15  24.01.13 - ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակության այցը Մատենադարան
Մեծ հաճույքով նորից կնկարահանվեի հայկական կինոյում

Դմիտրի Խառատյան.

Մեծ հաճույքով նորից կնկարահանվեի հայկական կինոյում

PanARMENIAN.Net - Երևանում է հայրական կողմից ծագումով հայ, ՌԴ վաստակավոր և ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը: Հայկական ազգանունով, սլավոնական արտաքինով 53-ամյա դերասանը դեռ 16 տարեկանում պնդել է, որ խորհրդային անձնագրում իր ազգության դիմաց նշվի հայ: ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակության կազմում նա այսօր այցելեց Մատենադարան: Ցուցասրահ մտնելուն պես դերասանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել` նշելով, որ ձեռագրերին ծանոթանալու նպատակով է եկել:

Հայկական մշակույթի ամենահին նմուշները հետաքրքրությամբ զնելուց ու մանրամասներ լսելուց հետո Մատենադարանի հին մասնաշենքից դեպի նորը ճանապարհին նա պատասխանեց PanARMENIAN.Net ի թղթակցի մի քանի հարցերին: Նշեց, որ հայկական մշակույթն առանձնացնում է աշխարհի մյուս մշակույթներից, որովհետև այն մեծ ու ընդգրկուն է, բայց ամենակարևորը. «Հայերն առաջինն են 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել ու դրանից հետո նոր մշակույթ են ստեղծել, որին էլ քիչ առաջ հնարավորինս ծանոթացա»:

Խառատյանը հարցազրույցների ժամանակ բազմիցս է հպարտացել հայկական հին մշակույթով, բայց մշակույթի` համեմատաբար նոր ճյուղի վերջին զարգացումներին չի հետևում: Դժվարացավ նշել, երբ է վերջին անգամ հայկական կինո դիտել կամ որ ֆիլմն է ամենավերջինը եղել:

«Դժվարանում եմ պատասխանել: Վերջին շրջանում հայկական ֆիլմեր չեմ դիտել», - ասաց նա ու պարզաբանեց, որ չի դիտել ոչ այն պատճառով, որ այս շրջանում լավ հայկական կինո չկա:

«Խնդիրը լավ կինոն չէ: Ես վստահ եմ, որ տաղանդավոր ռեժիսորներ, սցենարիստներ Հայաստանում կան, բայց տնտեսական ճգնաժամի պատճառով ամբողջ աշխարհում ֆինանսական ներդրումները պակասել են: Նաև կինոարտադրությանն ուղղված ներդրումները, իսկ կինոյի զարգացման համար դրանք հարկավոր են: Հենց փող լինի, լավ կինո էլ կլինի», - ասաց նա:

Իսկ մինչ այդ դերասանը խորհուրդ է տալիս հին ֆիլմեր դիտել, օրինակ, «Անորսալի վրիժառուները», որը, ինչպես նշեց, իր և իր սերնդի սիրելին էր:

«Այսօրվա երիտասարդության մեծ մասն այն չի դիտել: Բայց մենք ապրում էինք այդ ֆիլմով», - նշեց նա` նկատելով զրույցին հետևող հասակակիցների համաձայնությունն իր խոսքին:

Բոլոր ժամանակների հայկական կինոյից առավել տպավորված մի ֆիլմ առանձնացնելու առաջարկին Դմիտրի Խառատյանը պատասխանեց.«Ֆրունզե Դովլաթյանի այն ֆիլմը, որում Ջիգարխանյանն է խաղում: «Բարև, ես եմ»»: Առաջիկայում հայկական կինոյում նկարահանվելու հավանականությունը դերասանը չբացառեց, բայց նշեց, որ ոչ մի առաջարկ դեռ չունի:

«Առաջին ու վերջին անգամ 1988 թվականին եմ հայկական կինոյում նկարահանվել, Միքայել Դովլաթյանի «Դեմքով դեպի պատը» ֆիլմում: Արմեն Ջիգարխանյանի ու Կարեն Ջանիբեկյանի հետ: Հայկական ֆիլմում մեծ հաճույքով նորից կնկարահանվեի»:

Արդեն մի քանի րոպե կլիներ դահլիճի մուտքին էինք հասել ու խցանում առաջացրել, իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վերջին 2 հարցից առաջ միջամտել էր զրույցին:

Անի Ավետյան / PanARMENIAN News
---