Հայաստանը տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետը կունենա

Գևորգ Գասպարյան.

Հայաստանը տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետը կունենա

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջիկայում տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետն է ստեղծվելու, մեր երկրի ևս 40 արահետ գծանշվելու է: PanARMENIAN.Net-ը զրուցեց «Հայ լեռնագնացների ընկերակցություն» հասարակական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի (AHA Armenia) նախագահ, լեռնագնաց Գևորգ Գասպարյանի հետ, որը պատմեց մանրամասները:

Տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետը

2013-ին Լոս Անջելեսում ստեղծված հայ լեռնագնացների ընկերակցության (Armenian Hikers Association) մասնաճյուղը Հայաստանում՝ Հայ լեռնագնացների ընկերակցություն-Հայաստանը (գրանցվել է 2016-ի աշնանը), 2017-ի աշնանը խոշոր ծրագիր կսկսի իրականացնել: Տարածաշրջանի ամենաերկար արշավային արահետն է ստեղծվելու, որը կձգվի Վրաստանից մինչև Իրանի սահման՝ Հայաստանի տարածքով և կկոչվի «Հայկական լեռնաշխարհ»:

Նպատակը Հայաստանի մեկ գյուղը մյուսին կապելն է՝ միավորելով մշակութային կոթողներն ու բնության հուշարձանները: Այդ արահետով անցնելով՝ զբոսաշրջիկները նաև կմնան գյուղերում՝ ծանոթանալով տեղի մշակույթին: Նմատատիպ արահետներ եվրոպական երկրներում էլ կան: Դա հայտնի մեթոդ է, որն օգուտ է բերում գյուղերին, զարգացնում համայնքները:

Արահետը նախատեսված է լինելու զբոսաշրջության ցանկացած տիպի համար, ինչպես նաև բոլոր տուրօպերատորների, առանց որևէ սահմանափակման:

Պարտադիր չէ, որ զբոսաշրջիկն ուղին ամբողջությամբ անցնի. նա կարող է արշավել հատվածներով: Օրինակ՝ մի քանի մարզ անցնել, հետո ճանապարհը շարունակել մեքենայով: Նախնական հաշվարկով քայլարշավային ուղին մոտ 600 կմ երկարությամբ կլինի, որի քարտեզն ու գյուղերի ցանկն արդեն պատրաստ են:

Արահետը ստեղծելու հստակ ժամկետներ դեռ չենք սահմանել, քանի որ ծրագիրն աննախադեպ է: Կարծում եմ՝ մի քանի տարվա աշխատանք է, մոտ 5 տարում ամբողջը, հավանաբար, պատրաստ կլինի: Սկզբից մի հատվածը կկառուցենք, մաս-մաս կգործարկենք, հետագայում արդեն մյուսները, և կմիացնենք իրար:

Ամբողջ արահետը Լոռիից Տավուշ է ձգվելու՝ Դսեղով, այնուհետև Տավուշից Դիլիջան, ապա՝ Կալավան գյուղով դեպի Գեղարքունիք, Սևանի ավազանի Արեգունի լեռնաշղթայի ստորոտով դեպի Վարդենիս և Վայոց ձոր: Այնուհետև ուղու մի ճյուղը տանելու է դեպի Արցախ, և այդ հատվածն արդեն մասամբ կառուցված է:

Հայաստանի 40 արահետի գծանշում

Հայաստանում քայլարշավային, արկածային տուրիզմը զարգացնելու համար առաջին փուլով ծրագրեցինք երկրի ամենահայտնի, ամենաշատ օգտագործվող արշավային արահետների գծանշումները: Զբոսաշրջիկները, որոնք քայլարշավում էին դրանցով, դժգոհում էին, թե Հայաստանում ոչ մի ենթակառուցվածք չկա: Խոսքը ցուցանակների մասին է՝ եթե ուղեկցորդ չեն ունենում, մարդիկ կարող են հանգիստ մոլորվել:

2017-ի մայիսի վերջին արդեն կավարտենք 40 արահետի գծանշումը:

Ինչ է իրենից ներկայացնում արահետային ցուցանակը

Ցուցանակի համար որոշեցինք չմշակված քարեր օգտագործել. դրանց վրա կփակցվի պիտակներով պլաստիկից շերտ, որոնց վրա նշված կլինի արշավային արահետի ուղղությունը, վերջնակետը, հեռավորությունը, նաև արահետի տեսակը, այսինքն՝ կնշվի ոտքով անցնելու հնարավորությունը, հեծանվով, ձիով, արտաճանապարհային մեքենայով: Եթե հնարավոր չի անցնել, օրինակ, հեծանվով, ապա այդ նշանի վրա կարմիր գիծ քաշված կլինի, որպեսզի հասկացվի, թե այդ արահետը հասանելի չէ:

Նաև ներքևում զգուշացնող նկարներ են նախատեսված՝ օրինակ, եթե տարածքում օձ կա, կամ մեծ թվով մոծակներ: Բոլոր ցուցանակների վրա նշված է լինելու 911 հեռախոսահամարը, կողքին՝ արահետի համարը, եթե զբոսաշրջիկը խնդիր ունենա, կարող է զանգահարել, հայտնել այդ համարը, և նրան օգնելու համար, ըստ այդ համարի, փրկարարներն արդեն կիմանան զբոսաշրջիկի գտնվելու վայրը:

Բոլոր համարները կոորդինատներով կփոխանցվեն փրկարար ծառայություն:

Դեպքեր են եղել, երբ ցուցանակները վնասել են: Սաղմոսավանքից Հովհաննավանք արահետի վրա էր, հիմնականում գյուղին մոտ գտնվող ցուցանակներն են վնասվել: Այժմ մտածում ենք դպրոցներում բացատրական աշխատանքներ տանելու ուղղությամբ, որպեսզի երեխաները հասկանան, ձեռք չտան: Չենք կարող վերահսկել, գուցե թաքնված ֆոտոխցիկներ տեղադրենք: Խոսում ենք գյուղապետերի հետ, որ հետևեն, բացատրեն:

Մեր սկզբունքն է՝ չափից ավելի ցուցանակ չօգտագործել, եթե արահետը 1 կմ երկարությամբ է: Եթե ճանապարհից շեղվել հնարավոր չէ, ցուցանակ չի տեղադրվի: Միայն այն վայրերում կլինեն, որտեղ լեռնային խաչմերուկ կա, կամ այլ արահետներ, որոնք մի քանի ուղղությամբ են տանում, կամ էլ մոլորվելու, շփոթվելու հնարավորություն կա: 10-12 կմ երկարությամբ արահետի վրա օգտագործվում է 7-8 ցուցանակ:

Ինֆրաստրուկտուրա

Քայլարշավային լիարժեք արահետ ստեղծելու համար կամուրջներ, գետնանցումներ են պետք: Կան այնպիսի տեղեր, որտեղ հենց արահետ պետք է կառուցվի, տարածքը մաքրվի խոտից, ճյուղերից: Այդ ամենով զբաղվում են կամավորները:

Երբ զբոսաշրջիկների թիվն ավելանա, արահետների քանակն ավելացնելու անհրաժեշտություն կլինի՝ մինչև 80, 100: Եթե ցուցանակներ տեղադրվեն, բայց չօգտագործվեն, վաղ թե ուշ արահետը կփակվի:

Մեր 40 արահետի գծանշման համար ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ուղեկցող նամակներ ենք ստացել: Նախարարությունը մեր նամակը և գծանշման ձևաչափը ուղարկել է բոլոր մարզպետարաններին, նրանք էլ իրենց հերթին տեղյակ են պահել համայնքներին: Աշխատանքներում ներգրավված են Արկածային զբոսաշրջության ասոցիացիան, ոլորտի փորձառու ներկայացուցիչները: Արշավային խմբերը նույնպես օգնում են, կամավոր հիմունքով:

40 արահետը հիմք կդառնա 600 կմ-ոց հիմնական ուղու համար: 40 արահետից որոշ ուղիներ կներառվեն, բայց ոչ բոլորը, իսկ ընդհանուր առմամբ տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետը 40-ից ավելի փոքր արահետից կազմված կլինի:

Օնլայն պլատֆորմ

Երբ արդեն 40 արահետն ամբողջությամբ պատրաստ լինի, մենք կունենանք օնլայն բազա՝ լուսանկարներով, դրանց մասին ամբողջական ինֆորմացիայով, որոշ դեպքերում՝ տեսանյութերով: Բացի այդ, արահետի սկզբնական ցուցանակի մոտ կտեղադրվի QR-կոդ, որի միջոցով հնարավոր կլինի սմարթֆոնով տեսնել ամբողջ ուղին, անհրաժեշտ ինֆորմացիայով:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
---