Ապագայի տեխնոլոգիաներ կառուցելիս պետք է հիմնվել բաց վեբ ստանդարտների վրա

Չարլզ ՄքՔեթիՆևիլ.

Ապագայի տեխնոլոգիաներ կառուցելիս պետք է հիմնվել բաց վեբ ստանդարտների վրա

PanARMENIAN.Net - Չարլզ ՄքՔեթիՆևիլը Opera Software ընկերության ստանդարտների տնօրենն է։ Նրա հիմնական խնդիրը բաց վեբ-ստանդարտների քարոզչությունն է։ Նա հետևում է դրանց համապատասխանությանը Opera-ի բոլոր արտադրանքներում, ինչպես նաև պատասխանատու է վեբ ռեսուրսներ նախագծողների հետ կապերի համար: Չարլզ ՄքՔեթիՆևիլը նաև ակտիվ մասնակցություն ունի W3C կոնսորցիումի կոմիտեների աշխատանքում և դրանցից մեկի ղեկավարն է: Նա առաջին անգամ Երևան էր ժամանել BarCamp Yerevan 2011-ին, որի աջակիցներից մեկը հենց Opera Software-ն էր։ BarCamp Yerevan 2011-ին Չարլզ ՄքՔեթիՆևիլը հանդես եկավ վեբ ստանդարտների մասին ներկայացմամբ և սեմինարով։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց վեբ-ի ապագայի իր կանխատեսումների մասին և խոստովանեց, որ չի վստահում ամպային տեխնոլոգիաներին։
Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում համացանցի ապագան:
Ապագայում համացանցը լինելու է էլ ավելի փոփոխական։ Մարդիկ պարբերաբար ստեղծում են նոր համակարգիչներ, ավելի հզոր սարքավորումներ։ Բազմաթիվ կայքեր նմանվելու են ծրագրերի (applications) և հակառակը՝ բազմաթիվ ծրագրեր կնմանվեն կայքերի։ Համացանցն իրականում անում է այն, ինչ անում են ծրագրերը՝ առանց որևէ մեկի կամ խմբի վերահսկման։

Հեռուստատեսային շուկան էլ է փոխվում։ Երաժշտական շուկան կորցրեց մեծ գումարներ, քանի որ չէր հասկանում, որ ամենը տեղափոխվում է համացանց։ Իսկ հեռուստատեսային շուկան հասկացավ և այժմ ցանկանում է ներգրավված լինել համացանցում։ Այն մարդիկ, ովքեր հեռուստացույց չունեն իրենց բնակարաններում, շարունակում են դիտել հեռուստատեսություն և հոլովակներ իրենց համակարգիչներով։ Հեռուստատեսությունը ցանկանում է գոյություն ունենալ ևս 10 տարի, այդ իսկ պատճառով հանդես է գալիս բաց հարթակների օգտագործման դիրքորոշմամբ։

Ի՞նչ եք կարծում, ապագան բաց կոդո՞վ ծրագրերինն է։
Կհաղթեն բաց ստանդարտները, ոչ թե բաց կոդը։ Տարբերությունն այն է, որ բաց ստանդարտները վերաբերում են սեփական ծրագրերը կառավարելուն։ Օրինակ, Firefox-ը բաց կոդով գրված շատ լավ բրաուզեր է, Google Chrome-ի մի մասն էլ է բաց կոդով գրված, իսկ մյուս մասը՝ փակ։ Այն մասը, որը կատարում է բարդ աշխատանքը բաց կոդավորմամբ է, իսկ օգտագործողի ինտերֆեյսը՝ փակ։ Opera բրաուզերն ամբողջությամբ հակառակն է։ Մշակող ամբողջ բարդ համակարգը փակ կոդով է, սակայն օգտագործողի ինտերֆեյսը բաց է։ Դու կարող ես այն փոփոխել այնպես, ինչպես ցանկանում ես։ Եվ սա քո սեփական ծրագիրը զարգացնելու մեթոդն է։

Բաց ստանդարտները տարբերվում են։ Եթե քո բիզնես մոդելը և ծրագրային մասը հիմնված է Netscape-ի վրա, և Netscape-ը տապալվի (ինչպես և պատահեց), դու խնդիրներ կունենաս։ Սակայն եթե դու ստեղծես քո ծրագիրը՝ հիմնվելով վեբ ստանդարտների վրա՝ ոչ մի խնդիր։

Որպես օգտագործող, մարդիկ գնում են ամեն տեսակի սարքավորումներ, քանի որ մտածում են, թե վերջիններս լավն են։ Սակայն եթե կառավարությունը ցանկանում է ստեղծել ազգային էլեկտրոնային գրադարան և ստեղծում է այն iPhone ծրագրի տեսքով, ուրեմն, չի կարող թույլ տալ, որ Apple-ը դադարի գոյություն ունենալ։ Իսկ եթե կառավարությունը ստեղծում է իր ծրագիրը հիմնվելով բաց ստանդարտների վրա` վերջինիս համար միևնույն է Apple-ի, Nokia-ի կամ մեկ այլ ընկերության գոյությունը։ Բազմաթիվ պարագաներում կայունությունը շատ ավելի կարևոր է։

Ինչպես եք կարծում, ե՞րբ կդադարի HTML 4-ի օգտագործումը։
HTML 4-ը կշարունակի գործել։ Եթե մի բան աշխատում է HTML 4-ով, այն կաշխատի նաև HTML5-ով։ Պարզապես HTML5-ի հնարավորություններն ավելի մեծ են։ Ժամանակ է պահանջվում, որպեսզի բոլորը անցում կատարեն դեպի HTML5։ Մարդիկ օգտագործում են այնպիսի գործիքներ (օրինակ Wordpress), որոնցից շատերը աշխատում են HTML 4-ով։ Անգամ այս պահին մարդիկ դեռ շարունակում են ծրագրավորել հիմնվելով HTML 3.2 ստանդարտի վրա:

Ես կարծում եմ HTML5-ը կդադարեն զարգացնել 2014-ին կամ 2015-ին։ Բազմաթիվ աշխատանքներ են արվել։ Մենք սկսել ենք 2005-ից և մեր համակարգերից շատերը HTML5-ի մաս են։ Այն ժամանակ, երբ HTML5-ի դադարի զարգացվել, ստեղծված կլինի արդեն HTML 6-ը և այդպես շարունակ։ Եվ ամեն նոր ստանդարտ իր հերթին կպահանջի 5-ից 6 տարի մինչև հիմնովին պատրաստ լինելը։ Իրականում, նոր ստանդարտները ստեղծվում են այն ժամանակ, երբ հնի կարիքն արդեն չկա։

Ի՞նչ եք կարծում, վստահելի են արդյոք ամպային ծառայությունները անվտանգության և գաղտնիության տեսանկյունից։
Անվտանգությունը և գաղտնիությունը փողկապակցված են։ Դրանց իրագործումը տեխնիկապես շատ բարդ է։ Բարդ է նաև այն սահմանումը, թե ո՞րն է գաղտնիության քո իրավունքը և ո՞րն է կառավարության կամ հենց գործատուի իրավունքը իմանալու, թե ինչով է զբաղվում աշխատակիցը։ Տարբեր երկրներ և ընկերություններ տարբեր դիրքորոշում ունեն այս հարցի շուրջ։ Ի վերջո, մարդկանց պատկերացումներն այն մասին, թե ինչն է ճիշտ և ինչը՝ ոչ, տարբեր են։ Իհարկե դու ունես ընտրության իրավունք։ Եթե պահում ես քո տվյալները սեփական սարքավորման մեջ` դու ես որոշում երբ այն կիսել (share): Խնդիրն նրանում է, որ երբ կորցնում ես քո սարքավորումը, կորցնում ես նաև քո տվյալները։

Ի՞նչ անել։ Իրականում ամպային տեխնոլոգիան հրաշք չէ։ Այն մատուցվում է շահույթ հետապնդող ընկերությունների կողմից, որոնք հաճախ լուծարվում են։ Օրինակ Netscape-ը ամպային ծառայություններ առաջարկող ընկերություն էր և լուծարվեց։ Փաստորեն, ամպային տեխնոլոգիաներն այդքան էլ վստահելի չեն, որքան կարող էին թվալ։ Համացանցում կան միլիոնավոր համակարգեր, որոնք առաջարկում են կարևոր կորպորատիվ տվյալներ պահելու ծառայություններ։ Սակայն իրականում դրանք բաց են։ Պարտադիր չէ հաքեր լինել, որպեսզի կարողանալ վերցնել այդ տվյալները։ Նմանատիպ դեպք ինձ հետ պատահել է, երբ ես պատահմամբ տեսել եմ գաղտնի բանկային տվյալներ:

Ես պահում եմ իմ տվյալներն իմ սեփական սարքավորման մեջ և չեմ վստահում ամպային ծառայություններին։ Եթե դու ունես գաղտնիք և չես ուզում, որ դրա մասին որևէ մեկն իմանա, դու հարցնում ես՝ «Կարո՞ղ ես գաղտնիք պահել»։ Քեզ կպատասխանեն` «այո կարող եմ», սակայն կլռեն, որ մի երկու մարդ թերևս կիմանա այդ մասին։ Նույն կերպ էլ ամպային ծառայությունների անվտանգությունն է։ Անձնական տեղեկատվություն լրացնելիս «Մի պահիր իմ մասին այս տվյալը» տարբերակի առկայությունը դեռևս բավարար չէ։ Սակայն այժմ որոշակի առաջընթաց կա. մենք սկսում ենք մտածել, թե ինչ ենք հրապարակում, քանի որ գիտենք, թե որքան հեշտ է այդպիսի տեղեկատվության մուտքի իրավունք ստանալը:

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
---