Հայաստանում նախատեսվում է շարժական գույքի կադաստր ստեղծել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունիսի 8-ին ընդունեց Սլովակիայի Հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գերատեսչության պատվիրակությանը` գերատեսչության նախագահ Ստեֆան Մոյզեսի ղեկավարությամբ:

Ինչպես հաղորդում է ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, պատվիրակությունը Հայաստանում է ճանաչողական այցով: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:

ՀՀ փոխվարչապետը նշեց, որ անշարժ գույքի կադաստրի համակարգը Հայաստանում առանցքային կառույցներից է համարվում` և որպես անշարժ գույքի բազա, և որպես սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք: Նրա խոսքով, հատկապես մարզեր այցելությունների ժամանակ ակնառու է լինում անշարժ գույքի` մասնավորապես հողի հարկի, գույքահարկի ճշգրիտ բազաներ ունենալու առավելությունը: ՀՀ փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի կադաստրային համակարգում բարեփոխումներ են նախատեսվում` համակարգի ավտոմատացման, գրանցման նոր մեթոդների կիրառման եղանակով, ծրագրվում է ստեղծել շարժական գույքի կադաստր, և այս բոլոր նախաձեռնություններում սլովակ գործընկերների փորձն ուսանելի կլինի:

Արմեն Գևորգյանը հույս հայտնեց, որ Հայաստան կատարած այս ճանաչողական այցը երկուստեք արդյունավետ կլինի և հնարավորություններ կստեղծի հետագա համագործակցության համար:

Սլովակիայի Հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գերատեսչության պատվիրակության ներկայացուցիչները փոխվարչապետին ներկայացրեցին Սլովակիայի կադաստրային համակարգը, իրականացվող ծրագրերը: Տեղեկացրեցին, որ համակարգի ավտոմատացումը իրենց երկրում նույպես առաջնահերթություն է համարվում`չնայած ինտերնետի միջոցով հասանելի են երկրի յուրաքանչյուր քաղաքացու անշարժ գույքի մասին բազային տվյալները:

Պատվիրակության անդամները տեղեկացրեցին, որ այս այցելության ընթացքում հնարավորություն են ունեցել ուսումնասիրել Հայաստանի կադաստրային համակարգը և նպատակ ունեն ուսումնասիրությունների արդյունքում համեմատություններ անել երկու երկրների նույն համակարգերի միջև, դրական փորձը կիրառել իրենց երկրում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---