Գաբրիել Սարգսյան.Փորձում եմ ապրել ազնիվ կյանքով, անել այն, ինչ այդ պահին մտածում կամ զգում եմ 5 ապրիլի 2013 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը ներկայացնում է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամների հետ վերջին հարցազրույցը: Այս անգամ մենք ներկայացնում ենք հավաքականի 4-րդ խաղատախտակի մոտ հանդես եկող Գաբրիել Սարգսյանին: Նրա հետ հարցազրույցն ավելի շատ հիշեցնում է շախմատային բլից պարտիա` արագ հարցեր ու գերարագ պատասխաններ: Լևոն Արոնյան: Լավ մարդ, հրաշալի և հանճարեղ շախմատիստ: Լևոնն, անկասկած, հայկական շախմատի մերօրյա հաջողությունների գրավականն է: Առանց նրա դժվար է պատկերացնել, որ հնարավոր է հավաքականն ինչ որ բանի հասնի: Տիգրան Պետրոսյան: Նա հայկական շախմատի հիմքն է: Մեր շախմատը կարելի է երկու մասի բաժանել` մինչև Տիգրան Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանից հետո: Մինչ նրա ելույթ ունենալը մենք ԽՍՀՄ ամենաթույլ շախմատային երկրներից էինք: Տիգրան Պետրոսյան ասելով` հասկանում ենք հենց հայկական շախմատը: Աշխարհի թիմային չեմպիոն: Շատ մեծ հաջողություն է մեզ համար: Լավ զգացողություններ ունեցանք, սակայն ինձ համար առաջին տեղում Օլիմպիադայում տոնած հաղթանակներն են: Շախմատային դպրոց: Շատ հրաշալի մտահաղացում է, ես շատ մեծ հաճույք եմ ստանում երեխաների հետ մարզումներից: Այն դրական լիցքերով շատ լավ դպրոց է: Դպրոցը ստեղծելիս ես և Լևոն Արոնյանը չէինք էլ պատկերացնում, որ այդքան հաճելի զբաղմունք կդառնա մեզ համար: Թույլ մրցակից: Շատ են լինում թույլ մրցակիցներ, նրանց հետ խաղում դժվար է լավ քայլեր կատարել, քանի որ դրանց մասին չեն էլ մտածում: Նման պարտիաներում հենց սկզբից հանգստանում ես, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր կլինի մրցակցին չափից շատ թերագնահատելը: Կարևոր մրցաշար: Ինչ որ ժամանակահատվածի աշխատանքի արդյունքի հասնելու նպատակային կետն է: Գաբրիել Սարգսյան: Ես փորձում եմ ապրել ազնիվ կյանքով, անել այն, ինչ այդ պահին մտածում կամ զգում եմ:
Թիմային ոգի: Չափազանց կարևոր է, այն շատ է պետք գալիս նաև կյանքում: Երբ որևէ գաղափարի շուրջ հավաքվում են մարդիկ և պայքարում են ինչ որ բանի համար, դա էլ է թիմային ոգու դրսևորում: Լինում է նաև, որ թիմային ոգին խանգարում է, քանի որ մարդիկ միշտ չէ, որ մտածում են ինչպես դու: Մարտավկա: Գործնական մարտավկա ինձ չեմ զգացել, ավելի շատ եղել եմ որպես բարեկամ ու ընկեր: Փորձ: Փորձը կյանքում և սպորտում ամենակարևոր դերերից մեկն է խաղում: Առանց փորձի հաջողությունների հասնել դժվար է, հնարավոր է կոնկրետ պահի, սակայն հետագայում այն կկորչի: Ոգևորություն: Ոգևորության պատճառով հոգնածությունն այդքան չի զգացվում: Այն էլ փորձի պես անհրաժեշտ մի բան է:
Զինվոր: Շախմատում այն խաղաքար է, իսկ կյանքում ավելի մեծ դեր է խաղում: Սակայն շախմատում զինվորը կապված է արքայի հետ, հետևաբար նաև դերն է բարձրանում: Սարգիս Սարգսյան: Իմ պապիկի պես մարդկանց շատ քիչ եմ տեսել: Նա բոլոր առումներով ինձ համար օրինակելի է եղել, հենց նրա շնորհիվ է, որ ես շախմատիստ եմ դարձել: Պատանեկան շախմատային Օլիմպիադա: Պատանեկան Օլիմպիադայի հետ են կապված իմ ամենամեծ, անմոռանալի ու հրաշալի հիշողությունները: Դրանք յուրահատուկ են ինձ համար: Աշխատասիրություն: Հայերին այդքան էլ բնորոշ հատկանիշ չէ: Ինձ էլ հաճախ խանգարում է եվրոպական կազմակերպվածության բացակայությունը: «Բարսելոնա»: Թիմ, որն ինձ կարողանում է ուրախության պահեր պարգևել: Իսկ, երբ անհաջողություն է լինում, բնականաբար տխրում եմ, բայց մտածում եմ, որ դա ժամանակավոր է: Շախմատի տուն: Իմ երկրորդ տունն է, այստեղ հաճախակի եմ լինում:
Միջնախաղ: Ամենաբարդ փուլերից մեկն է և կյանքում, և շախմատում: Եթե սխալ ես սկսել` պետք է ուղղես այն: Իսկ, եթե ճիշտ ուղու վրա ես` պետք է չկորցնես: Մանկական մատ: Ինձ հետ չի հանդիպել, այն ավելի շատ բնորոշ է թիթիզ մարդկանց: Խաղ համակարգչի հետ: Շատ ձանձրալի գործ: Չեմ սիրում համակարգչի հետ խաղալ, մարդկանց հետ միշտ էլ ավելի հաճելի է մրցել: Շախմատային երազներ: Նման երազներ տեսնում էի փոքր տարիքում: Հաճախ էր լինում, որ որևէ խնդրի լուծում հենց երազում էի գտնում:Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |