«Արեւելյան գործընկերությունը» կնպաստի համագործակցության զարգացմանը Հարավային Կովկասում

Ռաուլ դը Լուցենբերգեր.

«Արեւելյան գործընկերությունը» կնպաստի համագործակցության զարգացմանը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Հայաստանը գնալով առավել վստահ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով: «Արեւելյան գործընկերությունը» կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ եվրոպական կառույցների հետ առավել սերտ համագործակցության համար: Անկայուն տարածաշրջանում գտնվող Հայաստանի համար նոր նախաձեռնությունը կարող է կայունության եւ անվտանգության որոշակի երաշխիք հանդիսանալ: Այդ ուղղությամբ զարգացման հեռնկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը:
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությանը: Ի՞նչ կարող է տալ այդ նախաձեռնությունը ներգրավված երկրներին:

Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը առաջարկում է մասնակից երկրներին կոնկրետ քայլեր ձեռնարկել ժողովրդավարական բարեփոխումներին, շուկայական հարաբերությունների ոլորտում փոփոխություններին նպաստելու առումով, եւ, բնականաբար, աջակցել քաղաքական եւ տնտեսական կայունությանը: Բոլոր այդ երկրները ձգտում են քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների, եւ ցանկություն են հայտնել մերձենալ Եվրամիությանը:

ԵՄ ընդլայնումը կմերձեցնի արեւելյան երկրներին, որոնց անվտանգությունը, կայունությունը եւ բարգավաճումը մեծ ազդեցություն ունեն Եվրամիության վրա: Արեւելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի երկրներում կատարվող իրադարձությունները անդրադարձան Եվրոպայի վրա, եւ հակամարտությունը Վրաստանում անցյալ տարվա օգոստոսին դա բավականին ակնհայտորեն ցույց տվեց: Փոխադարձ կախվածության մեկ այլ օրինակ է «գազային դիմակայությունը» 2009թ. հունվարին: «Արեւելյան գործընկերությունը», որպես բազմակողմանի համագործակցություն, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, եւ մենք հուսով ենք, որ հարաբերությունների նման ձեւաչափը զգալիորեն թույլ կտա զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում:

Տարբերություն կա Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերության» միջեւ:

«Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը մշակվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ կոչված է զարգացնել ու ամրապնդել այն: Այդ ծրագրերի իրագործումը ենթադրում է հարաբերությունների խորացում անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ: Այդ հարաբերությունները կախված կլինեն բարեփոխումների իրականացման ընթացքում գործընկերների ձեռք բերած առաջընթացից:

«Արեւելյան գործընկերությունն» առավել միտված է համաեվրոպական արժեքներին: Այդ նախաձեռնության հաջողությունը կախված կլինի ԵՄ անդամ եւ գործընկեր պետությունների հստակ քաղաքական կամքից: Այդ գործընթացում մեծապես կարեւորվում է համատեղ աշխատանքը: Եվրահանձնաժողովը եւս առանցքային դերակատարություն կունենա բազմակողմանի համագործակցության ապահովման մեջ եւ արդյունավետ միջոց կդառնա այդ համագործակցության համար: Դրանից հետո, երկու տարին մեկ հանդիպումներ կանցկացվեն բարձր մակարդակով, որոնք կոչված են ապահովելու գործընկերության ուղղությունն ու տարատեսակը: Նաեւ նախատեսվում է ամեն տարի արտգործնախարարների խորհրդարկցություններ անցկացնել, որոնք առավել մանրամասն քաղաքական հաշվետվություն կներկայացնեն:

Հայաստանին առնչվող ինչպիսի՞ նոր ծրագրեր են ենթադրվում եւ ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը:

«Արեւելյան գործընկերությունը» ենթադրում է ԵՄ-ի հարաբերությունների փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ: Այդ հավակնոտ գործընկերությունը նախատեսում է քաղաքական մասնակցության մակարդակի զգալի բարձրացում ասոցիացիայի մասին նոր համաձայնության հեռանկարով: Ծրագրով նախատեսվում է լայն ներգրավում ԵՄ տնտեսության մեջ, վիզային ռեժիմի պարզեցում` մասնակից երկրների համար անվտանգության պահանջների պահպանման պայմանով, էներգետիկ անվտանգության բարձրացում բոլոր շահագրգիռ կողմերի համար, ինչպես նաեւ ֆինանսական օգնության ավելացում: ԵՄ-ն առաջարկում է առավել ինտենսիվ աջակցություն բարեփոխումների իրականացման գործում ծրագրերի նոր համապարփակ փաթեթի միջոցով, ինչպես նաեւ հարաբերությունների նոր ձեւաչափ, որը ենթադրում է գործընկերների ներգրավում ընդհանուր խնդիրների լուծման մեջ: «Արեւելյան գործընկերությունն» ներառում է նոր միջոցներ վեց երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու համար: Դա հինգ հիմնական սկզբունքներ են` սահմանների կառավարման համալիր ծրագիր, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացում, էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկաների ստեղծում, էներգիայի վերականգնվող աղբյուրների գծով աշխատանք, Հարավային էներգետիկ միջանցքի ստեղծում, բնական եւ տեխնածին աղետների կանխարգելման ու արձագանքման պատրաստության ապահովում: Բոլոր այս նախաձեռնությունները կլինեն համագործակցության արդյունավետության կոնկրետ ապացույցներ:

Ինչպե՞ս եք գնահատում եվրոպական կառույցներին ինտեգրվելու ճանապարհին Հայաստանի կատարած քայլերը:

Ես կցանկանայի ընդգծել, որ դեռեւս շատ բան կա անելու, հատկապես ռացիոնալ կառավարման , կաշառակերության դեմ պայքարի, եւ անկախ դատական իշխանության ոլորտներում: Եվրահանձնաժողովը առաջիկայում մտադիր է խորհրդակցական խումբ գործուղել Երեւան բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի ղեկավարությանը օգնելու նպատակով: Այդ բարեփոխումները մեծապես կարեւորվում են Հայաստանի համար եւ կնպաստեն ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների զարգացմանը:

«Արեւելյան գործընկերության» նախաձեռնության իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն ակտիվացնել համատեղ աշխատանքը, մասնավորապես, եվրոպական չափանիշներին համապատասխանող իրավական նորմերի եւ տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարական կառույցների ամրապնդման ոլորտում Հայաստանի ջանքերի առումով:

Ադրբեջանին եւս առաջարկվել է «Արեւելյան գործընկերություն»: Հնարավո՞ր է արդյոք, որ այդ նախաձեռնությունն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

«Արեւելյան գործընկերությունն», որ ուղղված է ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցության վրա, ենթադրում է նաեւ համագործակցություն նախաձեռնության մասնակից երկրների միջեւ: Տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը Հարավային Կովկասում կարող է չափազանց արդյունավետ միջոց հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Միեւնույն ժամանակ ես պետք է ընդգծեմ, որ ԵՄ-ն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք նաեւ ողջունում ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը:
---