«Ոսկե ծիրանի» անցած տասը տարին, կայացումն ու հեռանկարները

Հարություն Խաչատրյան.

«Ոսկե ծիրանի» անցած տասը տարին, կայացումն ու հեռանկարները

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին, կբացվի «Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Այս կիրակիին ընդառաջ PanARMENIAN.Net-ը զրուցեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ, ով ոչ միայն բացահայտեց Ծիրանի հաջողության գաղտնիքը, այլև կիսվեց, թե երբ ու ինչպես հասկացավ` փառատոնը կայացել է:

«Ոսկե ծիրանը»` կայացած կինոփառատոն

Չէի հասկացել, որ «Ոսկե ծիրանն» արդեն կայացել է որպես կինոփառատոն, մինչև ընկերներս չվերադարձան Ռոտերմադից: Նրանք ամեն տարի գալիս են. զարմացան, որ մեր փառատոնում կան հյուրեր, որոնց հրավիրելու մասին նրանք տարիներով են երազել, բայց չեն կարողացել` չեն համաձայնվել: Հետո Մոսկվայում փառատոններ կազմակերպող ընկերներս խնդրեցին ծանոթացնել ոմանց հետ, որովհետև այնտեղ ևս չեն գնում: Այսինքն, փառատոնն ինչո՞վ է գնահատվում. մեծ վարպետների, ֆիլմերի մասնակցությամբ, որոնք աշխարհի ամենահետաքրքիր ֆիլմերն են ու թողնում են իրենց հետքը կինոպամությունում: Ու, իհարկե, երբ մարդիկ կարոտում են քո փառատոնն ու ուզում են կրկին վերադառնալ: Դա փառատոնի կայացում է նշանակում: Հենց այնպես փառատոնները չեն կայանու, կան մի շարք ցուցանիշներ, որոնք պետք է համապատասխանեն: Սա արդեն 4-րդ թե 5-րդ փառատոնն է, որ, կարծում է, հեղինակային կինոյի համար լուրջ կենտրոն է դարձել:

«Ոսկե ծիրանի» անցած տասը տարին

Տասը տարի առաջ փառատոնը սկսելու երկու պատճառ կար` մեկը վախն էր, մյուսը` ուշադրությունը: Վախ, որ կկորցնենք հայկական կինոն ընդհանրապես, որովհետև փոթորկի, «սարանչայի» նման եկան ու անցան կինոյի վրայով. կինոմատոգրաֆիստները, ովքեր չէին ուզում, որ կինոն լինի ու արեցին դրա համար ամեն ինչ, և այն ժամանակվա մշակույթի ոլորտի ղեկավարները, ովքեր ծախում էին ամեն ինչ` ծախեցին կինոստուդիան, ծախեցին ֆիլմերը, կինոթատրոնները…Մենք կանգնեցինք ավազի վրա առանց կինոյի` հայկական կինոն ամբողջովին աղավաղվեց: Հերիք էր ցանկությունը, որ մենք ստեղծենք մի դաշտ, որտեղ հայկական կինոն կսկսի նորից ծնվել: Ուզում էինք դա անել 4-5 տարում, բայց մեզնից տասը տարի պահանջվեց:

Հայկական կինոյի փառատոնում 40-ից ավելի ֆիլմի ներկայությունը հպարտություն է, որովհետև կան միջին և վատ ֆիլմեր, բայց կան նաև լավ ֆիլմեր: Քանակը միշտ բերում է որակ, ու բերելու է: Հույս ունեմ, որ մյուս տարիներին պիտի ոչ թե զբաղվենք ստիպելով, որ հայկական կինո նկարեն (արդեն շատերը նկարում են), այլ կինոյի տեսակը ստեղծելով: Որովհետև կինոյի տեսակը ստեղծելը հայկական կինոն ներկայացնելն է: Դա մի ամբողջ սերունդի շարժում է, ովքեր կինոյի լեզվով կարող են մտածել ու շարժվել:

«Ոսկե ծիրանի» հաջողության գաղտնիքը

Ցուցադրում է ռեժիսորական կինո, հեղինակային կինո, ազնիվ է. չի վերցնում սպեկուլյատիվ, կոմերցիալ ֆիլմեր, շոուներ, այլ մտածում է միմիայն կինոլեզվի, կինոկրթության, հոգևոր մշակութային կրթության մասին: Ճիշտ ծրագիր, ճիշտ ֆիլմեր, բարի, լավ ընդունելություն: Ընդունելություն բոլորի համար, որովհետև արվեստագետը պետք է զգա, որ իր ֆիլմն այստեղ սիրված է, ինքը` նույնպես:

Կարևոր է, թե ում ձեռքից ես մրցանակ ստանում: Չճանաչված վարպետներից ստացած մրցանակը գնում, կորչում է անհետ: «Ոսկե ծիրան» այցելող մեծամեծների տված մրցանակը նույնն է, ինչ այ ստացած լինես Կաննում:

«Ոսկե ծիրանի» հեռանկարների մասին

Աճելու տեղ չունենք, որովհետև կինոփառատոններն են քիչ, կինոշուկա չենք կարող ունենալ, չունենք դիստրիբուցիա, վարձույթ, որ կարողանանք ավելի մեծացնել փառատոնը: Պետք է 100-ից ավելի ֆիլմ չբերենք, 120 մասնակից չպիտի կանչենք, որովհետև մեր հնարավորությունները շատ քիչ են: Կարծում եմ` պետք է ավելի խորանանք, ոչ թե տարածվենք: Խորանանք վարպետների վրա, որ իրենք վարպետության դասեր կարողանան անցկացնել, բերենք իրենց ֆիլմերը, նաև լավագույնները աշխարհում: Այսօր շատ հետաքրքիր երիտասարդների եմ տեսնում` նկարում են լավ կամ վատ ֆիլմեր, բայց մեջները հետաքրքրություն կա: Կան հնարավորություններ, որոնք դեռ չեն բացվել, բայց մենք, կարծում եմ, կամաց-կամաց կբացենք. նաև մեծ վարպետների ներկայությամբ: Այն շատ կօգնի, որովհետև կտեսնեն, որ վարպետներն էլ են վատ ֆիլմեր նկարում, բայց միշտ աշխատասեր են, նպատակաուղղված խոսելու կինոյի լեզվով:

Ամենակարևորն այսօր` երիտասարդները սկսել են մտածել կինոյի լեզվով: Ու մյուս տարի էլ դուրս են գալու ֆիլմեր, որոնք զարմացնելու են մեզ: Նրանք վերջապես սովորեցին փող գտնել, պաշտպանել իրենց նախագծերը, ու ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում:

Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
---