Օլիմպիական խաղերում բացի ֆիզիկականից, կարևոր է նաև հոգեբանական վիճակը

Նորայր Վարդանյան.

Օլիմպիական խաղերում բացի ֆիզիկականից, կարևոր է նաև հոգեբանական վիճակը

PanARMENIAN.Net - Հանրահայտ ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին` Նորայր Վարդանյանը այս տարի առաջին անգամ ելույթ է ունենալու Օլիմպիական խաղերում: PanARMENIAN.Net-ին նա պատմել է, թե ինչու է թողել բասկետբոլն ու ընտրել ծանրամարտը, ինչ է սովորել ու սովորում իր հորից ու ինչպիսի մրցակցություն է սպասվում Լոնդոնում:
Նորա՛յր, քեզ Հայաստանում ավելի շատ ճանաչում են որպես Յուրի Վարդանյանի որդի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ մի փոքր պատմիր քո մասին:
Ես սկսզբից կարատե էի պարապում, ապա բասկետբոլ էի խաղում, ու զգացի, որ ինձ պետք է նաև ֆիզիկապես լավ պատրաստ լինել: Հայրիկիս` Յուրի Վարդանյանին խնդրեցի, որ ծանրամարտ պարապի ինձ հետ, որպեսզի թռիչքս բարձրանա, արագությունս լավանա, ու ես կարողանամ ավելի լավ հանդես գալ բասկետբոլում: Բայց մի օր տեսա, որ երկու մարզաձևը չեմ կարող համատեղել ու ընտրեցի ծանրամարտը:

Ինչո՞ւ ընտրեցիր ծանրամարտը:
Ամերիկայում էի բասկետբոլ պարապում, հասակս չէր համապատասխանում ու զիջում էի մնացած տղաներին: Ես հասկացա, որ ծանրամարտով կարող եմ ավելի շատ առաջ գնալ ու ընտրեցի այն:

Ինչո՞վ գրավեց քեզ ծանրամարտը:
Ես մարզվում էի մեր ավտոտնակում: Ու մի անգամ պարապմունքից հետո զանգ եկավ, գնացի հեռախոսը բարձրացրի ու զգացի, որ քաշ չկար այդտեղ: Տեսա, թե ինչքան եմ ուժեղացել, ու ուզեցի, որ դրանից հետո միշտ ուժեղ լինեմ:

Իսկ ծանրամարտի ընտրության հարցում նպաստե՞լ է այն փաստը, որ քո հայրիկն այդքան հայտնի ծանրորդ է եղել:
Այո, ինչ-որ տեղ ազդել է: Նա ամեն ինչի հասել է սպորտում, ու ես էլ ցանկացա նրա ուղին բռնել:

Որքանո՞վ էր հեշտ կամ դժվար մարզվել քո հայրիկի գլխավորությամբ:
Հայրիկս շատ ուրախ էր, որ ես ընտրեցի ծանրամարտը, ու շատ լուրջ ընդունեց, ավելի լուրջ` քան ես: Նա հարթակ սարքեց, ծանրաձող բերեց, մարզահագուստ առավ ու այդպես սկսվեց:

Մարզումների ժամանակ խնդիրներ առաջանո՞ւմ էին:
Երբ մտնում էի դահլիճ, այլևս հայրիկ-որդի փոխհարաբերություն չէր, այլ մարզիչ-մարզիկ: Ինքը շատ լուրջ էր աշխատում, ցույց էր տալիս, թե ինչպես պետք է բարձրացնել ծանրությունը ու միշտ օգնում էր ինձ:

Իսկ առհասարակ ինչպե՞ս են անցնում մարզումներն ԱՄՆ-ում:
2,5 տարի հայրկիս հետ եմ մարզվել: Ապա ես տեղափոխվեցի Կոլորադոյի Օլիմպիական բազա, որտեղ ամբողջ տարի հավաք էր լինում: Չնայած դրան, նորից հայրիկիս ծրագրով էի մարզվում:

Տարբերություն կա՞ Հայաստանի հետ համեմատած:
Հայաստնաում մարզումները շատ լուրջ են, սա է պատճառը եղել, որ ես այստեղ շատ եմ աճել: Այնտեղ խաղ ու պար լինի կարծես, հաճույքի համար են մարզվում: Իսկ այստեղ պրոֆեսիոնալ են` մարզիկներն ու մարզիչները:

Ի՞նչ է քո մեջ փոխվել այս ընթացքում:
Տեխնիկաս է փոխվել, ավելի արագացել ու ուժեղացել եմ:

Ինչո՞ւ որոշեցիր վերադառնալ ու ներկայացնել Հայաստանը:
Ես որ սկսեցի ծանրամարտով զբաղվել, մտածեցի, որ ներկայացնելու եմ իմ երկրը: Երբ Պանամերիկյան խաղերում հանդես եկա ու ԱՄՆ-ի դրոշը բարձրացավ, զգացի, որ անպայման իմ եռագույնի տակ եմ ուզում հանդես գալ:

Որքան տեղյակ եմ, դու մինչև այս Հայաստանը չես ներկայացրել միջազգային մրցաշարերում: Հիմա միանգամից մեկնում ես Լոնդոն: Միջազգային փորձի պակասը չի՞ խանգարի արդյոք:
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում եմ հանդես եկել և 5-րդ տեղ գրավել: Ես մասնակցել եմ մրցաշարերի, միգուցե լավ արդյունք չեմ ունեցել, բայց փորձ ունեմ: Եթե համեմատեմ թիմի մյուս տղաների հետ, այո, ես փորձի պակաս ունեմ, բայց չեմ կարծում, որ դա ինձ կխանգարի:

Թիմում մթնոլորտը ինչպիսի՞ն է:
Տղաները շատ լավ են ինձ ընդունել, բոլորի հետ էլ լավ ու ընկերական հարաբերություններ ունեմ: Միշտ միասին ենք լինում, ամեն կիրակի միասին եկեղեցի ենք գնում: Ես Երևանում եմ ապրում, բայց որ գնում եմ Գյումրի, այնտեղի տղաներին պարտադիր հանդիպում եմ:

Իսկ որքանո՞վ է պարտավորեցնում այն, որ քո հայրը անգերազանցելի ծանրորդ է մինչև այսօր:
Ես չեմ մտածում նրա արդյունքները գերազանցելու մասին: Հայրիկս այնքան բաների է հասել, որ ես 10%-ն էլ եթե անեմ, մինչև կյանքիս վերջ կհիշեն ինձ: Ես մի նպատակ ունեմ, որ հայրիկիս արդյունքը գերազանցեմ, բայց քաշային կարգերը հաշվի չենք առնում (ծիծաղում է):

Փոքր ժամանակ փորձե՞լ ես նմանվել նրան:
Ես միշտ էլ ուզել եմ նմանվել հայրիկիս: Նա ոչ միայն սպորտում, այլև կյանքում շատ լավ ու լուրջ մարդ է: Մեր երեք եղբայրներից ես եմ, որ ավելի շատ նման եմ նրան:

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Յուրի Վարդանյանը քեզ:
Որ առաջնություններից առաջ պետք է միշտ հանգիստ լինել:

Խոսենք Օլիմպիական խաղերից: Ի՞նչ են նրանք քեզ համար ու ինչպե՞ս ես նախապատրաստվում:
Շատ լուրջ եմ նախապատրաստվում, ու երեխա ժամանակից երազել եմ մասնակցել ու հաղթել Օլիմպիական խաղերում: Ես գիտեմ, որ լուրջ շանսեր ունեմ ու կփորձեմ իմ երկրի համար մեդալ նվաճել:

Ըստ քեզ, ինչպիսի՞ որակներ պետք է ունենա մարզիկը, որպեսզի կարողանա մեդալ նվաճել այդպիսի կարևոր խաղերում:
Պետք է հանգիստ լինի, լարվածություն չպետք է լինի: Բացի ֆիզիկականից, կարևոր է նաև հոգեբանական վիճակը:

Դու ինչպիսի՞ մարզիկ ես:
Ես կարողանում եմ հաղթահարել դժվարությունները: Եղել են դեպքեր, որ սխալվել եմ, բայց սովորել եմ դրանցից ու փորձում եմ այլևս չկրկնել:

Ճանաչո՞ւմ ես մրցակիցներիդ:
Ես 2000 թվականից նայում եմ բոլոր առաջնությունները ու գիտեմ` ով ինչ արդյունք է ցույց տալիս ու ինչպես է բարձրացնում ծանրաձողը: Եթե մի քանի կիլոգրամ էլ ավելացնեմ, ապա կկարողանամ շատ լավ ելույթ ունենալ:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Նորայր Վարդանյան

Ծանրորդ Նորայր Վարդանյանը ծնվել է 1987 թվականի մայիսի 15-ին Լենինականում (Գյումրի): Զբաղվել է կառատեով և բասկետբոլով: 2005 թվականից մարզվում է ծանրամարտով: Առաջին մարզիչը եղել է հայրը` հանրահայտ ծանրորդ Յուրի Վարդանյանը:

Նորայրը 4 անգամ դարձել է ԱՄՆ-ի չեմպիոն, մեկ անգամ էլ հռչակվել է Պանամերիկյան խաղերի հաղթող: 2009 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Լոնդոնի Օլիմպիական խաղերը նրա համար լինելու են առաջինը:

---