21  13.06.17 - Հայաստանի երիտասարդ բրեյք դանսերները պարում են Երևանի ստորգետնյա կայանատեղիում
Բրեյք փողոցում, բրեյք՝ կտուրների, ժայռերի, աստիճանների վրա

Պատանի բրեյք դանսերների ճանապարհը.

Բրեյք փողոցում, բրեյք՝ կտուրների, ժայռերի, աստիճանների վրա

PanARMENIAN.Net - Ինչպիսին է բրեյք դանսերների նոր սերունդը Հայաստանում: Ինչպես են նրանք պատկերացնում պարն ու ընկալում ազատությունը, որտեղ են պարում և ինչպես գտնում սեփական ոճը: Այս և այլ թեմաներով PanARMENIAN.Net-ը զրուցել է բրեյք դանսերներ 15-ամյա Վահագն Մարգարյանի, Դավիթ Գրիգորյանի, 20-ամյա Իրինա Սարգսյանի ու 16-ամյա Դավիթ Ազատյանի հետ, իսկ PAN Photo-ն լուսանկարել նրանց բրեյքը՝ Երևանի ստորգետնյա կայանատեղիում:

Փողոցային պարի մշակույթը

Դավիթ Գ. Այդ մշակույթն ու մտածելակերպն ինձ համար ապրելաոճ են, կյանքիս կեսը կապված է բրեյքի հետ: Բրեյք դանսն ինձ համար հենց պարն է, դրա երաժշտությունը, նույնիսկ՝ հագուստը: Բրեյքն ինչ ուզեմ՝ տալիս է. մեծ շրջապատ, օրինակ:

Իրինա. Մինչ պարի գնալը տանն էի պարապում, քանի որ շփվել չէի սիրում, չէի ուզում պարապմունքի գնալ, բայց բրեյքի մշակույթը փոխեց այդ մտածելակերպս:

Դավիթ Ա. Փողոցային պարն ինձ համար ամեն ինչ է, պարելով դիմացինիս իմ «ես»-ն եմ ներկայացնում, ցույց եմ տալիս, թե ինչն է այդ պարի մեջ ինձ դուր գալիս, ինչ եմ ցանկանում անել, ինչի եմ ձգտում: Իսկ ձգտում եմ առավելագույնի, բարձունքներին:

Անհատականության մասին

Դավիթ Գ. Կարծում եմ, որ դեռ չունեմ անհատականություն: Ուզում եմ գտնել, որ իմ պարային ձեռագրով, ոճով ճանաչելի դառնամ, բայց այն դեռ նոր է ձևավորվում, դեռ փնտրտուքների մեջ եմ: Երևի պետք է կարողանամ մյուս պարողներից ամենալավը վերցնել, մշակել այդ ամենն ու իմն ավելացնեմ: Այդ կերպ ուզում եմ աշխարհում հայտնի դառնալ, հայտնի մրցումների մասնակցել, որ ինձ որպես բիբոյ ճանաչեն:

Իրինա. Անհատականություն, որպես այդպիսին, իմ մեջ դեռ չեմ տեսնում, բայց շատ են ասում, որ առավելությունս ճկունությունն է: Ինձ մոտ ամեն հնարք ավելի հեշտ է ստացվում: Բայց ինքս իմ մեջ դեռ առավելություն չեմ գտել: Օրիգինալությունը շատ եմ կարևորում, փորձում օրիգինալ շարժումներ ստեղծել: Յուրաքանչյուր շարժման մեջ էլ կարելի է քոնը գտնել: Կարծում եմ՝ զարմացնում եմ նրանով, որ աղջիկ եմ, ու կարողանում եմ տղային բնորոշ տեխնիկայով պարային դժվար հնարքներ կատարել:

Վահագն. Բրեյքի ընդհանուր պատկեր չկա, ամեն ինչ առանձին բաղադրիչներից է հավաքվում: Մենք խումբ ենք, անհատ չենք: Մեր պարն ավելի շատ սպորտային է, ուժային բրեյք դանս է:

Դավիթ Ա. Իմ անհատականությունն ուժայինի ու արագության վրա է դրված: Ուժային շարժումները պարիս մեջ մեծ դեր ունեն, դրա վրա շատ ժամանակ եմ ծախսում: Պարողի անհատականությունը մանրուքներն են ապահովում, նույնիսկ հագուստը, բայց, օրինակ, ինձ համար տարբերություն չկա, թե ինչ եմ հագնում: Ամեն հագուստով էլ կարող եմ պարել. պարողներ կան՝ հատուկ կոշիկներ, ատրիբուտիկա ունեն: Ես այդ ամենի վրա շատ չեմ ֆիքսվում՝ հագնում են այն, ինչ ինձ դուր է գալիս:

Եթե բրեյքը չլիներ...

Դավիթ Գ. Եթե բրեյքը չլիներ, գուցե շարունակեի հոկեյ խաղալ: Հայաստան գալուց առաջ պարապում էի Ռուսաստանում, բայց այստեղ այդ մարզաձևը զարգացած չէ:

Իրինա. Չէր կարող չլինել: Եթե այդ ուղղությամբ չգնայի, ուղղակի կիսատ կլինեի: Շատ սրորտաձևեր եմ փորձել՝ գիմնաստիկա, ակրոբատիկա, լող, բասկետբոլ, բայց այդ ամենով ամենաերկարը 2 ամիս եմ զբաղվել: Դրանցից ոչ մեկում չեմ գտել այն, ինչ պարի մեջ կա: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ՝ հաշվապահ, շուտով նաև մարքետինգի գծով եմ շարունակելու: Այն, ինչ մասնագիտությանս մեջ չեմ գտնում, այստեղ եմ գտնում:

Վահագն. Բոքսը կլիներ, որը թողեցի պարի համար՝ երկու մարզաձևի համար ժամանակ չկար: Ինչո՞ւ նման ընտրություն կատարեցի: Ուղղակի պարն ավելի է ձգում, դեպի իր կողմը տանում, բրեյքի հետ կապված եմ:

Ոգեշնչման աղբյուրները

Դավիդ Գ. Ոգեշնչվում եմ, երբ նայում եմ այլ պարողների վիդեոները, տեսնում եմ, թե նրանք ինչպես են պարում: Ուզում եմ հասնել իրենց:

Իրինա. Այն էներգիան է ոգևորում, որը զգում եմ բրեյքի մեջ: Ոչ մի այլ պարի ժամանակ այդ էներգիան չեմ զգում: Միայն բրեյք դանսում է, որ ազատություն եմ գտել: Այստեղ իմպրովիզի հնարավորություն կա: Երբ սիրածս երաժշտությունն եմ լսում, կարող եմ իմպրովիզ անել, հաճույք ստանալ պրոցեսից, պարել՝ ոնց ուզեմ:

Պարի յուրահատուկ տեղերը

Իրինա. Ամեն տեղ, որտեղ երաժշտություն կա, ինձ ազատ եմ զգում: Չեմ հիշում մի վայր, որտեղ չեմ փորձել պարել, լինի դա ջրի մեջ, կտուրին, թե ժայռերի վրա: Եղել է՝ բարձրացել եմ սարեր, ու այնտեղ եմ փորձել պարել:

Վահագն. Բրեյքը շարժման մեջ է, երբ լսում եմ սաունդթրեքը՝ անկախ ինձնից սկսում եմ պարել, օրինակ փողոցում, հարթ կամ թեք տեղերում:

Դավիթ Ա. Արարատի մարզում զորամաս կար: Մի անգամ գնացել էինք այնտեղ պարելու: Շատ քարքարոտ էր, պարելը դժվար էր: Քաղաքում տարբեր վայրերում եմ պարել, ինչպես ասֆալտին, այնպես էլ աստիճաններին:

Ինչպիսին պետք է և ինչպիսին չպետք է լինի բրեյքը

Դավիթ. Կարող եմ նույնիսկ հագուստից ասել՝ պարում է այդ մարդը բրեյք, թե՝ ոչ, իսկ հագուստը գալիս է մտածելակերպից, նրա հայացներքից, թե ոնց է ամեն ինչ տեսնում: Բրեյքը նաև պարողի հայացքի մեջ է երևում: Եթե նա պարելիս չի ընկճվում, լսում է երաժշտությունն ու կարող է ցանկացած վայրում սկսել պարել:

Իրինա. Հստակ չեմ կարող ասել, թե ինչպիսին չպիտի լինի բրեյքերը: Պարելու համար մարդուն կարող են խանգարել հենց նրա մտքերը: Ինձ համար օրինակ է ծառայում իմ պարուսույցը՝ Գարիկ Ալեքսանյանը (b-boy Aleks): Նրա պարի փափկությունը յուրահատուկ է, նաև b-boy Նեգուինը, որն իր խիստ կտրուկ շարժումներով է գրավում:

Բրեյք պարողը հեռվից է նկատվում: Կարևոր է մտքով պատրաստ լինել ու հավատալ, որ կարող ես:

Երաժշտության և այլ պարերի մասին

Դավիթ Ա. Մի անգամ դաշնամուրային երաժշտության տակ եմ պարել.7-րդ դասարանում էի: Այն պահերին, երբ սլացիկ էի դառնում, մի բան ստացվում էր, բայց միևնույն է՝ իմը չէր, չնայած հասկանում էի, որ նոտայի տակ ինչ է պետք անել: Այդ փորձը շատ հետաքրքրիր էր:

Բրեյքում շարժումների վրա եմ կենտրոնանում: Դանդաղ երգերը, նույնիսկ բիթերով, այդքան էլ իմը չեն: Արագություն եմ սիրում, ավելի արագ հիթեր: Լինում է՝ երաժշտությունից առաջ եմ ընկնում, դանդաղի տակ պարել դժվար է:

Իրինա. Այլ ոճերում պարել չեմ սիրում: Որոշակի փորձ ունեմ, բայց չեմ հավանում: Հիփ-հոփ եմ, օրինակ, պարել, բայց դա էլ դուրս չեկավ՝ սիրում եմ «գետնի վրա» աշխատել, շարժումներս ասես սահմանափակված լինեին: Հատուկ բրեյք դանսի երաժշտության տակ եմ պարում, նաև փոփ երաժշտություն եմ լսում: Երբ երաժշտություն է հնչում՝ մտքումս միշտ դրա տակ պարում են:

Պարից դուրս հանգիստ երգեր էլ եմ լսում, ռոքից ու ռաբիզից բացի ամեն ինչ էլ լսում եմ: Ռոք չեմ սիրում՝ այն տանում է էներգիաս, փոխարենը բան չտալով: Չեմ էլ մտածել ռոքի տակ պարելու մասին, նույնիսկ փորձի համար: Եթե հաճույք չստանամ, պարել չեմ կարող:

«Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ նախագահ Գարիկ Ալեքսանյան, AlekStyle խմբի պարուսույց

Մեր երիտասարդ դանսերները բավականին ընդունակ են, ավելի արագ են աշխատում, քան մեր սերունդը, բայց մի քիչ զիջում են աշխատասիրությամբ, ինչը խանգարում է: Պատանիները տրամադրված են, զարգանում են, մրցումների ժամանակ երկիր են ներկայացնում, պատվավոր տեղեր զբաղեցնում, բայց փորձի որոշ պակաս կա: Մի խնդիր էլ կա՝ տխուր ազգ ենք, կարծրատիպերով, կոմպլեքսներով լի, չորություն էլ կա: Ժամանակի ընթացքում, իհարկե, փորձում ենք ձերբազատվել այդ կոմպլեքսներից, հանել դրանք երեխաների միջից, ու որոշակի փոփոխություն կա:

Երիտասարդների համար բրեյք դանսն ապրելակերպ է: Նրանք սիրում են այս բիթերը, երաժշտությունը, հագուստը: Այս մշակույթը, կարծես, աշխարհով մեկ մեծ ցանց լինի: Անհատականության վերգտման հարցում բոլորին կցանկանայի, որ ուղղություն ցույց տվող ունենան: Հայաստանում ստաբիլ գործող 5 խումբ կա, կան նաև ինտերնետային աղբյուրներ, բայց ավելի լավ է պրոֆեսիոնալ կրթություն ստանալ, շատը դրանով առաջնորդվել:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան / PAN Photo
---