Լիբանանում կառավարության կազմավորումը տեսանելի է դառնում

Շահան Գանտահարյան.

Լիբանանում կառավարության կազմավորումը տեսանելի է դառնում

PanARMENIAN.Net - Լիբանանն ահա արդեն մի քանի տարի է քաղաքական փոթորիկներով է համակված՝ փոխվում է կառավարության կազմը, Բեյրությում ու այլ խոշոր քաղաքներում պայթյուններ են հնչում: Լիբանանա-սիրիական սահմանը նույնպես անկայունության աղբյուր է, ինչպես նաև «Հեզբոլլահի» գրոհայինները, որոնք փորձում են վերջնականապես պայթեցնել երկիրը ներսից: Այս ամենի և առաջիկա «Ժնև-2»-ի մասին է PanARMENIAN.Net-ին է պատմել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Լիբանանի ներքին անկայունությունը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: Հնարավոր է, որ կառավարության կազմը փոխվի, իսկ ավելի ճիշտ, արդյո՞ք կարելի է նոր ընտրություններ ակնկալել:
Լիբանանյան քաղաքական բեմը մակընթացությունների և տեղատվությունների միջև հայտնված իրավիճակում է։ Այսպես, եթե մի կողմից քաղաքական թնջուկների հանգուցալուծման միտող հայտարարություններ են կատարվում, մյուս կողմից ապահովական հարթությունը հերթական անգամ ենթարկվում է նոր ցնցումների: Կառավարության կազմության ուղղությամբ դրական նախադրյալներ փոխանցող երևույթները ավելանում են, առանց իհարկե իրողական տվյալներ ճշտելու: Տրամագծորեն հակադրված բևեռների միջև հայտարարողական մակարդակի վրա փոխասացությունները մտածելու տեղիք են տալիս, որ տեղաշարժի սկիզբը մոտալուտ է:

Բայց լիբանանյան դիպաշարին հետևելու փորձառություն կուտակած ցանկացած մարդու մտքում մրճահարվում է թերահավատությունը, որ ամեն պահի պատրվակ-պատճառային անմիջական հետևողականությամբ կարող է կտրուկ փուլ գալ լավատեսություն կոչվող լիբանանյան խավաքարտից կառուցված դղյակը, եթե մանավանդ արտալիբանանյան կենտրոններում աշխատող կանաչ լույսերը վերածվեն կարմիրի: Այս հանգրվանին թվում է, որ նարնջագույն լույսը դեպի կանաչի անցում կատարելու կարգավիճակում է և ոչ թե դեպի կարմիրի:

Ի՞նչ եք կարծում, «Ժնև-2» խորհրդաժողովը որևէ արդյունք կտա:
«Ժնև-2»-ը հետզհետե տեսանելի է դառնում: Հատուկ լուսարձակ է խլում ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի հայտարարությունը, որի համաձայն, տարածաշրջանային կարևոր ուժ նկատվող Իրանի գործոնը դրական դերակատարություն պետք է ունենա սիրիական տագնապի հանգուցալուծման ընթացակարգում:

Սրան գուցե նախանշային իմաստ պետք է տալ` միջուկային թղթածրարի հարցով նոր բանակցությունների վերաձեռնարկման մոտալուտ լինելը նկատի ունենալով: Այս պարունակում էլ պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի վերահաստատումը, թե ժամանակը չէ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու:

«Ժնև-2»-ի տեսանելիությանը զուգահեռ, Լիբանանի նախկին վարչապետի սպանության հարցով միջազգային դատարանի նիստերի մեկնարկի հետ կապվող երևույթների մեկնաբանությունը կարիքը ունի հետագա ուղղվածությունների ձևավորման: Ուշագրավն այն է, որ նախապես ամբաստանության սլաքների հասցեատիրոջ հետ կառավարություն կազմելու պատրաստակամությունը հրապարակվում է այժմ` քաղաքական համեմատական լավատեսության նոր երանգ ապահովելով:Իրանի հրավերը հետ կանչելը «ժնև-2»-ից, կարող է որոշակի շեղում գրանցել այս ընթացքից:

Ապահովական գետինը համապատասխան չէ քաղաքական մակարդակի վրա արձանագրվող նոր երևույթներին: Հերմելի պայթումից մինչև Արսալի հրթիռակոծումն ու հյուսիսի վառոդի տակառների պայթուցիկության չափը մտածել են տալիս երկրի ու քաղաքացիների կյանքերին սպառնացող լուրջ վտանգների մասին:

Մինչ, Մոսկվա-Վաշինգտոն հրադադարի համաձայնությամբ և ՄԱԿ-ի նախաձեռնությամբՍիրիայի քիմիական զինաթափման գործողությունների մեկնարկով սիրիական ճգնաժամը հիմնական ձևափոխում է ապրել: Կառավարական և հակակառավարական ուժերի բախումը վերածվել է ծայրահեղ կրոնականության կողմից իրականացվող լայնածիր գործողությունների բանակի դեմ և ապա ներընդդիմադիր ընդհարումների և նույնիսկ ներծայրահեղական հակամարտությունների:

Ծայրահեղականության արմատավորումն ու կայացումը հայտնապես մտահոգել են Արևմուտքը: Իրաքի իշխանությունների սանձազերծած մաքրազտման գործողությունները մտածել են տալիս այս ուղղությամբ համալիր ծրագրի մասին:

Այս տրամաբանության մեջ կարող են դիտարկվել նաև զսպիչ հանգամանքները` Լիբանանը սիրիական տարբերակով չքաոսացնելու: Իրանի գործոնի դրական հանգամանքը տեսնելու կամ իրանամետ ուժերի հետ կառավարություն կազմելու ուղղությամբ պատրաստակամ լինելու: Լիբանանը ծայրահեղականության դիմաց դարպասելու նպատակով մինչև այս գործիքների պտուտակների ամրացումը, չի բացառված, որ այս երկիրը ցնցեն այլ պայթումներ: Կառավարելի քաոսի այս հանգրվանը փակելն անհրաժեշտ է, իսկ այդ հանգրվանի համար նույնքան անհրաժեշտ` կառավարության կազմությունը: Բայց սա արդեն արտալիբանանյան կենտրոններում է որոշվում։

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
---