Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

Ջեյմս Ապպատուրայ.

Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

PanARMENIAN.Net - Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը:
Դուք` որպես Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, ինչպե՞ս եք տեսնում ՆԱՏՕ հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:
Հարավային Կովկասի երկրները և ՆԱՏՕ 28 անդամ երկրներն ընդհանուր շահեր ունեն, մենք չենք կարող խոսել Ալյանսի անդամ-երկրների անվտանգության մասին` չդիտարկելով Եվրաատլանտյան ողջ գոտու անվտանգության հարցը, որն ընդգրկում է իր մեջ նաև Հարավային Կովկասը: Հենց դա է հարավ-կովկասյան երկրների հետ մեր գործընկերության զարգացման հիմքը:

Վրաստանի դեպքում մեր գործընկերությունը դրսևորվում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի և ամենամյա ազգային ծրագրի շրջանակներում: Հայաստանի և Ադրբեջանի հետ գործընկերությունը զարգանում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) միջոցով: Ես ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է խորացնել երկխոսությունը և ընդլայնել համագործակցությունն այդ երկրների հետ: Ի հավելումն դրան, Ալյանսն առաջարկում է ձևաչափերի լայն առաջարկ (Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ, հանդիպումներ ISAF շրջանակներում)` դրանով հնարավորություն ընձեռելով Հարավային Կովկասի երկրներին արտահայտել իրենց կարծիքը մի շարք հարցերի շուրջ:

Ինչպե՞ս է գնահատում ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակը և Աֆղանստանում ISAF օպերացիաներում հայ խաղաղպահների ծառայությունը:
Թույլ տվեք, առաջին հերթին շնորհակալություն հայտնել Հայաստանին ISAF շրջանակներում ընթացող օպերացիաներին մասնակցելու և այդ գործողություններում ձեր երկրի մասնակցությունն ընդլայնելու մտադրության համար: Մենք բարձր ենք գնահատում և շնորհակալ ենք ձեզ աջակցության համար, որը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կարևոր մասնիկ է: Իմ կարծիքով, Հայաստանի և ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բավարար և ամրապնդվում են IPAP շրջանակներում: Բացի ISAF-ից, մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու վրա: Հայաստանը և ՆԱՏՕ-ն նաև շարունակում են տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսությունը: Հաջորդ տարի մենք հայկական ղեկավարության հետ քննարկելու ենք նոր IPAP օրակարգը, ինչը թույլ է տալու ընդլայնել մեր համագործակցության շրջանակները:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ տեղի ունեցան երկրաշարժի հետևանքների վերացման զորավարժություններ: Ինչպե՞ս է զարգանում համագործակցությունն այդ ոլորտում:
Սեպտեմբերին տեղի ունեցած զորավարժությունները հնարավորություն տվեցին տեսնել տարբեր երկրների ռազմական և քաղաքական միավորումների համագործակցության փորձը երկրաշարժի հետևանքների վերացման գործում: Այդ զորավարժությունները թույլ տվեցին Հայաստանին ցուցադրել այս ողջ ընթացքում արձանագրված առաընթացը ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ կոմիտեի աշխատանքին արտակարգ իրավիճակների գործողությունների պլանավորման ուղղությամբ: Դա օգնում է Հայաստանին ծանոթանալ այլ ոլորտում համաշխարհային փորձի հետ: ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցություն և խորհրդատվություն տրամադրել Հայաստանին, մասնավորապես, IPAP շրջանակներում:

Պարոն Ապպատուրայ, ՆԱՏՕ-ի Լիսաբոնկան գագաթնաժողովի հռչակագրի նախագծում պահպանվեց Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման նախկին ընդհանրացված ձևակերպումը, որը հիմնվում է միայն ԵԱՀԿ կողմից ընդունված սկզբունքներից մեկի` տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Ինչպե՞ս կարող եք վերլուծել այդ ձևակերպումը ՆԱՏՕ-ի պաշտոնական անձնանց հայտարարությունների լույսի ներքո, որոնց համաձայն, Ալյանսն ընդգրկված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Թե՞ այդ ձևակերպումը մեծ մասամբ վերաբերվում էր Վրաստանի հակամարտությանը:
ՆԱՏՕ երկրների ղեկավարները և կառավարությունները, իսկապես, վերջին հռչակագրում հղում կատարեցին Հարավային Կովկասում և Մոլդովայում ձգձգված հակամարտությունների վրա, հայտարարելով, որ հակամարտություններն անհանգստություն են առաջացնում: Պաշտպանելով երկրների տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնավարությունը` պետությունների ղեկավարներն ընդգծել են նաև հակամարտությունների խաղաղ լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների ներկա ձևաչափը հարգելը և կառուցողական մոտեցումը: Վերը նշվածները համապատասխանում են այն գաղափարներին, որոնք ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարներն ամրագրել են Ստրասբուրգում երկու տարի առաջ ընդունված նախկին հռչակագրում: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա այստեղ նույնպես ՆԱՏՕ-ն չի փոխել դիրքորոշումը: Ալյանսն ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության կարգավորման մեջ, բայց սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: Այդ առումով ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Աստանայում կատարված հայտարարությունը, որը հաստատում է երկու կողմերի հավատարմությունը խնդրի վերջնական կարգավորմանը և բացատրում, թե ինչպիսին պետք է լինի հակամարտության լուծման հիմքը:

ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՆԱՏՕ-ն ինչպիսի՞ հույսեր ունի այս առումով:
Մենք բավարարված էինք Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրմամբ: Դրանք թույլ էին տալիս բարելավել երկկողմանի հարաբերությունները և օգուտ բերել տարածաշրջանին: Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը նահանջ էր, բայց մենք հուսով ենք, որ գործընթացը կվերականգնվի:

Վերջինը ժամանակները ԶԼՄ-ներում հաճախ հանդիպում են հրապարակումներ այն մասին, որ Թուրքիայի մերձեցումն արաբական աշխարհի երկրների հետ, մեղմ ասած, ՆԱՏՕ-ի սրտով չէ: Խոսակցություններ են եղել նույնիսկ Ալյանսից Թուրքիայի հնարավոր բացառման մասին: Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները:
Այդ տեղեկությունները ոչ միայն անհիմն են, այլ նաև սխալ: ՆԱՏՕ-ն ինքն է ամրապնդում հարաբերություններն արաբական աշխարհի հետ: Սերտ են հարաբերությունները Թուրքիայի` ՆԱՏՕ առանցքային դաշնակցի հետ, և արաբական աշխարհի հետ հարաբերություններն արժեքավոր են ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ՆԱՏՕ-ի համար:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
---