոլեվսկին, Վարշավայի ֆոնդային բորսան ստեղծվել է 1991թ. 5 ընկերություններով, իսկ այսօրվա դրությամբ նրա մասնակիցներն են շուրջ 400 ընկերություններ:



«Արարատբանկի» նախաձեռնությամբ «Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացումներն ու հեռանկարներն ու Հայաստանը» թեմայով քննարկմանը հրավիրվել էր Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ Լյուդվիգ Սոբոլեվսկին:



«Արարատբանկի» կազմակերպած աշխատանքային հանդիպմանը մասնակցել են բանկի գործընկերներն ու հաճախորդները, ինչպես նաեւ հայկական ներդրումային ընկերությունները, արտահանողները եւ բոլոր շահագրգիռ հաստատությունները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---