Ժողովրդի մասնակցությունը կհաղթի կեղծիքին

Րաֆֆի Հովհաննիսյան.

Ժողովրդի մասնակցությունը կհաղթի կեղծիքին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը շատ օրիգինալ մեկնարկեց և այդպես էլ անցնում է: Այս երկու օրերին նախագահի թեկնածուն արդեն հասցրել է անցնել քաղաքի շատ փողոցներով, մտել է շուկաներ, խանություներ, կլինիկաներ և այլն: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ հասցրեց մտնել քաղաքի վարսահարդարման սրահներից մեկը և կտրել մազերը: Մարդիկ հաճելիորեն զարմացած են: Րաֆֆի Հովհաննիսյանը մոտենում էր բոլորին, բարևում, ձեռք սեղմում և համբուրում: Մարդիկ հեռվից տեսնում էին նրան, կանչում իրենց մոտ, զրուցում նրա հետ և իրենց աջակցությունը հայտնում: Էրեբունի համայնքի փողոցներում շրջայցի ժամանակ նախագահի թեկնածուն հասցրեց պատասխանել PanARMENIAN.Net-ի մի քանի հարցերին:
Պարոն Հովհաննիսյան, Ձեր քարոզարշավը էականորեն տարբերվում է մյուս թեկնածուների քարոզարշավից: Ինչպե՞ս է այն անցնում, և ինչո՞ւ եք ընտրել այս տարբերակն ու մոտեցումը:
Ես գնահատում եմ յուրաքանչյուր քաղաքացու հետ հանդիպումը: Քաղաքականությունը, ծրագիրը, ազգային բանավեճը ընդամենը թղթի կտոր են, եթե Հայաստանի քաղաքացին իր պետությանը չպատկանի: Ես ընտրել եմ քարոզարշավի այս տարբերակը, և այսպիսով ցանկանում եմ ճանաչել Հայաստանի քաղաքացիներին, լսել նրանց խնդիրների մասին, նրանց կարծիքը իմ ծրագրի վերաբերյալ, որպեսզի հասկանամ ինչը փոխեմ, ինչը թողնեմ: Այս ընտրության միջոցով պետք է փոխվի բոլոր քաղաքացիների կյանքը: Կլինեն նաև միասնական հանդիպումներ, ես այս առաջին օրերը կտրամադրեմ երևանցիներին, կշրջեմ փողոցներով: Այս հանդիպումները կշարունակվեն նաև փետրվարի 18-ից հետո:

Արդեն երկու օր է, ինչ սկսվել է քարոզարշավը, տարբեր թեկնածուներ հայտարարում են, որ մտահոգություն ունեն, թե այս ընտրությունները օրինական չեն անցնելու: Ձեր համակիրներն էլ բազմիցս հայտարարել են, որ եթե ընտրություններն արդար և թափանցիկ լինեն, ապա հաղթանակը Ձերն է լինելու: Ինչպե՞ս եք պատրաստվում վերահսկել ընտրական գործընթացը:
Դաշտը մենք կվերահսկենք: Ես արդեն հայտարարել եմ, որ եթե իմ հիմնական մրցակիցը` գործող նախագահը, մեկ անգամ ևս թույլ տա, որ փորձեն ահաբեկել ժողովրդին, ինչպես եղել է 15 քաղաքաներում երկու շաբաթ առաջ, ապա այս ընտրությունը վերջացած է: Եթե իրենք փորձեն մեր ուսուցիչներին, զինվորներին, աշխատողներին կեղծիքի ուղղորդել, այս ընտրությունները վերջացել են: Եթե ես ևս մեկ այդպիսի դեպք տեսնեմ, ապա իմ հայտարարությունը կանեմ: Հավանական է, որ այս 25 օրերի ընթացքում աչքի թրթիռով, ակնարկով փորձեն հարցը լուծել, բայց եթե ժողովուրդը որոշի, որ այս անգամ մասնակցում է, ապա ժողովրդի մասնակցությունը կհաղթի կեղծիքին: Մենք ամեն ինչ կանենք, որ ոչ միայն կեղծիքի դեմն առնենք, այլև հաղթենք կեղծիքին:

Առաջին բանը, որ կփոխեք ընտրվելուց հետո, ի՞նչն է լինելու:
Շատ բան կա փոխելու: Ես անձամբ չեմ անելու դա: Ժողովուրդը պետք է փոխի իր կենսաձևը: Այն, որ հիմա ողորմությամբ են ստանում, պիտի տարվա ընթացքում լինի կազմակերպված կենսաթոշակ, աշխատավարձ: Մեր պետությունն ու բնությունը պաշտպանված կլինեն: Հայաստանի քաղաքացին իր մասնակցությունը և փայատիրությունը պետք է ունենա: Ապօրինի, հակասահմանադրական հանքային, էներգետիկ սեփականաշնորհումները կվերանայվեն, կուղղվեն դեպի ժողովրդի գրպան: Կունենանք սահմանադիր նոր ժողով, որը կպատրաստի նոր Սահմանադրությունը` խորհրդարանական կառավարման համակարգով: Քաղաքացուն կվերադարձվի հանրաքվեի միջոցով օրենք ստեղծելու և փոխելու հնարավորությունը, Արցախը կճանաչվի իր տարածքային ամբողջականությամբ: Մի քայլով չեն լինելու փոփոխություններրը, զուգահեռ քայլեր են լինելու: Եթե Հայաստանի քաղաքացին հաղթահարի «նաղդի» և «նիսյայի այդ» ահավոր բարդույթը, ապա մի քանի ամիս անց ամեն բան կփոխվի:

Հայաստանը պատերազմի վտանգի առաջ կանգնած երկիր է, մեզ համար խիստ կարևոր է մեր բանակը: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր քաղաքականությունը բանակի հարցում:
Հայաստանի զինվորը մեր հպարտությունն է: Անցյալում իր ծառայությունը չարաշահվել է ընտրությունների ժամանակ: Մեր զինվորները ուղղվել են պարտադիր ընտրության: Զինվորների արժանապատվության և քաղաքացիական իրավունքների չարաշահման դեպքում կարելի է համարել, որ մենք ընտրություններ չունենք: Դատապարտելի է, որ մեր երկիրը, որ ունի շատ անելիքներ ազգային անվտանգության առումով, թույլ է տալիս, որ խաղաղ պայմաններում զոհեր ունենանք: Հայ երեխան պետք է ապահով լինի սեփական բանակում: Առաջին գիծ կուղարկվեն պայմանագրային հատուկ ուսուցում ստացած, հատուկ փոխհատուցում ստացող, փորձառու զիվորները և ոչ թե 18 տարեկան պատանիներ:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

---