Սերժ Սարգսյան. «Տաթևի վերածնունդ» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է

Սերժ Սարգսյան. «Տաթևի վերածնունդ» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է

PanARMENIAN.Net - Աշխարհում ամենաերկար ճոպանուղու շինարարությունը բարի գործ է, որը նոր հմայք է հաղորդում Որոտանի կիրճին, իսկ այս տեղ այցելող զբոսաշրջիկներն իրենց հետ տանելու են անմոռաց հիշողություններ, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ճոպանուղու շինարարությամբ մենք նպատակ չունեինք զարմացնել ինչ –որ մեկին, բայց սա բացառիկ նշանակություն ունի Տաթևի և մերձակա տարածքների համար»,- ասել է նախագահը:

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: Ճոպանուղու առաջին ուղևորները դարձան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և մերձակա գյուղերի 7 երեխաներ: Միջոցառումը Տաթև է բերել հարյուրավոր հյուրերի աշխարհի տարբեր երկրներից, որոնցից շատերը ծրագրի բարերարներն են: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով:

«Տաթևի թևեր» անունը կրող ճարտարագիտական այս հրաշքը, որը 5.7 կմ ձգվում է Որոտան գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները ճիշտ այնպես, ինչպես «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կամրջում է Տաթևի անցյալի ժառանգությունը շրջանի խոստումնալից ապագայի հետ:

ՀՀ նախագահի խոսքերով, «Տաթևի վերածնունդը» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է: Միաժամանակ Սերժ Սարգսյանը նշելէ , որ այս նախագիծը պետություն-մասնավոր հատված համագործակցության մեծ նախաձեռնությունն է, որն այսօր իրագործվում է ՀՀ-ում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---