19 մայիսի 2006 - 15:52 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սերգեյ Մարկեդոնով.
Այսօրվա դրությամբ որեւէ նախադրյալներ չկան 2006 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
Հարավային Կովկասի տարածաշրջանում գնում է ազդեցության ոլորտների վերաբաշխում` Ռուսաստանը ակտիվորեն դուրս է մղվում ԱՄՆ -ի եւ Եվրամիության կողմից: Ինչպե՞ս կարող է փոխվել աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ինչպե՞ս կարող են հանգուցալուծվել էթնիկ հակամարտությունները տարածաշրջանում: PanARMENIAN.Net-ի խնդրանքով իրավիճակը մեկնաբանում է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:
Որքանո՞վ են արդարացված այն ակնկալիքները, թե 2006 թվականին հնարավոր կլինի որեւէ համաձայնության գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ
2006 թվականին կարգավորմանը հասնելու դրույթը ոչ մի բանի վրա հիմնված չէ: Այսօրվա դրությամբ դրա համար նախադրյալներ չկան: Միջնորդների, հատկապես, Սթիվեն Մաննի, այդ հայտարարությունը ես կանվանեի ռադիկալ լավատեսություն: Այդ լավատեսությունը միայն նպաստում է ռազմական ճարտասանության աճին: Ոչ հայկական, ոչ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ որեւէ փոխզիջման: Պետք է ընդգծեմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խորը ճգնաժամի մեջ է: Գագաթնաժողովի ձեւաչափը, այսինքն պետությունների ղեկավարների հանդիպումները, արդյունավետ չեն: Այսօրվա դրությամբ նախագահները ոչինչ չեն արել իրենց հասարակությանը փոխզիջման նախապատրաստելու համար: Այդ երկրների հասարակայնության տրամադրվածությունը առավել ռադիկալ է, քան իրենց նախագահներինը: Ուստի նախագահները ստիպված են մշակել հայրենասիրական պահվածքի մոդել: Այդ գագաթնաժողովները վերածվում են որոշակի PR-ի, փոխզիջումների վերաբերյալ իրական բանակցությունների փոխարեն: Սա առաջինը: Երկրորդը` ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկում է բաներ, որոնք շատ հեռու են իրականությունից եւ տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակից: Ռուսաստանը կարող էր փոխել գագաթնաժողովի ձեւաչափը` կհանդիպեին միայն դիվանագետները, իսկ նախագահները ուղղակի կստորագրեին վերջնական համաձայնագիրը: Աշխարհում չի եղել նման բան, որ նախագահներին վերածեն գործող դիվանագետների:
Ռուսաստանը աստիճանաբար, կամ ինչպես ասաց Անդրանիկ Միհրանյանը, առաջընթաց քայլերով, հեռանում է տարածաշրջանից: Իսկ հետո՞:
ԱՄՆ-ն տարածաշրջան է եկել լրջորեն եւ երկար ժամանակով: Նրանք այստեղ շատ շահեր ունեն: Ռուսաստանը ստիպված կլինի սովորել աշխատել նոր պայմաններում, քանի որ նա ի վիճակի չէ դուրս մղել ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին Կովկասից: Ուրեմն, պետք է որոնել շփման եզրեր: Ռուսական դիվանագիտությանը վնասում է որոշակի հիստերիկությունը, որը նկատվում է վերջին ժամանակներս: Եվ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը շահագրգռված են հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում: Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը մեկ ելք ունի` պատրանքներ չտածել, այլ ակտիվացնել իր մասնակցությունը խաղաղարար գործողություններին, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Ինչպես գիտեք, կա հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու գաղափար: Կօգնեն արդյո՞ք նրանք կանխել բռնությունը, եթե այն տեղի ունենա:
ԼՂՀ-ում խաղաղապահները տեղին կլինեին 1994 թվականին, եթե ՌԴ-ին հաջողվեր այնտեղ տեղակայել իր ուժերը, դա լավ կլիներ: Հիշեցնեմ, որ Աբխազիայի Գալիի շրջանում ջարդը կասեցրին հենց ռուս խաղաղապահները: Եթե նրանց տեղը լինեին այլ ուժեր, հայտնի չէ, թե ինչով ամեն ինչ կվերջանար: Ես մեծ կասկածներ ունեմ, թե միջազգային խաղաղարարներրը կկարողանան գլուխ հանել փախստականների մեծ հոսքից: Պատկերացնում եք, ինչ-որ ֆիննի կամ շվեդի վրա է գնում փախստականների մի հոսք: Կրակել չի կարելի, կանգնեցնել նա չի կարող... Չգիտես ինչու կարգավորումը կապում են փախստականների վերադարձի հետ: Պետք չէ շփոթել` դա հումանիտար խնդիր է: Նրանց ընդհանրապես չի կարելի այնտեղ վերադարձնել: Նրանց պետք է փոխհատուցում տրվի: Իսկ ընդհանրապես շրջանների ապաշրջափակման հարցը ամենածանրն է այս հակամարտության կարգավորման գործում: Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եւս մեկ փաստի վրա: Հայկական կողմը նույնպես խոսում է Ադրբեջանից հայ փախստականների մասին: Սակայն ձեւական եվրոպական իրավունքի տեսակետից հայ փախստականներ չկան: Նրանք մեկնել են Ադրբեջանից մինչ ռազմական գործողությունների սկիզբը եւ, ըստ եվրոպական իրավունքի, փախստական չեն համարվում: Այդ պատճառով էլ ես խոսում եմ փոխհատուցման մասին:
Իսկ ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը պատերազմ կսկսի:
Եթե Ադրբեջանն իրոք պատերազմ սկսի, ապա կսկսի այն շատ ավելի վատ պայմաններում, քան 1991 թվականին: Այսօր ադրբեջանցիները Շուշի չունեն, Քելբաջար ու Լաչին չունեն, որ անջատում էին Ղարաբաղը Հայաստանից եւ անկլավի վերածում այն: Այժմ կան 7 շրջաններ, որոնք Ադրբեջանը գրավյալ է անվանում, իսկ Հայաստանը` անվտանգության գոտի: Դրանք 7 ամրացված շրջաններ են եւ այնքան էլ հեշտ չի լինի ճեղքել դրանք: Մի մոռացեք նաեւ հաղթողի բարդույթի մասին հայերի մոտ, եւ պարտվողի բարդույթի մասին` ադրբեջանցիների մոտ: Հեյդար Ալիեւը շատ երկար էր պատրաստում համաշխարհային հանրությունը Ադրբեջանի, որպես տուժող, ագրեսիայի ենթարկվածի կերպարը: Այստեղ է մտնում նաեւ «ադրբեջանցիների ցեղասպանության» գաղափարը, ագրեսիայի ենթարկված երկրի գաղափարը: Նման դեպքում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը ակնթարթորեն կվերացնի այդ իմիջը, որը շատ թանկ է Ադրբեջանի համար Արեւմուտքի առջեւ: Ռեւանշի փորձը շատ բացասաբար կընկալվի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից: