Երբեք չենք վախեցել հայտնի ծնողների ստվերում մնալու հեռանկարից

Հախնազարյան եղբայրներ.

Երբեք չենք վախեցել հայտնի ծնողների ստվերում մնալու հեռանկարից

PanARMENIAN.Net - Տաղանդավոր ծնողների երեխաներից քչերն են, որ կարողանում են խուսափել հայտնի ծնողների ստվերում մնալուց, երբ շարունակում են նրանց գործը: Հայտնի դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանի և ոչ պակաս հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանի տղաները` Նարեկն ու Տիգրանը, վաղուց արդեն ինքնուրույն գործունեություն են ծավալում: Եղբայրներն ասում են, որ իրենց այդ հայտնի մտայնությունը չի վերաբերում: Տիգրանը Կոմիի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորն է, աշխատել է 20-ից ավելի նվագախմբերի հետ: Նարեկը Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր է, աշխատել է 50-ից ավելի նվագախմբերի հետ: Նրանք այս օրերին Հայաստանում են, և սիրով պատասխանեցին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին:
Շատ երեխաներ ստիպողաբար են գնում երաժշտական դպրոց: Ինչպե՞ս էր ձեր դեպքում
Նարեկ. Ես էլ պարապել չէի սիրում, ծույլ էի, ինչպես իմ մյուս հասակակիցները: Մինչև 10 տարեկանը ցանկանում էի ֆուտբոլ խաղալ, վազվզել, համակարգչով էի տարված: Երբ 10 տարեկանում տեղափոխվեցի Մոսկվա, հասկացա, որ երաժշտությունն իմ ամեն օրվա մի մասն է:

Տիգրան. Ես էլ այն երեխաներից էի, որոնք հարկադրաբար էին գնում երաժշտական դպրոց, քանի որ ծնողներս երաժիշտներ էին: Երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, հասկացա, որ ուզում եմ զբաղվել երաժշտությամբ:

Չվախեցա՞ք, որ կարող էիք մնալ ծնողների ստվերում
Նարեկ. Երբեք չեմ մտածել դրա մասին, որովհետև ծնողներս ինձ միշտ սատարել են և օգնել ամեն հարցում:

Տիգրան. Երբեք չեմ վախեցել: Տեխնիկական տեսակետից ծնողներս որոշ առումով խանգարում էին, որ ես կազմավորվեմ: Բնականաբար, նրանք ավելի շատ գիտեին և փորձում էին ներդնել դա: Դրա հետ մեկտեղ զգացել եմ, որ ունեմ իմ «ես»-ը:

Աշխատել եք բազմաթիվ նվագախմբերի հետ: Որի՞ն կառանձնացնեիք
Նարեկ. Շատ եմ սիրում Մարինյան թատրոնի նվագախմբի, հատկապես Վալերի Գերգիևի հետ աշխատել: Լոնդոնի սիմֆոնիկը և իհարկե, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը: Շատ նվագախմբերի հետ եմ աշխատել, բայց այս երեքը իմ ամենասիրելիներն են:

Տիգրան. Բոլորին էլ սիրում եմ, որովհետև նվագախմբերը վերադարձնում են այն, ինչ ես փոխանցում եմ նրանց: Դա նույնն է, որ ինձ հարցնեն, թե ո՞ր կոմպոզիտորին եմ սիրում: Եթե աշխատում եմ, ուրեմն սիրում եմ. հակառակ դեպքում լավ արդյունք չես ստանա: Բայց ես հատուկ ուզում եմ նշել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին, որի հետ երկրորդ տարին է, ինչ համագործակցում եմ: Դա կատարյալ համագործակցություն է, մենք իրար շատ լավ զգում ենք:

Կա՞ն հատուկ վայրեր կամ մարդիկ, որոնց ամեն անգամ Հայաստան գալուց այցելում եք
Նարեկ. Դե, միշտ նույն արարողությունն է, մոտիկներն են գալիս մեզ մոտ, մենք ենք նրանց այցելում: Առաջինն, ինչ անում եմ, բակի ընկերներիս եմ հանդիպում, և հենց առաջին օրն էլ գնում ենք մեր տան դիմացի սրճարան, որտեղ ֆանտաստիկ համեղ քյաբաբ են պատրաստում: Առհասարակ, հայկական տաք մսային ուտեստներն ամենահամեղն են: Մի խոսքով՝ պարզ, մարդկային ցանկություններ:

Տիգրան. Ես միշտ հաճույքով, և կարոտով եմ գալիս Հայաստան: Ինչպես բոլորը, այցելում եմ բարեկամներին, ընկերներին: Միշտ փորձում եմ ամռան կամ աշնան լավ շրջանում Երևանից դուրս գալ, ոգեշնչվել Հայաստանի բնությամբ: Այն ինձ մեծ լիցքեր և ուժ է տալիս իմ ստեղծագործական կյանքում:

Մտածե՞լ եք, թե ինչպես կդասավորվեր Ձեր ճակատագիրը, եթե մնայիք Հայաստանում
Նարեկ. Ցավոք, ոչինչ էլ չէր լինի: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ խնդիրներ ունի, հատկապես մշակութային ոլորտում: Այն ծանր ժամանակաշրջան է ապրում: Այս տեսակետից շատ ուրախ եմ, որ գնացի ճիշտ ժամանակին, և լավ կարիերա սկսեցի, Հայաստանը ներկայացնում եմ միջազգային բեմերում: Ես Չայկովսկու անվան մրցույթ այստեղից էլ կարող էի գնալ, բայց այն կրթությունը, որ ես ստացա Մոսկվայում և հատկապես Բոսթոնում, դժվար թե ստանայի այստեղ: Շատ կարևոր էր նաև միջավայրը: Այսօր Հայաստանում թավջութակի դպրոցի հետ կապված լուրջ խնդիրներ կան, և մի քանի լավ թավջութակահար է մնացել:

Տիգրան. Ճիշտն ասած չեմ մտածել այդ հարցի շուրջ: Ես ինձ լավ եմ զգում ապրելով և աշխատելով Ռուսաստանում, բայց իմ մտերիմ ընկեր Էդուարդ Թոփչյանի հրավերով ես միշտ մեծ հաճույքով եմ գալիս և համագործակցում մեր հիանալի նվագախմբի հետ:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
---