Պատմության համար մեր այս ճանապարհը մի ակնթարթ է. հաղթանակը հեռու չէ

Լարիսա Ալավերդյան.

Պատմության համար մեր այս ճանապարհը մի ակնթարթ է. հաղթանակը հեռու չէ

PanARMENIAN.Net - Հայաստանում նախագահական ընտրություններից հետո բարձրացող բողոքի ալիքը կարծես սովորական է դարձել: Ընտրության հենց հաջորդ օրը սպասելի է, որ մարդիկ դուրս կգան հրապարակ և իրենց թեկնածուից կպահանջեն տեր կանգներ իրենց տված քվեին: Փետրվարի 18-ից հետո էլ ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալներով մոտ 37 տոկոս ձայներ ստացած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտրազանգվածի մի մասի և համակիրների հետ դուրս եկավ Ազատության հրապարակ, հայտարարեց, որ ժողովուրդն իրեն է ընտրել ՀՀ նախագահ և գործող նախագահից պահանջեց հանձնել իշխանությունը ժողովրդին: Այս շարժման, քաղաքացիական հասարակության` շարժմանը ներգարվելու, հասունանալու և այս ամենին իշխանությունների արձագանքի վերաբերյալ PanARMENIAN.Net-ը զրուցել է Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան, նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ:
Վերջին երկու ընտրություններից հետո առաջացած բողոքի ալիքն ու շարժումները բավական տարբեր են: Ո՞րն է այս շարժման առանձնահատկությունը և ինչով է այն տարբերվում 2008-ի շարժումից:
Ի հեճուկս այն կարծիքի, որ ժողովուրդը հոգնում է, և ակտիվ զանգվածը դուրս է մղվել, մեկ է` ժողովուրդն ամեն անգամ ապացուցում է, որ ինքը ունի անմար ցանկություն` ունենալ իրավական պետություն: Դա այն դասն է, որը քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերը պետք է քաղեն: Երտասարդ այն խավը, որ 2008-ին արդեն երևացել է, և այսօր քաղաքացիական հասարակությունը շատ ավելի հասուն որակներով է հանդես գալիս: Եթե 2008-ին գնում էր` «կամ այսօր, կամ տեսեք… ինչ ուզում է լինի», ապա այսօր չի ասում` «ինչ ուզում է լինի»: Ասում է` «պետք է լինի օրինական և պետք է անպայման լինի»:

Տարբերությունն այն է, որ նա չի գնում` «այս գիշեր կամ երբեք»-ի: ՀԱԿ-ը ժողովրդին սովորեցրեց, որ պայքարը կարող է երկարատև լինել: Բայց ես ցավում եմ, որ 4 տարի տևած պայքարից հետո պայմանավորվածությունների տպավորություն ստեղծվեց և բերեց մարման: Այն խավը, որ եղել ՀԱԿ-ի կողմնակից, մեծ մասը այսօր էլ գալիս է հրապարակ, բայց եկողների մեջ կան այն մարդիկ, ովքեր կողմնակից են ծրագրային այն դրույթներին, որով հանդես է գալիս «Ժառանգությունը» և ոչ միայն «Ժառանգությունը», օրինակ ՀՅԴ հետևորդ ինչ-որ խավ: Քաղաքական ակտիվի խնդիրն այն է, որ պետք է դուրս մղել եղած հակասությունները և կարողանալ առողջ գաղափարների շուրջ միավորվել:

2008-ին, ըստ որոշ վերլուծաբանների, ատելության դաշտ կար: Այսօր կարծես ավելի հանդուրժողական մթնոլորտ է Ազատության հրապարակում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
Առաջին հերթին պայմանավորված է քաղած դասերով` 2008 թվականի ողբերգական և հանցագործ էջից: Դա դաս է: Գիտե՞ք, կան ժողովուրդներ, որ տասնյակ տարիներ են պայքարում, հետո միայն հաղթում: Նրանք չեն հիասթափվում: Ես համոզված եմ, որ մեր հասարակությունը դասեր քաղել է, բայց քաղել է նաև իշխանությունը: Ինչքան էլ, որ քննադատեմ ու զարմանքս հայտնեմ, թե ինչքա՞ն կարելի է երկիրը տանել կործանման, միևնույնն է, ես էլի հույս ունեմ, որ իշխանության ներսում կան ուժեր, որ հստակ հասկանում են` չի կարելի այսպես շարունակել: Երկրորդը հարթակի առաջին դեմքի` տվյալ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի և այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերությունն է: Ինչպես նաև իշխանությունը ներկայացնող առաջին դեմքերի տարբերությունն է: Ես առաջին հերթին մեծ տեղ եմ տալիս անձնական որակներին և այս անգամ կարծում եմ, որ ավելի դրական մթնոլորտ է: Բայց կա մի վտանգ` գործող նախագահի շրջապատում կան այնպիսինները, որոնք ոչ թե իրենց կյանքի, այլ այլոց կյանքի գնով պատրաստ են գնալ ցանկացած սադրանքի: Իշխանությունը, նախևառաջ, պետք է զգույշ լինի այդ սադրանքից: Եթե գործող նախագահի շրջապատում կան առողջ ուժեր, նրանք պիտի այսօր գտնեն այն ճանապարհը, որը մեզ դուրս կհանի հերթական նախաբախումնային վիճակից: Մենք պետք է ապացուցենք, որ մենք մեզանով կարողանում ենք ոչ բախումնային լուծում գտնել, և դա քաղաքական որոշումների դաշտում է: Որոշումը փոփոխության ենթակա իրավական դաշտում է:

Ի՞նչ կտա այս պայքարը մեր հասարակությանը:
Նախ հասունացում: Ես համոզված եմ, որ սա վերջին ընտրություններն են, սրանցով վերջ ենք դնում, փակագիծը փակում ենք այդ «չընտրությունների» շարանին: Պետք է հստակ պատնեշ դնել: Պետք է իրավապահ և ուժային բոլոր մարմինները այսօր պատ կազմեն այն քերաօլիգարխիկ խմբերի դեմ, այլ ոչ թե հանեն իրավապահ մարմինները ժողովրդի դեմ ու հետագայում ստեղծեն մի իրավիճակ, որ կասկած ծնվի` ո՞վ է հերթական սադրանքը կազմակերպել: Ես համոզված եմ, որ 2008-ի մարտի սադրանքը կազմակերպել են իշխանությունները կամ չեն կարողացել կանխել այն սադրանքը, որը կազմակերպել են իշխանական թևին հարող քրեաօլիգարխիկ խմբերը:

Արդյո՞ք ադեկվատ է իշխանությունների արձագանքը քաղաքացիական հասարակության պահանջներին և թո՞ւյլ է տալիս, որ մեր երկրում ձևավորվի այդ հասարակությունը:
Ոչ: Կան այպիսի անձինք, որոնք պաշտպանում են իշխանությանը, ես զարմանում եմ, որ միթե հասկանալի չէ, որ այդ մարդկանց շուրթերից եկած պաշտպանությունն ուղղակի տապալում է իշխանությանը: Թույլ և ոչ տրամաբանական բանաձևերով հանդես եկող իշխանությունը ցույց է տալիս, որ չի տիրապետում այսօր ստեղծված իրավիճակին: Այն թույլ է: Իշպանությունն, անգամ Ազգային ժողովում լինելով մեծամասնություն, ցույց տվեց իր թուլությունը` բոյկոտելով փոքրամասնության կազմակերպած արտահերթ նիսը, Էթիկայի հանձնաժողովում մեկ անդամով ավելացնելով իրենց թիվը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում իշխանական դաշտում, այն անորոշությունը դեմքերի, լինի ԱԺ նախագահի, լինի այլոց… կարելի է հոգեբանական փորձ անցկացնել, որ այդպիսի արտահայտություններով միայն թեկուզ ապացուցում է իշխանության տանուլ տված վիճակը: Վերջին ճիգերը, որ գործադրում են ցույց տալու, թե չեն հանձնելու իշխանությունը, խոսում է միայն իրենց թոլության մասին:

Ինչպիսի՞ հանգուցալուծում է սպասվում: Տեսնո՞ւմ եք քաղաքացիական հասարակության հաղթանակը:
Ես տեսնում եմ այդ հաղթանակը: Ապագայում լինի, թե` երբ… երիտասարդները հաստատ տեսնելու են, բայց ես էլ եմ տեսնելու: Ես ուզում եմ, որ դա առաջին հերթին տեսնեն նրանք, ովքեր այսօր իշխանությունն այդպես ոչ մաքուր տեխնոլոգիաներով յուրացնում են: Ամենաթեթև խոսքերն եմ ասում: Էլ չեմ ասում հանցագործությունը, որ տեղի ունեցավ 2008-ին: Այդ ճանապարհը մերժելի է, մերժված է և հաղթանակն այդքան հեռու չէ, ինչքան թվում է: Ես դեռ 2008-ին եմ ասել: Այն կարծիքին, որ այս գիշեր իշխանությունը վերցնելու է ժողովուրդը, ես ասել եմ` միայն չհիասթափվեք, եթե այն տեղի չունենա այս պահին: Պատմության համար մեր այս ճանապարհը, որ անցնում ենք մի ակնթարթ է: Ես համոզված եմ, որ հաղթանակը հեռու չէ:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

---