Շառլ Ազնավուր.Հպարտ մի եղեք, պարզապես աշխատեք15 սեպտեմբերի 2014 PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի Greek Theater համերգասրահում սեպտեմբերի 13-ին կայացած համերգով մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի 3 շոուից բաղկացած շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում: Առաջիկայում սպասվում է ևս երկու համերգ` Մոնրեալում ու Նյու Յորքում: «Ես չափազանց ծեր եմ շրջագայության համար», ասում է նա ու 90 տարեկանում պատրաստվում համերգների նաև Անտվերպենում ու Մոսկվայում, մինչև դեկտեմբերին Փարիզում նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները սկսելը: The Hollywood Reporter-ին Ավինյոնի իր առանձնատանը տված հարցազրույցում մեծն շանսոնյեն խոսել է աշխատանքի, դիվանագիտության, հայ-թուրքական հարաբերությունների, նոր աստղերի, ժամանակակից երաժշտության ու իրական արժեքների մասին: Ի՞նչն է Ձեզ ստիպում այսքան ջանասիրաբար աշխատել մի տարիքում, երբ մարդկանց մեծամասնությունը թոշակի է անցնում: Երբ մշտապես չեք աշխատում ու նոր գաղափարներ չունեք, այդ ժամանակ եք ծերանում, և դա է ամենասարսափելին: Ծնկներս են ծանրացել, բայց քանի դեռ ուղեղդ գործում է, ամեն ինչ աշխատում է: Ես բազում ծրագրեր ունեմ առաջիկա տասը տարվա համար: Ուզում եմ միակ երգիչը լինել, որ դեռ բեմում կլինի 100 տարեկանում: Դա հրաշալի կլինի, միակն աշխարհում: Միայն տասը տարի է պետք սպասել: Դժբախտաբար, դա շատ կարճ ժամանակ է: Ինչպե՞ս եք մոտենում Ձեր դերին` որպես դեսպան: Կարող եմ ակտիվ դիվանագետ լինել: Օրինակ՝ մենք 12.000 մարդ ենք Սիրիայից բերել Հայաստան: Մենք պետք է նրանց դուրս հանենք երկրից, որովհետև նրանք կսպանվեն քրիստոնյա լինելու համար: Ոչ միայն քրիստոնյա հայերը, այլև եզդիներն ու քրդերը, որոնք մահմեդական են, սակայն այլ կերպ են ապրում: Սա քաղաքականություն չէ, բնավ քաղաքականության հարց չէ, այլ` դիվանագիտության:
Ես աշխատում եմ և հետո նոր ասում մարդկանց, թե ինչ եմ արել: Չեմ հարցնում նախագահին՝ ինչ պետք է անեմ: Մտածում եմ՝ դա չափազանց բարդ կլիներ: Օրինակ՝ առաջիկայում հանդիպում ունեմ Թուրքիայի դեսպանի հետ, ինչը հազվադեպ բան է: Չեմ ուզում ասել այդ մասին մինչև չգնամ, որովհետև նրանք կասեն՝ «Մի՛ արա դա» կամ «Մի՛ գնա այնտեղ», իսկ ես ուզում եմ ազատ մարդ լինել: Խնդիրներ կան ոչ միայն թուրքերի հետ, որոնք չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև որոշ հայերի հետ, որոնք չեն ուզում` ես բարեկամական լինեմ թուրքերի հետ: Նրանց դեմ ոչինչ չունեմ, որովհետև նրանք չեն իրագործել ցեղասպանությունը, այլ` նրանց պապերը: Ապրիլի 15-ին կլինի արդեն 100 տարի, ինչ թուրքերը չեն ճանաչում Ցեղասպանությունը, և եթե ես կարող եմ այդ հարցում ինչ որ կերպ օգնել, կանեմ դա: Հուսով եմ` կարող եմ օգնել, որպեսզի երկու երկրների միջև մի բան տեղի ունենա: Ձեր մարդասիրական գործունեությունը դրա շարունակությո՞ւնն է: Իմ հիմնադրամն ունեմ` «Ազնավուրը՝ Հայաստանին»: Շատ բարդ է, երբ հեռուստամարաթոն կամ նման մի բան չունես, բայց ես կառուցեցի այն: Ամեն ինչ ինքնուրույն եմ անում: Բարեգործական համերգներ եմ կազմակերպում ու նաև երգերիս եկամտի մի մասը փոխանցում: Համերգներին հազարավոր տոմսեր են վաճառվում, այնպես որ դրա համար գումար է ճարվում: Ոչ մեկին չեմ խնդրում նվիրատվություն անել: Ներսից եմ աշխատում, այդ ամենը գալիս է սրտիցս ու ուղիղ գնում այնտեղ: Ամեն տարի գնում եմ Հայաստան` պարզելու` որոնք են մարդասիրական կարիքներն ու դրանցից որոնք են հրատապ: Մենք կառուցել կամ վերանորոգել ենք 47 դպրոց ու վիրաբուժական 3 կենտրոն: Բայց հստակեցնեմ` ես քաղաքականության հետ կապ չունեմ: Չեմ ուզում: Իմ հանդիսատեսի շարքում կան բոլոր կրոնների, գույների, խավերի ու լեզուների մարդիկ: Չեմ պատրաստվում մեկին մյուսի պատճառով դավաճանել: Ես բաց եմ բոլորի համար, ում դուր են գալիս իմ երգերը: Նաև իմ հաճույքի համար եմ այցելում տարբեր երկրներ: Գնացել եմ Կամբոջա ու Թաիլանդ, ոչ թե ծովափ, այլ երկրի ներսում շրջել, լուսանկարներ արել: Եղել եմ Չինաստանում, այնտեղ չեմ երգել, բայց ուզում եմ համերգ կազմակերպել: Դուք նկարահանվել եք ավելի քան 70 ֆիլմում, իսկ վերջերս հնչունավորեցիք «Դեպի վեր» ( Up) մուլտֆիլմի ֆրանսերեն տարբերակը: Նոր դերե՞ր առաջիկայում: Հոգնել եմ կինոյից: Խաղալը շատ ժամանակ է խլում: Չեմ ուզում 2 ամիս անցկացնել ընտանիքիցս ու աշխատանքիցս հեռու: Եթե փոքրիկ դեր է, կընդունեմ, բայց ինձ գրելու ժամանակ է պետք: Վերջին 4 կամ 5 տարին գիրք եմ գրում, արդեն 7 հատ, իսկ հիմա առաջին անգամ վեպ եմ գրում: Հենց նոր եմ ավարտել մյուզիքլի վրա աշխատանքները, որը կբեմադրվի Բրոդվեյում` «Ապրիր կյանքը» (Vive le Vie): Մի բան կա, որի շուրջ ուզում եմ խոսել Ատոմ Էգոյանի հետ: Ինձ տեսնում եմ փոքր դերում: Թեման շատ անսովոր է, մի բան է, որ նախկինում չի արվել: Ես այն հատուկ ինձ համար չեմ գրել, բայց մի փոքրիկ մաս կա, որ կարող եմ խաղալ: Եթե նա համաձայնի, շատ լավ: Պատրաստվում եմ նրան հանդիպել Կանադայում ու փոխանցել պատմվածքը, տեսնենք` ինչ կլինի: Կհանդիպենք սեպտեմբերին, երբ գնամ Մոնրեալ:
Կան արդյոք փոփ աստղեր, որոնցով հիանում եք կամ ուզում գործակցել, կամ նոր երաժշտություն, որ հավանում եք: Ես տեսնում եմ նոր աստղերին, գնում եմ նրանց ձայնագրությունները, բազում զուգերգեր եմ կատարել ռոք աստղերի հետ: Գիտեք, չկան «երաժշտության ոճեր», «երաժշտության տեսակներ». կա երկու տեսակ` լավը և վատը: Շատ եմ գրել, որ օգնեմ երիտասարդներին հասկանալ` այն, ինչ անում ենք, հեշտ չէ: Դու չես կարող մեկ օրում աստղ դառնալ: Շատ կարևոր է երիտասարդությանը ստիպել դա հասկանալ: Նրանք երգում են ու երբեք մեծ աստղ չեն դառնա, քանի որ երգում են այն, ինչ կարծում են՝ լավ է, բայց նմանակում են ամերիկացիներին, որը նրանց մայրենի լեզուն չէ: Ես չգիտեմ որևէ ֆրանսերեն երգ, որը վերջերս հայտնի է դարձել Ամերիկայում մինչև La Vie en Rose, C’est Si Bon երգերը, հզոր ֆրանսերեն երգեր: Փոփ երգեր. ամերիկացիները դրանք շատ ավելի լավ են կատարում: Այդ դեպքում ի՞նչ եք մտածում ֆրանսերեն լեզվի կարգավիճակի մասին: Ֆրանսիական երաժշտությունն աստիճանաբար վերադառնում է: Ֆրանսիացիները երբևէ ռիթմ չեն հնարել, մենք ունենք տանգո և ջազ, բայց ամեն ինչ դրսից է եկել: Եվ դրանք օգտագործել եմ ֆրանսերեն տեքստերի հետ, միացնելով դրանք, ինչն աշխատում է: Ես ֆրանսիացի արտիստ եմ, ոչ ամերիկացի, իտալացի կամ հայ: Ես ֆրանսիացի եմ, և ուզում եմ հանդիսատեսին ցույց տալ լավագույնը, ինչ մենք կարող ենք անել Ֆրանսիայում: Մենք երգի լավագույն տեքստեր գրողն ենք, քանի որ լեզուն կենդանի ենք պահում: Երիտասարդները վերադառնում են դեպի ֆրանսիական երաժշտություն և նրանք հպարտանալու են իրենց մշակույթով: Այդ բոլոր մրցութային շոուները, The Voice, Do you Know the Lyrics?, գալիս են ու կարծում, թե աստղ են, բայց երբեք էլ չեն լինի: Գուցե տասը հազարից մեկին դա հաջողվի: Միգուցե: Եվ շոուները դա վաճառում են իբրև երազանք, սակայն կարող է մի օր մղձավանջ դառնալ: Մենք պետք է երիտասարդներին ստիպենք հասկանալ` դա այդպես չի արվում, դա բարդ աշխատանք է: Ես այս թեմայով 3 գիրք ունեմ և արդեն գրում եմ 4-րդը: Դրանք շատ լավ են ընդունվել: Երկխոսություն եմ սկսել երիտասարդների ու շոու-բիզնեսի մարդկանց հետ: Ես եմ «բոսը» այս երկրում: Սինատրան տեր էր Ամերիկայում, Խուլիո Իգլեսիասը` Իսպանիայում, և, իհարկե, ես եմ «շեֆը» Ֆրանսիայում: Կարծում եմ կարևոր է ունենալ մեկը, ում կհետևես: Ես էլ եմ «բոս» ունեցել` Պիաֆ, Շառլ Թրենե, Մորիս Շեվալյե: Նրանք լավագույնն էին:
Նոր ալբոմի համար թեմա կա՞ արդեն: Անցյալը: Բաներ, որ ապրել եմ, բաներ, որ տեսել եմ: Առաջին անգամ երգ եմ գրել պատերազմի մասին: Առաջին անգամ է, մինչև այդ չէի գրել: Բայց գիտեք, գաղափարները միշտ սավառնում են օդում, և հիմա դրանք բոլորը վերադառնում են, և ես էլ եմ դրանց հետ վերադառնում: Գրեթե վերջացնում եմ գրելը: Որոշ բաներ եմ շտկում: Երբեք լիովին չեմ գոհանում արածովս: Պետք է դրա վրա աշխատեմ նորից ու նորից, ու նորից: Մեկ բառի համար կարող եմ երկու գիշեր չքնել, ընդամենը մեկ բառի, որ ականջիս համահունչ չի թվում: Ոչ ոք չի կարող մեկ բառ փոխարինել իմ երգերում: Ոչ ոք: Բառերն իմ հպարտությունն են: Նայեք, այս պատն ամբողջովին պատված էր ոսկե ձայնասկավառակներով: Եվ ինքս ինձ այստեղ մշտապես տեսնելով, պետք է ասեի` «Բավական է»: Պետք է սրանք փոխարինեմ ընտանիքիս ու ընկերներիս լուսանկարներով: Ամբողջ պատը պետք է լուսանկարներ լինեն: Դա ավելի լավ է, քան ոսկե ձայնասկավառակներով պատը: Էլ ոչ մի «Նայեք, այսքան ձայնագրություն եմ վաճառել»: Ես հիմա ազատ եմ: Այստեղ է Legion d’Honneur (Պատվի լեգեոն) մեդալը: Այն անկյունում եմ դրել, որ մարդ չտեսնի: Առաջ հպարտ էի, հիմա դադարել եմ: Երիտասարդներին ասում եմ` հպարտ մի եղեք, պարզապես աշխատեք: | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |