Ազնավուրը շատ ճշգրիտ մարդ է և գիտի՝ ինչ է ուզում

Ռիշար Գալիանո.

Ազնավուրը շատ ճշգրիտ մարդ է և գիտի՝ ինչ է ուզում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն երեկ գիշեր ժամանեց Երևան: Նա եկել է մասնակցելու Հայաստանի պետական կամերային նվագախբի 50-րդ հոբելյանական համերգաշրջանի գալա համերգին և անակնկալ է պատրաստել հայ ունկնդրի համար:
Ձեզ անվանում են «Ջազի սրբազան հրեշ»: Ինչու՞ եք ստացել այդ մականունը
Չգիտեմ, բայց կսկսեմ մտածել այդ մասին: Իմ արվեստը իմ գործիքի պատճառով ջազի դասական ուղղվածություն չունի, և միգուցե դա է պատճառը:

Դուք հանդիպել եք հռչակավոր ակորդեոնահար Աստոր Պիացոլայի հետ: Կարո՞ղ ենք, ասել, որ այն ճակատարգական եղավ Ձեզ համար
Այո, իհարկե: Նա ինձ շատ կարևոր խորհուրդներ տվեց և ուժ՝ անել այն, ինչ անում եմ հիմա: Նա ասում էր, որ երաժիշտը պետք է նվագի իր երկրի երաժշտությունը: Դա մի քիչ նացիոնալիստական է, բայց ինչու՝ ոչ:

Ակորդեոնն օգտագործում եք ջազ երաժշտության մեջ: Տեսնու՞մ եք այն ռոքում կամ ռեփում
Իհարկե տեսնում եմ, պարզապես ես ինձ չեմ տեսնում հիփ-հոփում, երևի սերնդի հարց է, բայց կողմ եմ

Աշխատել եք Շառլ Ազնավուրի հետ: Կպատմե՞ք մի քիչ այդ մասին
Նրա հետ շատ եմ աշխատել: Բազմիցս ձայնագրվել ենք իրար հետ, գործիքավորել եմ նրա «Ապրել քեզ հետ» երգը: Դա շատ պրոֆեսիոնալ հանդիպում էր ինձ համար: Ազնավուրը շատ ճշգրիտ մարդ է և գիտի` ինչ է ուզում:

Իսկ, առհասարակ, ակորդեոնն ի՞նչ լսարան ունի այսօր
Շատ լայն լսարան ունի, որովհետև այն օգտագործվում է աշխարհի գրեթե բոլոր ազգերի ֆոլկլորային երաժշտության մեջ:

Բազմիցս ելույթ եք ունեցել Երևանի կամերային նվագախմբի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ: Պատմեք մի քիչ ձեր համագործակցության մասին
Երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ Վահանին և մեծ հարգանք ունեմ նրա տաղանդի նկատմամբ: Նա լավ դաշնակահար է և լավ դիրիժոր: Մեծ հաճույք է նրա հետ աշխատել:

Ինչպիսի՞ համերգ է սպասվում դեկտեմբերի 1-ին
Ամենակարևորն ունկնդրի հետ հանդիպումն է, նվագախմբի հետ համագործակցությունն ու լիցքերի փոխանակումը:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
---