Ռուբեն Մեհրաբյան.Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ փոփոխությունների շեմի՞ն է 7 մայիսի 2009 PanARMENIAN.Net - Ըստ ամենայնի, Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է արմատական փոփոխությունների շեմին: Գլխավոր խաղացողների` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կտրուկ ակտիվացումը ստիպում է բոլոր երեք երկրներին վերանայել իրենց արտաքին քաղաքականությունն, ընդ որում հավասարապես: Հարցն այն է, թե կկարողանա ԱՄՆ-ն դուրս մղել Ռուսաստանին, որը շուրջ 200 տարի է խաղի իր կանոններն է թելադրում Կովկասում: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Անակնկա՞լ էր արդյոք ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը Վաշինգտոն թե դրա անհրաժեշտությունը թելադրված էր ամերիկյան դիվանագիտության կտրուկ ակտիվացմամբ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անակնկալ այցը Վաշինգտոն, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զուգահեռ ընթացիկ եւ առաջիկա իրադարձությունների ֆոնի վրա, վկայում է այն մասին, որ ամերիկյան դիվանագիտությունը կտրուկ ակտիվացման գնաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այն, որ Թուրքիան համաձայնվեց, որ Ղարաբաղի հարցն ԱՄՆ-ի պնդմամբ չընդգրկվի հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական բանակցությունների օրակարգում, շատ ծանր տրվեց: Եվ այժմ դա հատուցվում է միջնորդական գործունեության ակտիվացմամբ Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում: Այսինքն մենք տեսնում ենք, որ թեեւ ձեւականորեն, արտաքնապես երկու գործընթացներն առանձնացված են, սակայն, ըստ էության, դրանք սերտորեն կապակցված են, որքան էլ հակառակը պնդեն Երեւանում: ԱՄՆ-ի համար ընդհանուր առմամբ միեւնույն է, թե հարավկովկասյան որ երկրի օգտին կլուծվի այս կամ այն հարցը: Բարաք Օբամայի կառավարման մեկնարկին ամերիկյան դիվանագիտության հիմնական խնդիրներից մեկը «շքամուտքից» տարածաշրջան մտնելն է եւ նրա հուսալի «անցանելիությունը», ցանկալի է մեկ փաթեթրում, ապահովելն է: Որովհետեւ առանց դրա անհնար կլինի ապահովել երաշխավորված ուղին դեպի Կենտրոնական Ասիա եւ տարանցումը Աֆղանստանի տարածքով` քիչ թե շատ անկախ Կրեմլի քմահաճույքներից: Իսկ դրա համար հարկավոր է ճանապարհը մաքրել քարերից` փակ հայ-թուրքական սահմանից եւ սառեցված ղարաբաղյան հակամարտությունից, որոնք, ինչպես արդեն ասացինք, փոխկապակցված են: Հարավային Կովկասի տարածաշրջանը, չնայած նրա ռազմավարական կարեւորությանը, վերջերս դուրս է մնացել համաշխարհային աշխարհաքաղաքականությունից: Ո՞վ կարող է օգնել տարածաշրջանին դուրս գալ մեկուսացումից: Մենք տարածաշրջանի ամբողջականության ձեւավորմանն ուղղված ակտիվ գործողությունների ականատեսն ենք մի տարածաշրջանում, որը դեռեւս քաղաքականապես գոյություն չունի, բզկտված է վաղեմի հակամարտություններով, վիրավորանքներով, վախերով, անազտությամբ, մասնատված է ու մեկուսացած: Այստեղ ի դեպ կա նաեւ «Արեւելյան գործընկերության» լեհ-շվեդական նախաձեռնությունը, որի իրական հաջողությունը պայմանավորված է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման տեսանելի հեռանկարով, ղարաբաղյան հակամարտության, գոնե միջանկյալ լուծմամբ: Ես կարծում եմ, որ գործընթացները շատ հեռուն են գնացել, անցնելով անդառնալիության սահմանը: Իսկ ի՞նչ է այս դեպքում անում Ռուսաստանը` երկրորդ կարեւոր ուժը տարածաշրջանում: Ռուսաստանի դերը տարածաշրջանում շարունակում է կարեւորվել, այս երկիրը կապված է Կովկասի հետ երկդարյա համատեղ կյանքով: Սակայն նա եւս կարող է շատ փոփոխական լինել, նա «կարողանում» է շատ արագ հեռանալ, ինչը 20-րդ դարում արդեն 2 անգամ տեղի է ունեցել հայտնի ներքին պատճառներից ելնելով: Այս փուլում գտնվելով համաշխարհային ճգնաժամի ճնշման տակ, ճգնաժամի երկրորդ ալիքին սպասելով, հսկայական գումարներ վճարելով կորպորտաիվ պարտքերի դիմաց եւ այլ գործոնների պատճառով, որոնց ազդեցության տակ Պուտինի «իշխանության ուղղահայացը» փլուզվում է եւ փոխում իր կազմը, Ռուսաստանը գտնվում է արտաքին աշխարհի հետ հարաբերություններում նոր կուրսի որոնումների մեջ: Նոր ղեկավարությունը, կարծում եմ, հասկանում է նախկին կուրսի անհեռանկարությունն ու վտանգավոր բնույթը: Իսկ տարածաշրջանում Կրեմլի խնդիրներն առնչվում են հիմնականում բարոյականությանը, հեղինակությանը եւ այլն: Սա միանգամայն լուծելի խնդիր է «վերաբեռնավորման», կայունացման վարկերի տրամադրման, ԱՀԿ-ին անդամակցության եւ այլ առավելությունների շրջանակներում, որոնց կարիքը փլուզվող ռուսական տնտեսությունը կզգա արդեն որոշ ժամանակ անց ըստ նույն ռուս տնտեսագետների գնահատականների: Իսկ ո՞րն է Հայաստանի դերն իրադարձությունների այս շրջապտույտում: Ցավոք, Հայաստանն այս շրջապտույտում հայտնվեց ամենաանհաջող ժամանակ` ներքաղաքական իրավիճակի ու քաղաքական վերնախավի որակի տեսակետից: Վտանգավոր է, որ ոչ միայն օբյեկտիվ, այլ շատ անգամ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանն ամենաթույլ օղակն է տարածաշրջանում, որը լայնամասշտաբ այս փոփոխություններում, երբեմն, կորցնում է իր սուբյեկտությունը կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացում: Իշխանության լեգիտիմության եւ իշխանության հանդեպ վստահության անընդունելի մեծ պակասը անխուսափելիորեն նվազեցնում է մեր դիվանագիտության մանեւրի հնարավորությունը տարածության եւ ժամանակի առումով: Մեր տարածաշրջանում ամերիկայն վարչակազմի գործողությունների ոչ թե բնույթը, այլ քայլերի տրամաբանությունն ու ալգոռիթմն աղերսվում են 90-ականների իրադարձությունների հետ Բալկաններում: Այնպես որ հաշվի առնելով այս ամենը, միանգամայն հավանական է, որ մենք տոնական շքերթով ընթանում ենք դեպի կովկասյան Դեյթոն: Իսկ թե ով կստանձնի կովկասյան Սերբիայի դերը, բոլորովին էլ ավելորդ հարց չէ, հատկապես Ղարաբաղի ու Հայաստանի համար: Հոդվածներ. Քաղաքականություն | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |