Ընտրություն՝ ճահճացման եւ փոփոխությունների միջեւ

Մասիս Մայիլյան.

Ընտրություն՝ ճահճացման եւ փոփոխությունների միջեւ

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Արցախի նախագահի պաշտոնին իրենց թեկնածություններն են առաջադրել Բակո Սահակյանը (ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական), Վիտալի Բալասանյանը (Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական), Վալերի Խաչատրյանը (թոշակառու, անկուսակցական) և Արկադի Սողոմոնյանը (Երևանի ագրարային ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղի պրոռեկտոր, անկուսակցական): Արցախում նախընտրական իրավիճակի, թեկնածուների ծրագրերի և ընտրություններից ակնկալիքների մասին պատմել է ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Պարոն Մայիլյան, թեեւ շատերն էին սպասում, բայց այս անգամ Դուք չառաջադրեցիք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Ինչու՞։
Իրոք, մեր շատ համաքաղաքացիներ ակնկալում էին իմ թեկնածության առաջադրումը: Ես երախտապարտ եմ նրանց իմ հանդեպ տածած վստահության եւ ինձ աջակցելու պատրաստակամության համար: Բայց այսքան լուրջ որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր մի շարք գործոնների առկայություն: Նախ՝ արտահայտված հասարակական պահանջարկի եւ այլ ներքաղաքական հանգամանքների, ապա նաեւ՝ բարենպաստ արտաքին պայմանների առկայությունը: Առկա նախադրյալները, մասնավորապես, արտաքին պայմանների մասով, անբավարար էին:

Ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակն Արցախում:
Եթե համեմատենք այս ընտրարշավը 2007 թ. իրավիճակի հետ, ապա այս անգամ իշխանություններին չի հաջողվի իրականացնել «Միասնական թեկնածու» գործողությունը եւ կանխորոշել ընտրությունների արդյունքները: Նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուին աջակցած կուսակցությունների մի մասն այս անգամ չեզոքություն կդրսեւորի կամ կպաշտպանի ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանի թեկնածությունը: Ակնհայտ է, որ քաղաքական պայքարն ընթանալու է գործող նախագահի եւ Բալասանյանի միջեւ: Այն, որ նախագահական ընտրությունները կանցնեն այլընտրանքային հիմունքներով, դրականորեն կանդրադառնա ԼՂՀ միջազգային վարկանիշի վրա: Ստեղծված իրավիճակը հարուցում է լուրջ հետաքրքրություն մեր տարածաշրջանի հարցերով զբաղվող օտարերկրյա փորձագետների շրջանում: Նրանցից ոմանք ընտրությունների ընթացքին տեղում հետեւելու ցանկություն են հայտնել:

Չեն դադարում խոսակցությունները, որ Վիտալի Բալասանյանի առաջադրումը համաձայնեցված էր իշխանությունների հետ:
Ընթացիկ տարվա մայիս ամսին Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ իմ եւ նրա միջեւ հանդիպում է կայացել, որի ժամանակ մենք մանրակրկիտ կերպով քննարկել ենք նրա առաջադրման դրդապատճառները, երկրում տիրող դրությունը եւ ներքին իրավիճակի առողջացմանն ուղղված հնարավոր քայլերը: Ես չեմ կասկածում Վիտալի Բալասանյանի մտադրությունների անկեղծությանը: Դրա մասին են վկայում նաեւ նախագահության թեկնածուի կարգավիճակում նրա կատարած առաջին հրապարակային քայլերը: Համոզված եմ, որ քարոզարշավի ժամանակ բոլոր կասկածները հօդս կցնդեն:

Ի՞նչ եք ակնկալում կայանալիք ընտրություններից:
Նախ եւ առաջ՝ ակնկալում եմ ԼՂՀ քաղաքացիների առջեւ ԼՂՀ գործող նախագահի հաշվետվությունը՝ պաշտոնավարման անցած հինգ տարիների աշխատանքի վերաբերյալ: Այլընտրանքային թեկնածուի առաջադրումը պայմաններ է ստեղծել, որպեսզի Արցախի հասարակությունը ոչ միայն լսի իշխանությունների հաշվետվությունը, այլեւ իմանա, թե ինչպե՞ս են գնահատում իշխանությունների աշխատանքը Վիտալի Բալասանյանը եւ ԼՂՀ մյուս քաղաքական եւ հասարակական գործիչները, նաեւ թե ինչպիսի՞ նոր գաղափարներ եւ ծրագրեր է առաջարկում այլընտրանքային թեկնածու Բալասանյանը: Նախագահի՝ ընտրողներին հաշվետու լինելը՝ մեր երկրի ժողովրդավարական զարգացման ապահովման կարեւոր մեխանիզմն է: Ընտրարշավի ընթացքում քաղաքական մշակույթի այս բաղադրիչը մեզ մոտ պետք է արմատավորվի:

Բացի դրանից, ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները մեզ հնարավորություն են ընձեռում բարձրացնել երկրի վարկանիշը քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների սանդղակում: Հայտնի է, որ 2010 թ. խորհրդարանական ընտրություններից հետո «Ֆրիդոմ հաուս» միջազգային կազմակերպության գնահատմամբ ԼՂՀ-ն դասվել է «անազատ երկրների» շարքը եւ ժողովրդավարական զարգացման տեսանկյունից հավասարվել է Ադրբեջանին: Ակնկալում եմ, որ իշխանությունները եւ իշխանամետ քաղաքական ուժերը կդրսեւորեն իսկական հայրենասիրություն եւ օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով կուղղեն նախկինում թույլ տված սխալները: Հարկ է գիտակցել, որ ժողովրդավարության ամրապնդմամբ ապահովվող արժանապատիվ կյանքը նախեւառաջ անհրաժեշտ է հենց Արցախի քաղաքացիներին: Միաժամանակ, Արցախի ժողովրդավարական վարկանիշը նպաստելու է արտաքին քաղաքական գլխավոր խնդրի լուծմանը՝ ԼՂՀ միջազգային ճանաչմանը:

Վիտալի Բալասանյանի հաղթանակի դեպքում ես ակնկալում եմ իրական բարեփոխումների անցկացում, որոնք կապահովեն տնտեսության հարատեւ աճը, սոցիալական խնդիրների լուծումը, բոլոր տարածքների վերաբնակեցումն ու համաչափ զարգացումը, մեր Զինված ուժերի պաշտպանունակության բարձրացումը, արտերկրում Արցախի շահերին ակտիվորեն հետամուտ լինելը, մեր հասարակության մեջ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծումը:

Վիտալի Բալասանյանի առաջադրումն արդեն իսկ կարելի է փոքր հաղթանակ համարել. ընտրությունների ցանկացած ելքի դեպքում մեր երկիրը շահում է, քանզի ընտրություններից հետո Ազգային ժողովում բացակայող ընդդիմադիր բեւեռն այս կամ այն կերպ ձեւավորվելու է: Հնարավոր է նաեւ այլ ժողովրդավարական գործընթացների մեկնարկը:

Անահիտ Դանիելյան