17 երկրների մրցակցային մարմինների ներկայացուցիչներ կմասնակցեն Երևանում կայանալիք սեմինարին

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ընդունել է Հունգարիայի մրցակցության մարմնի գլխավոր քարտուղար Անդրեա Բելենիին և գլխավոր խորհրդական Էմեշե Բորզային` Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հայաստանում արտագնա միջազգային սեմինարի կազմակերպման հարցերի և թեմայի քննարկման նպատակով:

Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնն ամեն տարի տարբեր երկրների մրցակցային մարմինների մասնագետների համար Բուդապեշտում իրականացնում է սեմինարներ: Առաջիկա միջազգային սեմինարը հունիսի վերջին լինելու է արտագնա և կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանում, որին նախնական տվյալներով, կմասնակցեն 17 երկրների մրցակցային մարմինների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ (մոտ 40 մարդ): Ողջունելով կենտրոնի նախաձեռնությունը, Ա. Շաբոյանն իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը հայտնեց միջոցառումը լավագույնս կազմակերպելու հարցում աջակցության համար:

Անդրեա Բելենիի ներկայացմամբ, Հայաստանում անցկացվելիք սեմինարի թեման գերիշխող դիրքի չարաշահումն է, որը կընդգրկի ոչ միայն տեսական հարցեր, այլ նաև կքննարկի կոնկրետ գործեր: «Թեման շատ արդիական է Հայաստանի համար. ներկայումս ՀԲ փորձագետի հետ մենք աշխատում ենք մեր օրենսդրության բարեփոխման վրա և շատ օգտակար կլինի միջազգային փորձի ուսումնասիրությունը»,- նշեց Ա. Շաբոյանը, ավելացնելով. «Մենք կցանկանայինք առավել գործնական խնդիրների և օրինակների քննարկում, ինչպես նաև առավել շատ տեղեկատվություն»:

Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (Budapest RRC) հիմնադրվել է 2005 թվականին` Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության և Հունգարիայի մրցակցության մարմնի ջանքերով: Կենտրոնի նպատակն է միջին, արեւելյան եւ հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանում խթանել մրցակցության օրենքը և քաղաքականությունը: Կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ և համաժողովներ փորձագետների, պետական պաշտոնյանների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ այլ մասնագիտացված խմբերի միջև, իրականացվում ուսուցման, տեխնիկական աջակցության, համագործակցության ծրագրեր և այլն: Հանձնաժողովի մասնագետները պարբերաբար մասնակցում են Բուդապեշտում կազմակերպվող սեմինարներին և հանդիպումներին, հայտնում է հանրության հետ կապերի գրասենյակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---