2011 թ. Հայաստանի տրանսպորտի ոլորտում կիրականացվի 36,6 մլրդ դրամի 14 ծրագիր

2011 թ. Հայաստանի տրանսպորտի ոլորտում կիրականացվի 36,6 մլրդ դրամի 14 ծրագիր

PanARMENIAN.Net - 2011թ. ՀՀ տրանսպորտի նախարարությունը մտադիր է 15 միջոցառում իրականացնել 2010 թվականի 8-ի դիմաց, որոնցից 7-ը՝ տրանսպորտի ոլորտում, 8-ը՝ կապի ոլորտում: Այդ մասին հունվարի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է նախարար Մանուկ Վարդանյանը: «Պետբյուջեի միջոցներով 2011թ. կիրականացվի 36,6 մլրդ դրամի 14 ծրագիր»,-ասել է նա: Մասնավորապես, ըստ նրա, պետբյուջեի և ներգրավված միջոցներով լիովին կվերականգնվեն 249 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ և 6 կամուրջներ, ինչպես նաև կկատարվի 5,5 մլրդ դրամի ճանապարհների պահպանման ու շահագործման աշխատանք:

Մանուկ Վարդանյանը հայտնել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կիրականացվի 33,5 կմ երկարությամբ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիր, որի համար կպահանջվի 3,1 մլրդ դրամ: Պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման ծրագրով կվերականգնվի 3,5 մլրդ դրամի արժողությամբ 31,3 կմ ճանապարհ: Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրով կհատկացվի 0,18 մլրդ դրամ կամուրջների նորոգման համար: ՀԲ-ի աջակցությամբ կիրականացվի 140 կմ կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը՝ 12,4 մլրդ դրամ արժողությամբ: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կիրականացվի 10,6 մլրդ դրամի աշխատանք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի շրջանակներում:

Ներկայացնելով 2011թ. ծրագրերը, նախարարը նշել է, որ ավտոմոբիլային ճանապարհների կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դրանց անօրինական միջամտությունների բացառման նպատակով կառավարություն կներկայացվի «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կշարունակվեն նաև ճանապարհների անձնագրավորման, երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքները, ինչպես նաև նախագծային աշխատանքների և տեխնիկական վերահսկողության, արգելափակոցների և ճանապարհային նշանների ապահովագրման գործընթացը: Մանուկ Վարդանյանը հավելեց նաև, որ կստեղծվեն օրենսդրական հիմքեր կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումների կանոնակարգման համար, փոփոխություններ կկատարվեն մի շարք օրենքներում, ինչը թույլ կտա ավելացնել հարկերի մուտքը բյուջե:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---