Միլանում աշխատելու բազում առաջարկներ եմ ստացել, բայց չեմ շտապում որոշում կայացնել

Էմին Պողոսյան.

Միլանում աշխատելու բազում առաջարկներ եմ ստացել, բայց չեմ շտապում որոշում կայացնել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին և 8-ին վարսահարդար-ոճաբան Էմին Պողոսյանը մասնակցել է Եվրոպայում վարսահարդարների և դիմահարդարների ամենագլխավոր մրցույթներից մեկին` OMC Hairworld 2012 աշխարհի բաց առաջնությանը, որն այս տարի անցկացվում էր 36-րդ անգամ Միլանում: 56 պետություններից ներկայացած 1100 մասնակիցների թվում Էմին Պողոսյանը միակն էր այս տարի, որ ներկայացնում էր Հայաստանը: «Afro Total Look» անվանակարգում նա հեղինակավոր ժյուրիի բարձրագույն գնահատականն է ստացել` արժանանալով ոսկե մեդալի և օլիմպիական չեմպիոնի կոչման:
Ի՞նչ էիք ներկայացրել մրցույթին:
Աշխատանքս սևամորթ մոդելի վրա էի կատարել, քանի որ «Afro Total Look» անվանակարգում էի մասնակցում: Նրա ամբողջ ոճն իմ կողմից էր մշակվել:

Ի՞նչ սկզբունքով էիք մշակել այդ ոճը:
Աշխատանքիս ոգեշնչման աղբյուրը իտալական ճարտարապետությունն է եղել, մասնավորապես` Դուոմո տաճարն իր ողջ գեղեցկությամբ ու գոթական ոճով, որը դեպի վեր սլացող համաչափություններ է ենթադրում՝ բազմազան զարդաէլեմենտներով: Դրանով էլ նվաճել եմ չեմպիոնի տիտղոսը:

Նախկինում որևէ մրցույթի մասնակցե՞լ եք: Ի՞նչ ձեռքբերումներ ունեք:
Այո: 2005-ին մասնակցել եմ Հայաստանի վարսահարդարների և դիմահարդարների 5-րդ բաց առաջնությանը, որտեղ «Ladies Full Fashion Look» անվանակարգում դարձել եմ չեմպիոն: Դրանից հետո՝ 2009-ին, մասնակցել եմ «Russian Hairdressing Awards» հեղինակավոր ֆոտոմրցույթին, որի Լոնդոնում կայացած եզրափակիչ փուլում «Տարվա դեբյուտ» անվանակարգում իմ աշխատանքներն ընդգրկվեցին լավագույն հնգյակում: Իսկ 2010թ. Փարիզում մասնակցել եմ OMC Hairworld 34-րդ աշխարհի գավաթին` «Fantasy Hairstyle» անվանակարգում: Բայց և այնպես, վերջին մրցույթին իմ մասնակցությունն ու ոսկե մեդալի նվաճումն ամենակարևորն էր, քանի որ այն իր մասշտաբով ամենամեծ մրցույթներից մեկն է աշխարհում:

Մրցույթի ժյուրիի կազմում էր նաև Ձեր եղբայրը՝ վարսահարդար-ոճաբան Էդվարդ Պողոսյանը: Մասնագիտության ընտրության հարցում նա ազդե՞լ է Ձեզ վրա:
Իհարկե: Նախ, մենք երկուսս էլ ավարտել ենք Երևանի Պետական կոնսերվատորիան, դաշնակահար ենք: Եղբայրս առաջին կուրսում ուսմանը զուգահեռ սկսեց յուրացնել վարսահարդարի մասնագիտությունը, բայց ինքս չեմ կարող հիշել, թե երբ սկսեցի զբաղվել այդ գործով, քանի որ ակամա հայտնվեցի այդ ասպարեզում: Եղբորս շնորհիվ ճանաչեցի այդ մասնագիտության նրբությունները և վարսահարդարումը սկսեցի դիտարկել՝ որպես արվեստի մի տեսակ: Այժմ էլ աշխատում եմ՝ որպես եղբորս օգնական «Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահում: Ի դեպ՝ մրցույթի ավարտին Էդվարդ Պողոսյանը պարգևատրվեց «World Best Juror» պատվոգրով, իսկ նախկինում երկու անգամ այդ մրցույթի չեմպիոն է ճանաչվել:

Հաղթանակից հետո աշխատանքի կամ համագործակցության առաջարկներ ստացե՞լ եք:
Հիմնականում հենց Միլանում աշխատելու բազում առաջարկներ եմ ստացել, բայց չեմ շտապում որոշում կայացնել: Նման հաղթանակից հետո ցանկացած ստուդիա կամ միջազգային դպրոց ուրախ կլինի համագործակցել օլիմպիական չեմպիոնի հետ: Ես իսկապես շատ սիրեցի Իտալիան և հատկապես Միլանը, քանի որ համոզվեցի, որ դա նորաձևության քաղաք է. նորաձևությունն ուղղակի հետապնդում է քեզ ամենուրեք, և մշտապես ստեղծագործելու նոր մտքեր են առաջանում:

Ապագայում ի՞նչ մրցույթների եք մտադիր մասնակցել:
Դեռևս չեմ որոշել: Այս մրցույթում իմ տարած հաղթանակն ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր, որ կարող էի ունենալ ոճաբանության ոլորտում: Բայց և այնպես, մրցույթները հենց այն վայրն են, որտեղ ստեղծագործ մարդը հնարավորություն է ստանում ինքնարտահայտվելու, իր ասելիքը ներկայացնելու միջազգային հարթակում և հանձնելու միջազգային հանդիսատեսի դատին: Այնպես որ դեռ չգիտեմ, թե ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա…

Անի Պապոյան / PanARMENIAN News
---