Հարություն Խաչատրյան.

Հեշտ է ֆիլմեր նկարահանել «փայլուն» կյանքի մասին եւ շատ հեշտ է գովաբանել այն

PanARMENIAN.Net - Հունվարի ավարտին Ռոտերդամում տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի «Սահման» նոր փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Իր աշխատանքը ներկայացնելուց բացի, Խաչատրյանը Ռոտերդամում էր գտնվում նաեւ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կիոնփառատոնի տնօրեն: Նա հուշագիր է ստորագրել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի կազմակերպիիչների հետ երկու փառատոների համագործակցության վերաբերյալ: Ապագայի իր ծրագրերը եւ ֆիլմի պրեմիերայից ստացած իր տպավորությունները Հարություն Խաչատրյանը կիսել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ:
Ո՞ր սահմանի մասին է Ձեր նոր ֆիլմը:

Ֆիլմն ինքնին փաստագրական եւ խաղարկային կինոյի խառնուրդ է: Գործողությունը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանում: Այստեղ ամեն ինչ խորհրդանշական է` իրենց տները լքած փախստականները, որոնք ապրում են սահմանամերձ վայրում` տուն դառնալու հույս փայփայելով: Ֆիլմը նկարահանվել է իրական իրադարձությունների հիման վրա, որոնք կատարվել են նախորդ դարի 90-ականներին: Սա մի փորձ է առօրյա գործերում, ինչպիսին է, օրինակ, տունը կարգի բերելը, ցույց տալ իրական կյանքի խորությունն ու սահմաններից ազատվելու ձգտումը:

Ֆիզիկական սահմանից բացի, որն առաջացել է Հայաստանի շուրջ եւ որը հնարավոր չէ անցնել, իրականում մարդու մեջ տարբեր խնդիրների պատճառով առաջացել են նաեւ հոգեւոր, բարոյական, հոգեբանական սահմաններ: «Սահման» ֆիլմը այդ սահմանները հատելու եւ ակունքներին վերադառնալու ցանկության մասին է: Գլխավոր հերոսը եզն է, որը մարմնավորում է այն մարդու գիտակցությունը, որը փորձում է հաղթահարել առաջացած սահմանները:

Ռոտերդամի ցուցադրության ժամանակ բոլորը հեշտությամբ ընկալեցին ֆիլմի իմաստը, թեեւ այնտեղ ոչ մի երկխոսություն չկա:

Ե՞րբ կկայանա «Սահման» ֆիլմի երեւանյան ցուցադրությունը:

Երեւանում «Սահմանը» հնարավոր կլինի տեսնել «Ոսկե գլոբուսի» շրջանակներում, սակայն մինչ այդ ֆիլմը կներկայացվի տարբեր երկրների քսան փառատոներում: Հաջորդ քայլը ֆիլմի ցուցադրությունն է Փարիզում` Ժորժ Պոմպիդուի կենտրոնում, որտեղ տեղի կունենա Ֆրանսիական միջազգային կինոփառատոնի բացումը: Նաեւ մենք հրավեր ենք ստացել մասնակցելու ֆիլմի ցուցադրությանը գրեթե 30 երկրներում, սակայն որոշեցինք հրաժարվել որոշ առաջարկներից, քանի որ ընդամենը մեկ պատճեն ունենք ժապավենի վրա: Բացի այդ, պետք չէ ֆիլմն ամենուր եւ միանգամից ցույց տալ: Չէ որ նրա նպատակը մեծ գումար վաստակելը չէ, այն պետք է աստիճանաբար բացահայտվի հանրության համար, այն պետք է աստիճանաբար բոլոր ճանապարհներն անցնի, ոչ թե անմիջապես բացահայտի իր բոլոր գաղտնիքները:

Բախվե՞լ եք արդյոք Ձեր աշխատանքների ընկալման հետ կապված դժվարությունների հետ:

Ես հաճախ եմ բախվում մի մարդկային խնդրի` «զտված» ներկայացվելու ցանկության հետ, եւ նման մարդկանց համար տհաճ է տեսնել, երբ ցույց են տալիս գոմում ապրող հային, որն անհամար խնդիրներ ունի եւ իր հանապազoրյա հացը վաստակում է, հողը քչփորելով: Սկսած իմ «Կոնդ» ֆիլմից եւ «Սահմանով» վերջացրած իմ բոլոր ֆիլմերը գերազանց հիմք են սոցիոլոգիական հետազոտության համար: Սկզբում ասում էին, թե ես նման ֆիլմերով խայտառակում եմ Հայաստանը, սակայն որոշ ժամանակ անց դրանք բավականին պոետիկ համարեցին:

Հեշտ է ֆիլմեր նկարահանել «փայլուն» կյանքի մասին եւ շատ հեշտ է գովաբանել այն: Սակայն դա կյանքի ընդամենը մի փոքր կողմն է, իսկ մյուս կողմում` կյանքի դժվարությունների հետազոտությունն է, չէ որ նման ֆիլմը գունավոր եւ անգույն կլյանքի իրողությունների մասին հավաստի փաստաթուղթ է: Սակայն քաղքենիներին դժվար է նման ֆիլմեր դիտել:

Ի՞նչ հուշագիր է ստորագրվել Ռոտերդամում:

«Սահմանը» իմ չորրորդ ֆիլմն է, որ մասնակցում է այս փառատոնին, մինչ այդ մասնակցել են «Վերջին կայարանը», «Վավերագիրը» ե- «Պոետի վերադարձը»: Ինձ շատ դուր եկավ Ռոտերդամի փառատոնի որդեգրած քաղաքականությունն, որը քարոզում է հեղինակային եւ մշակութային ֆիլմերը: Կնքված հուշագիրը թույլ կտա երկու փառատոներին ֆիլմերի հավաքածուներ փոխանակել, որոնք ներկայացված են փառատոնի տարբեր անվանակարգերում: Այն նաեւ թույլ կտա հայկական լավ ֆիլմերին մասնակցել Ռոտերդամի փառատոնին: Կնքված փառատոնի շրջանակներում մենք կներկայացնենք նրանց հայ երիտասարդ ռեժիսորների նախագծերը, ինչի շնորհիվ վերջիններս կկարողանան ֆինանսավորում ստանալ իրենց ֆիլմերի համար: Այս կերպ մենք արդեն ֆինանսավորում ենք ստացել շուրջ 10 ֆիլմերի համար:

Ի՞նչ ենք տեսնելու «Ոսկե ծիրան» վեցերորդ փառատոնում:

Այս տարի փառատոնը կբացի հայտնի պարսիկ ռեժիսոր Աբաս Քյարոսթամիի «Շիրիմ» ֆիլմը, իսկ փակմանը կներկայացվի Վիմ Վենդերսի աշխատանքներից մեկը: Պատվավոր մրցանակ կստանա Վոլկեր Շլյոնդորֆը, վարպետության դասեր կտա եւ իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբ հանդես կգա Եժի Սկոլիմովսկին: Փառատոնն այցելելու մեծ ցանկություն է հայտնել Քշիշտոֆ Զանուսսին, եւ ինչպես արդեն ասացի, Վիմ Վենդերսն ու Քյարոսթամին: Հուսով ենք նաեւ, որ փառատոնի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը կհասցնի ավարտել իր նոր ֆիլմը:

Ինչպե՞ս եք վերաբերվում արվեստի մարդկանց ներգավմանը քաղաքականության մեջ:

Արվեստի մարդը չի կարող միայն մեկ գործով զբաղվել: Ես նորմալ եմ համարում, երբ արվեստի մարդը որոշում է, որ ինքն ի վիաճկի չէ պայքարել առկա խնդիրների դեմ իր զենքի միջոցով եւ միայն հրապարակային ելույթը կարող է օգնել դրան: Պայքարի նման միջոցն ինձ համար չէ, իմ համար իմ զենքը` իմ տեսախցիկն է:
---