Քաղաքապետարանը նախատեսում է 50 տոկոսով կրճատել շահագործվող միկրոավտոբուսների թիվը

Հենրիկ Նավասարդյան.

Քաղաքապետարանը նախատեսում է 50 տոկոսով կրճատել շահագործվող միկրոավտոբուսների թիվը

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում հասարարկական տրանսպորտի հետ կապված հարցերը ամենաակտուալների թվում են: Երթուղային տաքսիների ցածր որակի ու ավելի շատ ավտոբուսների անհրաժեշտության մասին խոսում են թե հասարակությունը, թե Երևանի քաղաքապետարանը: Սակայն եթե հասարակությունն ու ակտիվիստները առավել հստակ են ձևակերպում իրենց պահանջները` պահանջելով արժանապատիվ երթևեկություն, չծխող ու սափրված վարորդներ, ապա քաղաքապետարանի տված տվյալները շատ մակերեսային են ու հիմնականում առանց ստույգ ժամկետների: PanARMENIAN.Net-ի թղթակիցը դիմել է Երևանի քաղաքապետարան` պարզելու,թե կոնկրետ երբ կներկրվեն խոստացված ավտոբուսները, հարմարեցված են արդյոք դրանք հաշմանդամների համար և երբ վերջնականապես դուրս կգան միկրոավտոբուսները: Հարցերին պատասխանել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Ե՞րբ են ներկրվելու չինական 400 ավտոբուսները:
Չինական արտադրության ավտոբուսները Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու բանակցությունների առաջին փուլն ավարտված է և ըստ այդմ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Երևան կներկրվեն թվով 66 ավտոբուսներ: Ներկրելու պայմանագիրը ստորագրել ենք շաբաթ օրը: Սեպտեմբերի 5-ին Զարգացման վարչության պետի տեղակալ Արթուր Խաչատուրյանի հետ միասին կգնանք Չինաստան, որպեսզի շարունակենք բանակցությունները: Մեր գլխավոր խնդիրը էժան վարկային կազմակերպություն գտնելն է, որպեսզի քաղաքապետարանը կամ տնտեսարող սուբյեկտները հնարավորություն ունենան շահավետ պայմաններով և ցածր տոկոսադրույքով գնել անհրաժեշտ 400 ավտոբուսները: Բացի դա, ունենք ևս 170 ավտոբուս` որպես նվիրատվություն Չինաստանի կողմից, որոնք կներկրվեն մինչև 2012 թվականի հունիս:

Ե՞րբ են ներկրվելու ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի ավտոբուսները: «Ուկրավտո» կորպորացիայի քանի՞ ավտոբուս է ներկրվելու:
Ինչ վերաբերում է ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի արտադրած միջին տեղատարողության ավտոբուսների հնարավոր ներկրման հարցին, ապա տեղեկացնում ենք, որ 16.08.2011թ. Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել, համաձայն որի առաջիկայում տվյալ ընկերությունը կներկայացնի իր առաջարկների փաթեթը, որի քննարկումից հետո միայն հստակ կլինի, թե որքան ու ինչ ժամկետներում կներկրվեն տվյալ մակնիշի ավտոբուսներ:

Հարմարեցվա՞ծ են արդյոք ավտոբուսները հաշմանդամների երթևեկության համար:
Ավտոբուսները հաշմանդամների երթևեկին հարմարեցնելու հետ կապված տեղեկացնում ենք, որ մասնավորապես չինական կողմի հետ բանակցությունների շրջանակում մեր կողմից առաջարկ է ներկայացվել որոշ ավտոբուսներ հաշմանդամներին հարմարացնելու վերաբերյալ։

Ե՞րբ են երթուղիներից վերջնականապես դուրս գալու ՌԱՖ մակնիշի երթուղային տաքսիները:
«Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսները փոխարինման գործընթացի արդյունքում աստիճանաբար դուրս են բերվում շահագործումից։ Նոր մրցույթների անցկացման ժամանակ տվյալ մակնիշի միկրոավտոբուներն ի սպառ դուրս կմնան ուղևորափոխադրումների ոլորտից։

Ավտոբուսների ներկրման արդյունքում քանի՞ երթուղային տաքսի դուրս կգա երթուղիներից:
Ավտոբուսների ներկրման արդյունքում նախատեսվում է կրճատել այսօր երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների մոտ 50%-ը։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
---