Վարդան Օսկանյան.Հայերի հանդեպ հակաքարոզչության ադրբեջանական քաղաքականությունն անհեռանկար է13 մարտի 2007 PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ինչպես բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանի երկրների հետ, այնպես էլ երկարաժամկետ եւ կառուցողական հարաբերությունների հաստատմանը եվրոպական կառույցների հետ: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մոտակա ապագայում բանակցային գործընթացի զարգացման իր տեսակետը PanARMENIAN.Net-ին է ներկայացրել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: 2006 թվականը չդարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «բեկումնային պատուհանը»: Ներկայումս շատերը խոսում են 2007թ. «պատուհանի» մասին: Ինչպիսի՞ն են Ձեր կարծիքով հակամարտության լուծման իրական ժամկետները: Իրական ժամկետներ այսօր, կարծում եմ, որեւէ մեկը չի կարող կանխորոշել կամ կանխագուշակել: Բանակցությունները ընդհատված չեն, դրանք շարունակվում են. դա բավական աշխատատար գործընթաց է: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ 2007 թվականին կարգավորման ուղղությամբ առաջընթացը չեմ բացառում: Բանակցային սեղանի վրա եղած փաստաթուղթն այդ հույսը ներշնչում է. դեռեւս կան բազմաթիվ չլուծված պրոբլեմներ, բայց սկզբունքների շուրջ համաձայնության գալու առումով, իսկապես, մենք ունենք որոշակի հիմքեր: Դա, նախեւառաջ, պայմանավորված է այն գիտակցությամբ, որ այդ սկզբունքներն այսպես օդից չեն իջեցվել եւ առաջարկվել կողմերին` դրանք երկարատեւ բանակցությունների արդյունք են, եւ երկու կողմերն էլ քաջ գիտակցում են ինչի շուրջ են բանակցում: Մեր երկրում խորհրդարանական ընտրությունից հետո, կարծում եմ, ինչ-որ պատուհան լինելու է, եւ, եթե փոխադարձաբար բոլոր կողմերն անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորեն, հատկապես, ադրբեջանական կողմը, հնարավոր է լուրջ տեղաշարժեր արձանագրել այս տարվա ընթացքում: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շատ է խոսվում երկու երկրների միջեւ վստահության հաստատման մասին, սակայն հարեւան երկրում ժողովրդին ջանադրաբար «մշակում են» հայերի հանդեպ ատելության ոգով: Արդյոք, այս դեպքում չի ստացվու՞մ խաղ մեկ դարպասի վրա, այսինքն ուզում են, որ մենք հավատանք ադրբեջանցիներին, ովքեր դաստիարակվում են հայերի նկատմամբ ատելությամբ: Կարծում եմ, մեր ժողովրդի խոհեմությունը դարերի պատմություն ունի: Ժողովուրդը հասկանում է, որ չկան հավերժական թշնամիներ: Հուսով եմ, ադրբեջանցի ժողովուրդն էլ այդ խոհեմությունն ունի: Փոխվստահությունը հակամարտության կարգավորման կարեւոր նախապայմաններից մեկն է, առանց որի հնարավոր չէ առաջ շարժվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւորում է այդ հարցը եւ փորձում այդ ուղղությամբ տարատեսակ մակարդակներով քայլեր ձեռնարկել: Կարծում եմ, որ Ադրբեջանում ծավալող հայերի նկատմամբ նման հակաքարոզչական քաղաքականությունը ոչ միայն հեռանկարային չէ, այլեւ կասկածներ է առաջացնում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրանց արվող հայտարարությունների անկեղծության մեջ: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրում է բանակցային գործընթացի արգելակման համար: Դուք համաձա՞յն եք այս պնդման հետ: Իհարկե, համաձայն չեմ: Եթե այդպես լիներ, ապա անիմաստ կլիներ շարունակել այդ բանակցությունները: Ասվածի մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Իսկ ադրբեջանական կողմը, եթե իսկապես այդպես է կարծում, ապա դրա նպատակը պարզ է. ճնշում գործադրել համանախագահների վրա` շահարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը այլ ատյաններ տեղափոխելու հնարավորությունը: Սակայն, դատելով բանակցություններին մասնակցելու ադրբեջանական իշխանությունների պատրաստակամությունից, նման կարծիքը այսօր գերակայող չէ ադրբեջանական կողմի մոտ: Հայաստանը կողմ է Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցելուն: Այս դեպքում ինչպիսի՞ դրական եւ բացասական ակնկալիքներ ունի Հայաստանը: Կուզեի որոշ ճշգրտում մտցնել` մենք իսկապես կցանկանայինք, որ Հայաստանի հարեւանը լիներ այնպիսի մի երկիր, ինչպիսին ԵՄ անդամ պետություններն են` ժողովրդավարական, բաց հասարակությամբ, մարդու իրավունքների, խոսքի ազատության անվերապահ հարգմամբ: Ակնհայտ է, որ Թուրքիան այսօր այդպիսինը չէ: Եւ հարց է. արդյո՞ք կկարողանա Թուրքիան դառնալ այդպիսին: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների ղեկավարների վերջին հանդիպումը եւ կարելի՞ է ինչ-որ ակնկալիքներ ունենալ մարտի 14-ի հանդիպումից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բանակցությունների ընթացքում շարունակվեցին կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին: Կառուցողական եւ հուսադրող մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումների շարունակման վերաբերյալ: Չէի ուզենա մեծ տեղ տալ Ադրբեջանի պատվիրակության որոշ անդամների հայտարարություներին եւ հույս ունեմ, որ ադրբեջանական կողմի մոտ կգերիշխի հավատարմությունը քննարկվող փաստաթղթի ոգուն եւ տառին եւ ցանկությունը` գրանցել առաջընթաց: Համենայնդեպս, մենք այդպես ենք տրամադրված: Մեր պոզիտիվ տրամադրվածությունը բխում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` կողմերի հետ ինտենսիվ եւ լուրջ նախապատրաստական քննարկումներից: Իսկ հանդիպման արդյունքների մասին կարող ենք խոսել դրա ավարտից հետո միայն: Հոդվածներ. Քաղաքականություն | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |