7  08.09.15 - Տիգրան Ձիթողցյան - նկարիչ
Նյու Յորքում ուժ էր տալիս միտքը, որ եթե չստացվի էլ, չեմ փոշմանի, որ չեմ փորձել անել ամեն ինչ

Տիգրան Ձիթողցյան.

Նյու Յորքում ուժ էր տալիս միտքը, որ եթե չստացվի էլ, չեմ փոշմանի, որ չեմ փորձել անել ամեն ինչ

PanARMENIAN.Net - Դեռ հունիսից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրվում է նյույորքաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքից 6 աշխատանք, որոնք նկարիչը հենց Նյու Յորքից է բերել ցուցադրության: Ձիթողցյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի գեղարվեստի ակադեմիան, որից հետո կրթությունը շարունակել Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում: Ավելի ուշ նկարիչը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ էլ մինչև օրս ապրում է: PanARMENIAN.Net-ը զրուցել է նկարչի հետ իր անցած ուղու, «Հայելիներ» շարքի ու Նյու Յորքի մասին, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել նրան:

Մատիտներից յուղաներկի անցումը

Ծնողներիս շնորհիվ գեղեցկության ու արվեստի մեջ էի մեծանում: Մայրս երաժիշտ էր, ու տանն էլ միշտ երաժշտություն էր հնչում: Բոլոր երեխաների պես մանկուց սկսեցի նկարել, ուղղակի, երևի, ինձ դա ավելի դուր եկավ, քան մյուսներին: Արվեստի գործերով գրականություն էի թերթում, ու ինձ միշտ հետաքրքրում էր՝ ինչպես են գույներն իրար խառնվում: Ծնողներս մատիտներ էին գնել, որոնցով, իհարկե, երբեք չէի կարողանա այնպիսի գույներ ստանալ, ինչպիսին նայածս գրքերում էին: Մի օր վերջապես փորձեցի յուղաներկը. 5 տարեկան էի... ու մինչև օրս էլ դրանով եմ աշխատում: Երաժշտությունն ինձ նույնպես ձգում էր, բայց հասկացա, որ միևնույն ժամանակ երկու բանով զբաղվել չեմ կարող ու ընտրեցի նկարչությունը, չնայած ամեն ինչ փորձել եմ՝ սկսած սպորտից, վերջացրած երաժշտությամբ:

Եթե ոչ արվեստը, ապա...

Գուցե ճարտարապետությամբ զբաղվեի: Կարծում եմ, որ կյանքիս ընթացքում դեռ կհասցնեմ: Սիրում եմ ու հետևում այդ ոլորտին, ու, երևի, երկրորդ ընտրությունս հենց ճարտարապետությունը կլիներ: Ժամանակակից ճարտարապետությունն եմ հավանում, իմ նախագծերն էլ եմ գծում, որոնք, իհարկե, դժվար իրականություն դառնան, բայց ո՞վ գիտի՝ գուցե մի օր, եթե որոշեմ լրջորեն այդ ոլորտով զբաղվել, ավելի շատ ժամանակ կտրամադրեմ ու ավելի լուրջ նախագծեր կանեմ: Ճարտարապետությունից հետո երաժշտությունը կընտրեի:

Ցուցահանդեսային կյանքը

Մեր տունն ինտելեկտուալ ակումբի պես տեղի էր վերածվել՝ բոլորը գալիս էին լավ երաժշտություն լսելու, բարձր թեմաներից խոսելու: Շատերն էին գալիս մեր տուն դիտելու աշխատանքներս: Հենրիկ Իգիթյանն էլ, հավանաբար, ինչ-որ տեղից լսել էր դրանց մասին, ու, քանի որ զբաղվում էր մանկական արվեստով, հետաքրքրվել: 8 տարեկան էի, երբ սկսեց խոսել իմ անհատական ցուցահանդեսը բացելու իր ցանկության մասին: Ծնողներս դեմ էին, ասում էին՝ փոքր եմ, բայց 10 տարեկանում Իգիթյանը բացեց առաջին ցուցահանդեսս իր կենտրոնում՝ 103 աշխատանքով: Երևանում այն մեց հաջողություն ունեցավ, ավելի ուշ կիսվեց երկու մասի՝ մի մասն ուղարկվեց Եվրոպայով ցուցադրությունների, մյուսը՝ Հայատսանի տարբեր մարզերով: Այդպես էլ սկսվեց իմ, այսպես կոչված, մանկական կարիերան:

Բացման ժամանակ շատ ուրախ էի, բայց միաժամանակ հանգիստ էի վերաբերում դրան: Մոտս ինչ-որ կոնկրետ վերջնակետի հասնելու ցանկություն երբեք չի եղել, ու մինչև հիմա էլ այդպես է (ի դեպ, մինչև հիմա իմ մասին գրված հոդվածները չեմ կարդում): Երբ ամեն անգամ նայում եմ աշխատաքներիս, տեսնում եմ, թե զարգանալու համար որ ուղղությամբ պետք է շարժվել: Երբեք չեմ մտածում, որ եթե ինչ-որ ցուցահանդես եմ բացել, ուրեմն ինչ-որ բանի հասել եմ: Հակառակը՝ ամեն անգամ «պլանկան» ևս մեկ աստիճանով եմ բարձրացնում, ու յուրաքանչյուր ցուցահանդեսը բացելուց հետո արդեն առաջ եմ նայում ու մտածում, թե հետո ինչ եմ անելու: Գլխումս զուգահեռ մոտ 5 շարք ունեմ գծած, բարդն ընտրելն է՝ որից սկսել, քանի որ ձեռքերս ավելի դանդաղ են աշխատում, քան ուղեղս:

Իսկ ցուցահանդեսը հաճելի բան է: Ստուդիայում ամիսներով մեկուսացած աշխատանքից հետո այն շփվելու համար է, երբ հանդիսատեսի հետ կիսվում ես քո արվեստով, աշխարհայացքով: Այդ մի քանի օրվա ընթացքում հետ եմ ստանում այն, ինչն ամիսներ շարունակ տվել եմ, թեև այդ ամենն ավելի կարճ է տևում:

Հայաստանից 18 տարի առաջ եմ գնացել և այս ընթացքում այստեղ ոչ մի անգամ չէի ցուցադրվել: Գուցե, այդքան հետաքրքրություն չկար առհասարակ արվեստի հանդեպ, որովհետև մարդկանց համար այլ բաներ էին կարևոր: Հիմա, կարծում եմ, այդ հետաքրքությունը մեծանում է, ինչի մասին փաստում է, օրինակ, նույն Գաֆէսճեան կենտրոնը: Երբ առաջին անգամ այցելեցի, միանգամից ուզեցի մի օր այդտեղ ցուցադրվել: Նրանց աշխատողները շատ լավ մասնագետներ են՝ Նյու Յորքում ու Եվրոպայում ցուցադրվելիս, օրինակ, նման վերաբերմունքի չեմ արժանացել:

Արվեստ սիրելու թրենդը

Ժամանակակից արվեստում ակտիվ փոփոխություններ են կատարվում: Այն ամեն տեղ տարբեր է՝ Նյու Յորքում այլ է, Չինաստանում՝ այլ, Բեռլինում՝ ևս: Եթե խոսում ենք Նյու Յորքի մասին, որտեղ ապրում եմ, ապա տեղի արվեստը հիմա էքսպերիմենտալից գնում է դեպի ավելի կոմերցիոն, որովհետև շատ լայն մասսաներ են հետաքրքրվում դրանով՝ արվեստ սիրելն այսօր թրենդ է: Դրա արդյունքում էլ առաջացավ ավելի մատչելի արվեստ՝ արվեստասերների ցուցակում ընդգրկելով լայն մասսաներին ու այդպիսով այն դարձնելով ավելի կոմերցիոն, այսինքն՝ ամեն ինչ կենտրոնացավ վաճառքի վրա: Բայց, կարծում եմ՝ դա էլ է ժամանակավոր, ու արդեն մոտակա 10-20 տարվա մեջ փոփոխություններ կլինեն:

Թաքնվելով սեփական պատկերի հետևում

«Հայելիները» վերջին շարքս է՝ նվիրված անձին: Ուղղակի շուրջս եմ նայում, ու տեսնում, որ սելֆիի գաղափարը շատ կարևոր տեղ է գրավել: Այն փոխում է լուսանակրչության պատկերը: Ու ինձ հետաքրքրում էր՝ ինչպես են մարդիկ զգում իրենց ներկայությունը: Ինչ-որ բոլորովին նոր մոտեցում ստեղծվեց՝ աղջիկները, օրինակ, գիտեն, թե որ ռակուրսն է ավելի հաջող, ինչպես ժպտալ, ու այդ գնալով պատկերի մանիպուլյացիա դարձավ: Դիտարկման համար մտա ծանոթության տարբեր կայքեր, որտեղ աղջիկների 90 տոկոսը շատ գեղեցիկ են թվում, որովհետև բոլորը կարողանում են օգտագործել այդ մանիպուլյացիան, այսինքն՝ լավ ռակուրս ընտրել, տարբեր հավելվածներում դրանք ճիշտ ֆիլտրերով մշակել... Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է մարդն իրեն պատկերացնում ուրիշների աչքերով, ինչպես կներկայացներ իրեն՝ թաքցնելով իսկական դեմքը: Ստացվում է, որ այսօր Facebook-ով, Instagram-ով կամ ցանկացած այլ սոցցանցով կարող ես ինչ-որ մեկի հարյուրավոր լուսանկարները նայել առանց իր մասին որևէ ինֆորմացիա ստանալու, նույնիսկ նրա իսկական արտաքինի մասին, որովհետև այդ բոլոր ֆիլտրերն անգամ իսկական մաշկն են փոխում ու այլ պատկեր ստեղծում, որը մարդուն ուղղակի անճանաչելի է դարձնում:

Ձեռքերը, որոնցով կտավներիս վրա դեմքերն փակված են, այդ ինֆորմացիան է, ֆիլտրերը, որոնցով մարդիկ փակում են իրենց դեմքը՝ թաքնվելով դիմանկարի հետևում, որը հենց իրենք են ստեղծում, ու ներկայանում այնպես, ինչպես ուզում են, որ մարդիկն իրենց տեսնեն: Կանանց «Հայելիներ» շարքը հենց նրանց այդ ոչ իրական պատկերներն են: Իսկ դրանց սևուսպիտակ լինելու պատճառն այն է, որ այդ գույները դիստանցիա են ստեղծում, ժամանակի դեկոլաժ, այսինքն՝ գունավորը դա այսօր ու հիման է, իրականությունը, իսկ սևուսպիտակը՝ ժամանակից ու իրականությունից կտրվելու հնարավորություն:

Արվեստի կենտրոնը

Նյու Յորքը ֆանտաստիկ քաղաք է, որն ընտրության հնարավորություն է տալիս: Այնտեղ կա ամենալավն ու ամենավատը: Ինձ այդ քաղաքը տալիս է այն էներգիան, որն օգնում է ստեղծագործել: Նյու Յորքն իրոք չի քնում՝ կարող եմ օր ու գիշեր աշխատել, նկարել, գիշերվա ժամը 4-ին կամ 5-ին դուրս գալ մինչև քնելը մի քիչ զբոսնելու, ու երբ տեսնում եմ, թե նույն վայրկյանին շուրջս ինչքան բան է կատարվում, ինձ անընդհատ թվում է, որ եթե հիմա քնեմ, ինչ-որ բան բաց կթողնեմ:

Արվեստագետը պետք է ապրի տարբեր մշակույթներում, ու ամբողջ պատմության ընթացքում էլ արվեստագետները, հիմնականում, գնացել են կենտրոն՝ առաջ շարժվելու, զարգանալու համար: Նյու Յորքն այսօրվա արվեստի կենտրոնն է, ու սկզբից ինձ համար այնտեղ շատ դժվար էր: Քանի դեռ դու տեղացի աստղ չես դառել, քեզ չեն ճանաչում: Իսկ եթե ճանաչված չես, ուրեմն «0» ես, ու ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Նույնն էլ կատարվեց ինձ հետ՝ ինձ ասացին՝ «դու «0» ես»: Բայց ինձ դա չէր վախեցնում:

Առաջին ցուցահանդեսս Նյու Յորքում անցկացվեց, երբ դեռ 14 տարեկան էի, ու հենց այդ ժամանակ էլ ուղղակի հիվանդացա այդ քաղաքով, ու միշտ մտածում էի, որ մի օր պետք է հետ գնամ: Այդպես էլ եղավ: Անընդհատ մտածում էի, որ նույնիսկ եթե մոտս ոչինչ չստացվի, չեմ փոշմանի, որ չեմ փորձել: Տարեցտարի ռիսկի դիմելն ավելի դժվար է դառնում: Նյու Յորք տեղափոխվելը կյանքիս ամենամեծ ռիսկն էր:

Առաջին 3 տարին շատ ծանր էին. հոգեպես: Պայքարի տարիներ էին, ամեն ամիսն էր պայքար: Ինձ ուժ էր տալիս միտքը, որ եթե նույնիսկ չստացվի, չեմ փոշմանի, որ չեմ փորձել ամեն ինչ անել: Ոչ թե ուղղակի չեմ փորձել, այլ հենց անել ամեն ինչ չեմ փորձել: Օրական 20 ժամ նկարում էի, ընթացքում 15-15 րոպե քնում: Ամբողջությամբ տրվեցի արվեստին՝ փորձելով անել ամենը, հնարավորինս շատ ժամանակ տրամադրել, աշխատել, հասունանալ, զգալ Նյու Յորքն ու արդյունքի հասնել: Ու այդպես էլ եղավ: Շատ «քիթը տնկած» քաղաք է, բայց այսօր ինձ համար ամենալավ տեղն է:

Հ.Գ. Եթե այս ընթացքում դեռ չեք հասցրել տեսնել նկարչի ցուցահանդեսը, շտապեք՝ սեպտեմբերի 20-ին այն փակվում է: Սեպտեմբերի 10-ից մուտքը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահ, որտեղ ներկայացված է ցուցադրությունը, լինելու է անվճար:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
21  18.06.15 - Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» ցուցահանդեսի բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
---