Արագիլությունն իրագործելի է

Ովքեր են անհաս երեխաների համար 24 ժամ պայքարողները.

Արագիլությունն իրագործելի է

PanARMENIAN.Net - Ծնողները երեխաներին հաճախ ասում են, թե իրենց արագիլներն են բերում: Երբեմն արագիլները «շտապում» են, և երեխաները ծնվում են անհաս, ինչը փորձություն է դառնում թե նրանց, թե ծնողների, թե բժիշկների համար:

Մայիսի 3-ին Երևանում հնգյակ է ծնվել: Փոքրիկները, սակայն, խորն անհասության պատճառով (ծնվել են 28-շաբաթականում) ծայրահեղ ծանր վիճակում էին: Բժիշկներին միայն երկուսի կյանքը հաջողվեց փրկել: Մայիսի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող հնգյակից նորածին աղջիկը մահացել էր: Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Հնգյակից տղան մահացավ մայիսի 14-ին...

Ողջ մնացած աղջիկները հուլիսի կեսին արդեն դուրս կգրվեն: Մեկը` Աննան, գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, մյուսը՝ Ռոզին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: PanARMENIAN.Net ը զրուցել է գիտահետազոտական կենտրոնի բժիշկների ու բուժքույրերի հետ, որոնք ամեն օր մոտ 800 գրամ քաշով ծնվածանհաս երեխաների կյանքեր են փրկում, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել նրանց ու փոքրիկներին:

ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժնի ղեկավար Պավել Մազմանյան

Բոլորին հայտնի է, որ նման ծայրահեղ անհաս երեխաների խնամքն ու բուժումն առողջապահական մեծ խնդիր է ամբողջ աշխարհում, նրանք պահանջում են բարձրակարգ ինտենսիվ թերապիա, որը զարգացած երկրներում ավելի բարձր մակարդակի վրա է: Մեծ ֆինանսների խնդիր էլ կա, մեր երկրում նման երեխայի 3 ամսվա բուժման ու խնամքի համար նախատեսված է մոտ $2000, իսկ, օրինակ, Եվրոպայում ու ԱՄՆ-ում ինտենսիվ թերապիայի նույն ծավալի համար հիվանդանոցը ստանում է $200.000-500.000:

Տեխնոլոգիաները զարգանում են, ծախսերը՝ մեծանում, Հայաստանում տեխնոլոգիաների և տեխնիկայի առումով տարբերություն կա, բայց բժիշկներն արել են ամենը, ինչ հնարավոր էր անել մեր պայմաններում՝ ամենաբարձր մակարդակով: Մեր բժիշկների գիտելիքները, պատրաստավածությունը բացարձակ չեն զիջում արտասահմանյան կոլեգաների հնարավորություններին: Բազմապտուղ հղիության ժամանակ բարդություններն ավելի շատ են լինում, քան երբ մեկ անհաս երեխա է ծնվում: Հիմնական բարդությունը ներգանգային արնազեղումն է, քանի որ շատ նուրբ են անոթները, զարգացած չեն, դա և արտասահմանյան կլինիկաներում է պատահում:

Հնգյակից մեկ փոքրիկին մեզ մոտ են հասցրել գիշերը ժամը 04:30-ին, ծնվելուց 1 ժամ հետո, 830 գրամ քաշով ու բավականին ծանր վիճակում: Այդպիսի երեխաները լուրջ շնչառական օժանդակություն, ներերակային սնունդ են ստանում:3 ամիս ծանր աշխատանք է պետք, որ երեխան ապրի:

Դա մեր ամեն օրվա գործն է՝ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, բայց մարդիկ ու ծնողները դա չեն պատկերացնում: Հաճախ նույնիսկ մանկաբուժները չեն հասկանում, ինչ է դա:

Մեր հայ բժիշկները մի քիչ վիրավորված ու վրդովված են, որ իրենց հանդեպ անվստահություն կա: Ու արտասահման գնալու համար էլ խոսք չէր կարող լինել, տեղափոխումը բացասական կազդեր: Ցանկալի չէր նաև հիվանդանոցից հիվանդանոց նրանց տեղափոխելը, բայց Երևանում չկա մի հիվանդանոց, որը պատրաստ է միաժամանակ 5 անհաս երեխա ընդունել, սահմանափակ են մեր բաժանմունքների ռեսուրսները, ազատ 5 շնչառական ապարատ այս պահին ոչ մի հիվանդանոցում չկա:

Օրինակ բերեմ՝ մեր բուժքույրերը 24 ժամ հերթապահություն ունեն, արտասահմանում կրիտիկական վիճակում մեկ երեխայի խնամքի համար 1 բուժքույր է տրամադրվում, կամ երկու, իսկ մեզ մոտ 4, 5 ծանր երեխայով զբաղվում է մեկ բուժքույր: Զարգացած երկրներում 12 ժամից ավելի բժիշկն ու բուժքույրն իրավունք չունենք աշխատելու, մեզ մոտ 24 ժամ աշխատում են, քանի որ չկա ոչ մարդկային, ոչ ֆինանսական ռեսուրս: Պետք է ռեսուրսներ լինեն, որ մասնագետները ցանկանան այստեղ աշխատել:

Այդ բոլոր խնդիրներից է գալիս վիճակագրությունը. Հայաստանում 1000-ից 7 նորածին է մահանում, Շվեդիայում, Դանիայում՝ 2-3 երեխա է մահանում, Ճապոնիայում՝ 1. դա բացատրվում է մարդկային ու ֆինանսական մեծ ռեսուրսներով:

Ինձ համար լարված աշխատանքից հանգստանալը Հայաստանից դուրս կոնֆերանսներին մեկնելն է, դա ինձ հանգստություն, ուժերի վերականգնում է տալիս:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նեոնատոլոգ Անահիտ Ասատրյան

Առաջին օրերին, երբ հնգյակից մեզ մոտ աղջիկներից մեկին տեղափոխեցին, այդ ամբողջ աղմուկից այդքան էլ տեղյակ չէինք: Մեզ համար սովորական երեխա էր, մեկն էր բաղմաթիվ անհաս երեխաներից, որ բուժվում են այստեղ: Մենք պատրաստ էինք, սպասել ենք նման երեխայի, անմիջապես բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել:

Իսկ լարվածություն միշտ էլ լինում է, այս դեպքում ավելի շատ լրագրողների կողմից էր այն ստեղծված: Դա որոշ չափով խանգարում էր, բայց մոտեցումը, վերաբերմունքն այդ բալիկին նույնն էր, ինչ մյուսներին: Գուցե անհանգստությունն էր ավելի շատ, քանի որ հնգյակից էր: Այդ դժվար գործում կարևոր է սիրես աշխատանքդ, նման երեխաներին: Բոլորը չէ, որ կարողանում են հասկանալ, ընդունել, նման կերպ վերաբերվել, նույնիսկ բժիշկներ կան, որոնք վախենում են դիպչել, նայել այդպիսի փոքր, անհաս երեխաներին, իսկ մենք արդեն սովոր ենք:

Անահիտ Ասատրյանը՝ Ռոզիի հետ

Կապվում ենք փոքրիկների հետ: Չէ՞ որ այստեղ՝ մեզ հետ, միջինում 2-3 ամիս են անցկացնում: Այդ ընթացքում մեր կապվածությունը նրանց հետ նույնիսկ ավելի շատ է լինում, քան ծնողներինը: Ծանր դեպքերի պարագայում նույնպես չես կարող պատնեշ դնել. զգացմունքներ են: Իհարկե, որոշումները սթափ վիճակում կայացնելու համար պատնեշներ դրվում են, հակառակ դեպքում՝ չես կարողանալու աշխատես, ուղղակի «կվառվես»: Էմոցիաները չպետք է խանգարեն աշխատանքին, բայց երեխաների հանդեպ այդպես չէ, երբ մոտենում ես, նայում նրանց, չես կարող առանց էմոցիաների, առանց զգացմունքների վերաբերվես, դա բնական է:

Մեր հերթապահությունը 24 ժամ է տևում, այսօր 24 ժամ եմ այստեղ աշխատելու ու հետո էլ հիվանդներ ունեմ՝ այսինքն 27, 28 ժամ: Իսկ հանգստի աղբյուրն ընտանիքս է, երեխաներս, չնայած՝ տանը լինելով, գործից դուրս չենք ընկնում, կապը միշտ կա, զանգում տեղեկանում ենք երեխաների վիճակի մասին հերթապահ բժիշկներից:

Կենտրոնի նեոնատոլոգիայի բաժանմքունքի ավագ քույր Բալասան Գևորգյան

Այն գիշեր, երբ փոքրիկին բերեցին, աշխատանքի առումով ոչ մի լարվածություն չկար. առաջին դեպքը չէր, բայց քանի որ հնգյակից մեկն էր, գուցե պատասխանատվության զգացողությունն ավելին էր, ինչ-որ տեղ էլ լրատվական դաշտի ճնշումը՝ պարտավորեցնող: Մեր աշխատանքի վրա ճնշումը չի ազդում, ուղղակի ավելորդ լարվածություն կար, օրական 20 զանգ էինք ստանում, ավելի շատ խանգարել են, քան օգնել:

Բալասան Գևորգյանը՝ աջից

Աշխատել ենք ինչպես միշտ: Երբ ծայրահեղ անհաս երեխաներն ապրում են, շատ ենք ոգևորվում, ավելի մեծ ոգևորվածությամբ ենք պատրաստվում հաջորդ երեխաներին ընդունելու, ու մեր ուժերի վրա վստահությունն աճում է:

Դժբախտ դեպքերից, իհարկե, ազդվում ենք, բայց ինչ-որ տեղ դա մեզնից կախված չէ, երեխայի վիճակի հետ է կապված, առողջական խնդիրների: Ավելի շատ առողջացած երեխաներից ենք ստանում ուրախություն, երբ արդյունք ենք տեսնում, ու ծնողի ուրախությունից էլ ենք ուրախանում:

Երբեք չեմ մտածել, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել ու չեմ ուզել փոխել այն. աշխատում եմ արդեն 26 տարի:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան/ PAN Photo
---