9  05.08.14 - Ֆրանսիացի դերասանուհի Աննա Մուգլալիս
Լագերֆելդը համոզել է ինձ ու ամբողջ աշխարհին, որ գեղեցիկ եմ

Աննա Մուգլալիս.

Լագերֆելդը համոզել է ինձ ու ամբողջ աշխարհին, որ գեղեցիկ եմ

PanARMENIAN.Net - Թատրոնի ու կինոյի դերասանուհի Աննա Մուգլալիսը ծնվել է Ֆրանսիայի հարավում, հետագայում տեղափոխվել Փարիզ: Հայրը հույն է, մայրը` ֆրանսուհի: Մուգլալիսը հայտնի է` որպես Chanel-ի դեմք, հանրահայտ Կարլ Լագերֆելդի ոգեշնչման աղբյուր և մուսա: Բացի մայրենի ֆրանսերենից ազատ խոսում է անգլերեն, իտալերեն, իսպաներեն, որոշ սահմանափակումներով հասկանում հունարեն: Ամենահայտնի դերը խաղացել է «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» ֆիլմում` մարմնավորելով Շանելին: PanARMENIAN.Net-ը զրուցել է նրա հետ հունական արմատների, դերասանուհի դառնալու ճանապարհի, կոշտ ձայնի, Շանելի, Լագերֆելդի, ձեռագործ զարդերի և այլնի մասին, PAN Photo-ն էլ լուսանկարել դերասանուհուն:

Ինքս իմ մասին հաճախ եմ կարդում` կատարյալ ֆրանսուհի, թեև այդպես չեմ զգում: Դա ավանդական ֆրանսիական կինոարտադրության նրբություններից է` իդեալականացնել դերասանուհիներին: Աննա Մուգլալիս ինձ անվանել են ի պատիվ հույն պապիկիս քրոջ: Ֆրանսիական անուն չէ, և մանկուց բոլորը հարցնում էին` որտեղից եմ: Դա ինձ դուր է գալիս, որովհետև հնարավորություն է ընձեռում պատմություն պատմելու: Ոմանք նույնիսկ պնդում են, որ արտասահմանցու ակցենտով եմ խոսում ֆրանսերեն: Հայրս հույն է, մայրս` ֆրանսուհի: Ես ինձ ֆրանսուհի եմ զգում, թեև կարծում եմ` բոլորն էլ ինչ-որ չափով հույն են: Երբ Հայաստան եկա, այստեղ ինձ զգացի ինչպես տանը` բնությունը, մարդիկ, հարաբերությունները, ամեն ինչ այնքան միջերկրածովյան է, թեև այստեղ ծով չկա:

Փոքր տարիքում երբեք չեմ մտածել դերասանուհի դառնալու մասին: Բավարարվում էի հանդիսատես լինելով: Հետո պատահաբար մետրոյում տրորեցի մեկի ոտքը, իմ կոշտ ձայնով ներողություն խնդրեցի, իսկ նա որոշեց, որ ես պետք է կարդամ իր տեքստերն ու խաղամ իր ներկայացումներում: Տեքստերն ահավոր էին, ես մերժեցի, սակայն իրականում հենց դա դարձավ դերասանական ուղուս սկիզբը: Հետո ինձ առաջարկեցին ընդունվել դերասանական դպրոց: Ընդունող հանձնաժողովի անդամներն ինձ միանգամից դերեր առաջարկեցին և մեկ տարի տարկետում տվեցին:

Նույն ձայնս սակայն ինձ շատ է խանգարել: Ռեժիսորներն ասում էին, թե արտաքինս գլխավոր դերերի համար է, սակայն ձայնիս պատճառով կարող եմ մարմնավորել միայն մարմնավաճառների կամ ծեր կանանց: Առաջարկում էին վիրահատության դիմել, սակայն մերժեցի: Իրականում ավագ սերնդի ռեժիսորներն էին դերեր վստահում, և դա լավ էր: Նրանք միշտ շատ են կասկածում, ամեն կադրի վրա մտածում են: Ես էլ եմ այդպիսին: Նրանցից շատ բան սովորեցի:

Կոկո Շանելը նույնպես իդեալական չէր: Նա ստեղծեց նորաձևության կայսրություն, ֆրանսիական ճոխությունը, գլամուրը: Բայց բնավորությամբ պարզապես անտանելի էր: Նա արեց այն, ինչ մինչև այդ ոչ մի կին չէր արել: Մինչև «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» ֆիլմն արդեն 8 տարի աշխատում էի Chanel նորաձևության տան հետ: Գործիս բերումով նրա մասին գիտեի գրեթե ամեն ինչ: Դերը ստանալով` կարդացի Շանելի մասին ամեն հնարավոր բան: Բարեբախտաբար, ով Շանելի հետ թեկուզ 5 րոպե հանդիպել էր, այդ մասին գիրք էր գրել, և ես կարդացի բոլորը: Իրականում շատ բարդ էր` հասկանալ ինչպիսին է նա եղել, 2 պաշտոնական կենսագրությունը, որոնք գրվել են Շանելի անմիջական հսկողության տակ, նրան բոլորովին տարբեր կողմերից էին ներկայացնում: Ի վերջո նրան խաղացի այնպես, ինչպես ինքս էի պատկերացնում:

Ֆիլմում «հորինում» էի Chanel N5 օծանելիքը, իրական կյանքում Chanel Allure Sensuelle-ի դեմքն եմ: Սակայն եթե ընտրելու լինեմ, միանշանակ N5: Այն մի ամբողջ պատմություն է: Այն մեր այսօրվա պատկերացմամբ առաջին օծանելիքն է, քանի որ մինչև այդ դրանք ընդամենը մեկ բույր էին ներառում` մի ծաղկի, մի յուղի, իսկ Շանելը փունջ ստեղծեց:

Կարլ Լագերֆելդը նայում է ինձ, լուսանկարում այնպես, կարծես տեսնում է ներաշխարհս, ցույց է տալիս այն Աննային, որ անգամ ես չեմ ճանաչում: Նա ինձ շատ է օգնել: Շատ դժվար է հասկանալ` ով ես դու և ինչ ես ուզում, եթե, իհարկե, հանճար չես, իսկ ես հանճար չեմ: Նա փոխել է ինձ, ցույց է տվել իմ յուրօրինակությունը: Համոզել է ինձ ու ամբողջ աշխարհին, որ գեղեցիկ եմ: Նա հիանալի մարդ է: Ունի գրքերի, լուսանկարների, հագուստի հինալի հավաքածու: Հասկանում է նկարչությունից, ճարտարապետությունից, երաժշտության իսկական գիտակ է: Ես հիանում եմ նրանով, նա ինձ տվել է այն, ինչ ոչ ոք ուրիշ չի կարող տալ` անհատականություն լինելու համարձակություն:

Նկարահանվել եմ մոտ 20 ֆիլմում: Chanel-ի հետ գործակցությունն ինձ ինչ-որ առումով ազատություն է տալիս, քանի որ դրանից աշխատած գումարով ապրում եմ, իսկ ֆիլմերում նկարահանվելու համար արդեն կարող եմ ազատ ընտրություն անել: Դրանք հիմնականում փոքր բյուջեով հեղինակային ֆիլմեր են: Հաջորդ ֆիլմս էլ, որի նկարահանումները սկսվելու են սեպտեմբերին, փոքր բյուջե ունի, ֆրանսիական է, շատ լավ գրված սցենարով ու լավ ռեժիսուրայով: Այն զույգի ամուսնալուծության մասին է: Հետո կնկարահանվեմ մի ֆիլմում, որտեղ կմարմնավորեմ ֆոտոլրագրողի, որը զբաղվում է կանանց թրաֆիքինգի հարցերով: Շատ բարդ, ծանր պատմություն է: Դերի մեջ մտնելու համար շատ եմ կարդում, ամբողջովին նվիրվել եմ դրան: Հիմա ֆոտոլրագրություն եմ ուսումնասիրում, սովորում եմ լուսանկարել, լուսանկրաչական ապարատի հետ վարվել: Շատ եմ կարդում թրաֆիքինգի մասին:

Բեմի հանդեպ վախը միշտ կա: Երբ խաղում էի թատրոնում, տանը պատրաստվում էի, շպարվում և միայն ներկայացումից 5-10 րոպե առաջ գալիս թատրոն, որ չհասցնեմ շատ վախենալ: Թեև ժամանակի ընթացքում սովորեցի այդ վախը փոխել ոգևորությամբ: Դա հիանալի զգացում է: Իհարկե, հիմա այլևս այդքան հաճախ չի պատահում:

Երազում եմ որպես ռեժիսոր ներկայանալու մասին: Մի քանի տարի առաջ սցենար գրեցի, փորձում էի ինքս ֆիլմ նկարահանել, սակայն գումար չգտա: Այդ ժամանակ ինքս իմ ձեռքով ինչ-որ բան նախագծելու, դրա համար գումար հայթայթելու ու ստեղծելու անտանելի կարիք էի զգում, ինչ-որ շոշափելի բան: Սկսեցի զբաղվել ոսկերչութայմբ: Ուսումնասիրեցի նրբությունները, սովորեցի տեխնիկան: Հիմա ունեմ թանկարժեք ձեռագործ զարդերի սեփական հավաքածու, կոչվում է Ego sur Mesure (ընտրովի էգո): Դրանք շատ նուրբ են, կարծես կրողի էգոյի մի մասնիկը լինեն:

Աղջկաս հետ հարաբերությունները սկզբում շատ բարդ էին: Ինձ համար բարդ է ամեն ինչ, ինչ կապված է կախվածության հետ: Իսկ երեխան կախվածություն է: Ամեն մարդ, իհարկե, մի կախվածություն ունի` մեկը ալկոհոլից, մեկը քաղցրից, ես էլ՝ ծխախոտից: Ուզում եմ, որ նա ազատ լինի: Իհարկե, գիտակցում եմ, որ նա մարդ է, անհատականություն: Իմ աշխատանքը թույլ է տալիս տանը շատ լինել, և երբ ստիպված եմ լինում բացակայել, նա դժվարանում է դա հասկանալ: Սակայն այս անվերջ ճանապարհորդություններն էլ, իհարկե, երեխայի համար չեն:

Մասնագիտությունս իրոք սիրում եմ: Այն թույլ է տալիս տարբեր կյանքերով ապրել: Ցանկացած մանրուք կարող է ինձ ոգեշնչել, ուրախություն պարգևել: Կյանքը հիանալի է: Միշտ հիշեք` այն հիասքանչ է:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
---