7  20.09.17 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին Նյու Յորքում

ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները

ՀՀ-ն 2018-ի գարնանը կչեղարկի հայ-թուրքական  արձանագրությունները

PanARMENIAN.Net - Հայաստանն 2018 թվականի գարնանը կչեղարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Այս մասին ասել է աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում՝ հավելելով, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար:

Նա շեշտել է, որ հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

«Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը:

«Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

Հայաստանը, նախագահի խոսքով, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---