Մենք երիտասարդ թիմ ունենք, որի նպատակն է անընդհատ զարգանալ և առաջ շարժվել

Յուրա Մովսիսյան.

Մենք երիտասարդ թիմ ունենք, որի նպատակն է անընդհատ զարգանալ և առաջ շարժվել

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը այս անգամ հանդիպել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով ԵՎՐՈ-2012 ընտրական փուլում դարձել է 4 գնդակի հեղինակ և 5 անգամ էլ գոլային փոխանցում կատարել` դաշտում անցկացնելով 768 րոպե: Յուրան խոսել է Իռլանդիայի հետ վերջին խաղից, բացահայտել հավաքականի լավ հանդես գալու գաղտնիքը և նշել, թե ինչու է ուզում, որ այս հարցազրույցն անպայման կարդա իր հայրիկը և թե որ ֆուտբոլիստներին է մերժել տալ իր մարզաշապիկը:
Ահա և ավարտվեց ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարը, ինչպիսի՞ն էր այն ըստ քեզ Հայաստանի հավաքականի համար:
Այս մեկուկես տարվա ընթացքում շատ բան փոխվեց հայկական ֆուտբոլում: Մենք` ֆուտբոլիստներս էլ ենք շատ լավ զգում, որ կարողացանք ուրախացնել մեր հայ ժողովրդին ու այսպիսի լավ պահեր պարգևել: Այսօր ժողովուրդը հավատում է, որ մենք կարող ենք ցանկացած թիմի դեմ խաղալ ու հաղթել: Ու մենք հպարտ ենք, որ կարողացել ենք նման աշխուժություն մտցնել հայկական ֆուտբոլում:

Մեր հավաքականի համար թերևս ամենակարևոր խաղը կայացավ Դուբլինում, որտեղ, շատերի կարծիքով, հայ ֆուտբոլիստները չպարտվեցին: Ինչպիսի՞ն են քո գնահատականները խաղի հետ կապված:
Չէ, իրականում մենք պարտվեցինք 2:1 հաշվով (ծիծաղում է): Չնայած խաղի նման ընթացքին` մենք կարող էինք հաղթել նույնիսկ 10 հոգով: Ես չեմ սիրում քննարկել մրցավարի գործողությունները, բայց նա Ռոման Բերեզովսկուն կարող էր և չհեռացնել խաղադաշտից: Բայց մենք երիտասարդ թիմ ունենք, որի նպատակն է զարգանալ և առաջ շարժվել: Հաջորդ հանդիպումներում մենք ավելի մեծ փորձ կունենանք և ավելի պատրաստված դուրս կգանք խաղադաշտ:

Իռլանդիայի դեմ խաղում բոլորս տեսանք հոգեբանորեն շատ ուժեղ պատրաստված հավաքական, անգամ 10 հոգով մնալով դուք չկոտրվեցիք և կարողացաք խաղի ղեկը պահել ձեր ձեռքում: Ինչպե՞ս դա հաջողվեց:
Մենք գիտեինք, որ հաղթանակի դեպքում մեր ֆուտբոլը մի քանի աստիճանով վերելք կապրի: Բոլոր տղաներն էլ լավ տրամադրությամբ էին դաշտ դուրս եկել, ոչ մեկիս մոտ լարվածություն չկար ու շատ ազատ էինք զգում մեզ: Մեր միակ նպատակն էր այս խաղում 3 միավոր վաստակել:

Այս ընտրական մրցաշարում մեր հավաքականը կարողացավ սահմանել մի քանի ռեկորդ, ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում բարձրանալ 44-րդ տեղը, խփել 22 գնդակ, խմբում բարձրանալ 3-րդ հորիզոնականը, պայքարել եզրափակչի ուղեգրի համար: Ըստ քեզ ի՞նչն է նպաստել այդ հաջողություններին:
Մեր լավ և կազմակերպված խաղը, ֆուտբոլիստների բարձր պատրաստվածությունը, նվիրումը մեր հավաքականին, այս շարքը կարող եմ անվերջ թվարկել: Այս ամենի շնորհիվ այնքան բան փոխվեց մեր ֆուտբոլում, որ շատ դժվար է ինչ-որ կոնկրետ բան առանձնացնել: Այժմ մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են իրենց վրա վերցնել խաղը, գոլեր խփել կամ էլ գոլային փոխանցումներ կատարել: Հավաքականի բոլոր տղաները խաղում են մեկը մյուսի համար, և ես շատ հպարտ եմ, որ այս թիմի մի մասն եմ կազմում:

Ինչպիսի՞ն էր Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականում Իրանի դեմ անցկացրած առաջին խաղի ժամանակ և ինչպիսի՞ն է հիմա:
Իրանի խաղից առաջ ես թունավորվել էի ու վատ էի զգում ինձ: Բայց Հայաստանի հավաքականում խաղալու առաջին իսկ օրվանից ինձ շատ վստահ եմ զգացել: Ավելի շուտ չէի ընդունում հավաքականի հրավերը, որովհետև վստահ չէի, որ կարող եմ հայկական ֆուտբոլում որևէ բան փոխել: Բայց հիմա ես շատ վստահ եմ դարձել: Թիմը սովորել է իմ խաղին, ես ել հարմարվել եմ թիմին: Այդ ամենը շատ սահուն ստացվեց:

Մինչ Հայաստանի հավաքականում հանդես գալը, ճանաչո՞ւմ էիր հավաքականի խաղացողներին:
Ես միշտ հետևել եմ մեր հավաքականի ելույթներին: Երբ գնացի Դանիա ու սկսեցի հանդես գալ «Ռանդերսում», այնտեղ խաղում էր նաև Ռոբերտ Արզումանյանը, նրա հետ ծանոթացա: Ռոբերտի հետ խոսում էինք Հայաստանի հավաքականից, նա պատմում էր թիմի մթնոլորտից: Բայց մյուս տղաներին անձամբ չէի ճանաչում:

Ընտրական մրցաշարում ի՞նչ ֆուտբոլիստներ են ցանկացել փոխանակվել քեզ հետ մարզաշապիկներով:
Սլովակիայի խաղից հետո Մարտին Շկրտելը եկավ հանդերձարան ու շապիկս խնդրեց, Իռլանդիայի հետ առաջին խաղից հետո Ռիչարդ Դանը, Ռուսաստանի հավաքականից Բերեզուցկին էր, բայց չեմ կարող ասել ` որ մեկը: Իսկ ռուսների հետ պատասխան խաղի ժամանակ Իգնաշևիչն էր ցանկանում փոխանակվել շապիկներով, բայց չտվեցի: Դուբլինում էլ չցանկացա որևէ մեկին տալ շապիկս:

Ըստ քեզ ո՞րն է եղել ընտրական մրցաշարում քո խփած ամենատպավորիչ գոլը:
Ինձ համար ցանկացած խփած գոլ կարևոր է, բայց հավաքականի համար չափազանց մեծ նշանակություն ուներ Մակեդոնիայի դարպասը խփած գնդակը, ու բացի այդ էլ դա իմ առաջին գոլն էր թիմում: Այն գնդակը ինձ վստահություն հաղորդեց:

Հիշո՞ւմ ես քո բոլոր գոլերը, ու կարող ես ասել քանի՞սն ես խփել քո կարիերայի ընթացքում:
Բոլորը չէ, բայց լավագույնները հիշում եմ: Իմ կարիերայում քիչ է եղել, որ բաց դարպասին գոլ խփեմ, ցանկացած գոլի համար պայքարել եմ: Համարյա հեշտությամբ ինձ դարպասի գրավում չի տրվել: Լավագույն գոլը Դանիայի առաջնությունում եմ խփել:

Ընդհանրապես խաղերի տեսագրությունները հետո նայու՞մ ես, ինչ-որ սխալներ ֆիքսելու, հետագայում շտկելու համար:
Չէ: Ես խաղերը չեմ սիրում նայել: Խաղի ժամանակ ամեն ինչ տեսնում եմ ու միշտ փորձում եմ հիշել, ինչ է տեղի ունեցել դաշտում: Բացի այդ էլ, ժամանակս չի հերիքում: Բայց Իռլանդիայի հետ մեր հանդիպումը անպայման պետք է նայեմ, քանի որ շատ բան տեղի ունեցավ դաշտում ու այնքան շատ էին էմոցիաները, որ ինձ շատ հետաքրքիր կլինի մանրամասն նայել:

Կա՞ ֆուտբոլում ինչ-որ բան որ չես սիրում, օրինակ Դավիդ Վիլլան խոստովանել է, որ տանել չի կարողանում, երբ հանդիպումները սկսվում են ուշ երեկոյան:
Ֆուտբոլում չեմ սիրում, երբ ինչ- որ մեկի պատճառով թիմը, որը ակնհայտորեն պետք է հաղթեր, պարտվում է: Նման անարդարությունները չեմ սիրում:

Մի անգամ մեզ հետ զրույցում մեր ավագ Սարգիս Հովսեփյանն ասել է, որ շատ ես սիրում տարբեր ժամացույցներ կապել, իսկ կասես քանի՞ ժամացույց ունես ու ինչո՞ւ հենց ժամացույցներ:
Այո, ես ժամացույցներ շատ եմ սիրում ու շատ ունեմ: Ժամացույցների ու նաև հեռախոսների հավաքածու ունեմ:

Հավաքականի հետ կապված անմոռանալի հիշողություն, որի մասին տղաներով միշտ խոսում եք:
Լավ չի լինի, որ ասեմ, բայց մենք հաճախ հիշում ենք Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը Մակեդոնիայի դեմ ու Վալերի Ալեքսանյանի ինքնագոլը: Ճիշտ է, շատ ցավալի դրվագներ են, բայց ծիծաղում ենք դրանց վրա, ոչ թե` զայրանում, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ էլ տեղի է ունենում, ու բոլորս էլ կարող ենք սխալվել:

Դու շատ ակտիվ ես Facebook-ում, իսկ պատրաստվո՞ւմ ես twitter-ում գրանցվել:
Իմ Facebook-ի էջով զբաղվում է ընկերս: Բայց ես էլ հետևում եմ, թե ինչ է կատարվում ու պատասխանում եմ բոլոր երկրպագուների հարցերին: twitter չգիտեմ, առայժմ չեմ պատրաստվում գրանցվել:

Մի՞շտ ես երազել հարձակվող լինել:
Ես չեմ սիրել հետ քաշված գործել, իմ խաղից էլ զգացվում է, որ ես ակտիվ եմ: Հարձակման գիծը նրա համար եմ սիրում, որ անընդհատ շարժման մեջ եմ ու գոլեր եմ խփում:

Իսկ տանը հաճա՞խ եք խոսում ֆուտբոլի մասին:
Շատ քիչ եմ սիրում խոսել ֆուտբոլից, մանավանդ տանը: Ես ֆուտբոլից միայն հայրիկիս հետ եմ խոսում, նա միշտ քննարկում է իմ խաղը, վերլուծում և անկեղծ ասում իր կարծիքը: Բայց մինչև այսօր ինքը երբեք ինձ չի ասել, որ լավ եմ խաղացել, թող այս հարցազրույցը կարդա ու մի քիչ վատ զգա իրեն (ծիծաղում է): Նա իմ ամենամեծ քննադատն է, ու դա լավ է:

Ո՞րն է քո ամենասիրած սպորտային հագուստի բրենդը:
Ես 6 տարի է «Adidas»-ի հետ եմ համագործակցում ու հենց այս բրենդն էլ նախընտրում եմ:

Ի՞նչ ես մտածում, երբ քեզ հաջողվում է գոլ խփել:
Ուրախանում եմ և մտածում, թե մյուս գոլը երբ պետք է խփեմ:

Ի՞նչ կցանկանաս Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին, և՛ Հայաստանում և՛ նրա սահմաններից դուրս:
Որ բոլորը միշտ ուրախ լինեն: Հաճելի է, որ մենք, խաղալով 90 րոպե, կարողանում ենք մեր հայ ազգին հաճելի րոպեներ պարգևել: Ուզում եմ, որ բոլոր հայերը մեր մարզիկների կողքին լինեն և քաջալերեն նրանց: Մենք էլ միշտ կփորձենք բարձր պահել հայկական սպորտի պատիվը:

Եվ վերջում…
Եղավ մի պահ, որ մեր հավաքականը պարտվեց, և որոշ լրագրողներ սկսեցին շատ վատ բաներ գրել մեր մասին, ու նման չհիմնավորված քննադատությունները վատ են անդրադառնում երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Ես երբեք նման բաների ուշադրություն չեմ դարձնում: Գոնե հայ լրագրողները պետք է լավ վերաբերվեն հավաքականին ու ըմբռնումով մոտենան, որովհետև իրենց գրած ցանկացած նյութով օգնում են մեզ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
---