Հայաստանը հեռանկարային երկիր է համաշխարհային հյուրանոցային  ապրանքանիշերի համար

Արա Պետրոսյան.

Հայաստանը հեռանկարային երկիր է համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը հնագույն ժամանակներից հայտնի է իր հարուստ պատմամշակութային և բնական ժառանգությամբ, և այսօր զբոսաշրջությունը համարվում է նրա զարգացման գերակա ուղղություններից մեկը: Ավելին, նույնիսկ ճգնաժամի ընթաքում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է աճ, չնայած նրան, որ համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությունն անկում էր ապրում: Այցելությունների աճի ավելացումն ապահովելու նպատակով Հայաստանում ակտիվացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչը և գրավել է համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի հետաքրքրությունը: Այն մասին, թե ինչպիսի ապրանքանիշեր են հետաքրքրություն դրսևորել Հայաստանի նկատմամբ, PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:
Ինչպիսի՞ հեռանկարներ են տեսնում հյուրանոցային ապրանքանիշերը Հայաստանում:
Առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնել նրա վրա, թե ինչպես և ինչու են ստեղծվում հյուրանոցային ապրանքանիշերը և ցանցերը: Հյուրանոցների տերերը ժամանակի հետ եկել են եզրակացության, որ եթե նրանք պահանջարկ ունեն մի վայրում, ապա կարող է պահաջարկ ունենալ նաև մեկ այլ վայրում: Այսինքն, նրանք կարող են չափանիշ դառնալ, որը պահանջված է ողջ աշխարհում: Ճանապարհորդելով տարբեր տեղերով՝ զբոսաշրջիկը, որպես կանոն, վարժվում է որոշակի չափանիշի, որոշակի ապրանքանիշի: Հաջորդ անգամ, ընտրելով որոշակի երկիր, նա հետաքրքրվում է, թե կա արդյոք այդ ապրանքանիշն այդ երկրում:

Եվ իսկապես, Հայաստանում այսօր կան արդեն երեք առաջատար հյուրանոցային ապրանքանիշեր՝ Best Western, Marriott, Golden Tulip: Հյուրանոցային շուկան անմիջականորեն արձագանքում է զբոսաշրջիկների քանակի աճին, սկսվում է հյուրանոցների շինարարություն: Այնուհետև գալիս է «հագեցման» շրջան և հաստատվում է հավասարակշռություն: Կառավարությունը և մասնավոր հատվածը ջանքեր են գործադրում, որպեսզի ավելացնեն զբոսաշրջիկների հոսքը: Որոշակի ժամանակահատվածում հյուրանոցային շուկան չի արձագանքում զբոսաշրջիկների թվի աճին, քանի որ շուկան բավարարված է ունեցած պոտենցիալով: Դրանից հետո գալիս է զբոսաշրջիկների քվի կրիտիկական կետ, երբ շուկան արձագանքում է՝ անհրաժեշտ են նոր հյուրանոցներ: Մենք հիմա հենց այդ փուլում ենք, երբ կառուցվում են նոր հյուրանոցներ: Իսկ մեր ռազմավարությունը նրանում է, որպեսզի մշտապես նպաստել երկիր այցելող զբոսաշրջիկների թվի ավելացմանը և դրան զուգահեռ ավելացնել հյուրանոցների քանակը: Ամենահամեստ տվյալներով Հայաստանում հիմա կառուցվում են 10-12 հյուրանոցներ, այդ թվում նաև մարզերոմ, որոնք առաջիկա երկու տարիներին շահագործման են հանձնվելու:

Պաշտոնատար անձանց կողմից բազմիցս հիշատակվել է երկրում նոր ապրանքանիշերի հայտնվելու մասին: Պատմեք՝ ով է հետաքրքրվել Հայաստանով:
Ինչ վերաբերվում է կոնկրետ ապրանքանիշերի ի հայտ գալուն, առայժմ չեմ ցանկանում դրանք բոլորը թվարկել: Ամենահեռանկարային տարբերակների շարքում կարող են լինել Hayat-ը և Howard Jonson-ը: Ավելին, «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալին կից տարածքը լավ հյուրանոցի առկայության կարիք ունի, քանի որ լավ օդանավակայանը ենթադրում է համապատասխան հյուրանոցի առկայություն: Ինչ էլ ստիպում է մեզ հանգել այն համոզմունքին, որ առաջիկա տարիներին Հայաստանում առաջատար միջազգային ապրանքանիշերն ավելանալու են երկու, հնարավոր է նաև երեք անգամ, դա այն է, որ բացի զբոսաշրջիկների թվի ավելացումից պահանջարկ է հայտնվելու կոնկրետ շուկաների կողմից: Այդպես ժամանակին հայտնվեց Marriott-ը, երբ զգալիորեն ավելացան Հայաստանի այցելող ԱՄՆ քաղաքացիները և պարզ դարձավ, որ ամերիկացին նախընտրում է իրեն ծանոթ և սիրելի չափանիշը: Այսօր ակտիվություն են հանդես բերում Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, իսկ դա նշանակում է, որ այդտեղից ինչ-որ ապրանքանիշ վաղ թե ուշ հետաքրքրություն է դրսևորելու Հայաստանի շուկայի նկատմամբ: Դրան նպաստում է նաև զբոսաշրջային գործակալություններ այցելելու վիճակագրությունը, որոնց հետո այդ երկրների հյուրանոցային ապրանքանիշերը համագործակցում են: Օրինակ, մեզ մոտ զբոսաշրջիկների գերմանական շուկան ամեն տարի ֆիքսում է 20-25 տոկոս աճ: Եթե պետության և մասնավոր հատվածի ջանքերով գերմանացի զբոսաշրջիկների հոսքը հասնի կրիտիկական կետի և ձևավորվի բարձր վճարներ տալու պատրաստ զբոսաշրջիկների զանգված, որոնք երկիր կգան միջին դասի ետևից, ապա ապրանքանիշային հյուրանոցն անպայման կսկսի մտածել այդ շուկայում իր առկայության մասին: Իսկ ահա թե որ հյուրանոցային ապրանքանիշն ավելի արագ կաշխատի, չեմ կարող ասել: Ցանկանում եմ ընդգծել, որ դա բնական և շուկայական գործընթաց է, որը չի կրում քաղաքական գործընկերային բնույթ, որը բնորոշ է որոշ երկրների: Այդ տեսանկյունից Հայաստանը բավական օբյեկտիվ և հեռանկարային երկիր է, որպեսզի համաշխարհային ապրանքանիշերը գան այստեղ:

Ինչպե՞ս են ընթանում գործերը տեղի ապրանքանիշերի առաջխաղացման հետ:
Այսօրվա դրությամբ մենք ունենք Թուֆենկյան տեղային ապրանքանիշը, ավելի ճիշտ, տեղային ցանցը, որը պետք է առաջ մղել: Ես համոզված եմ, որ հեռանկարում տեղայինից այն կարող է վերածվել տարածաշրջանայինի: Մասնավորապես, Ձորագետում գտնվող հյորանոցը գտնվում է այնպիսի աշխարհագրական վայրում, որ երրորդ երկրներից տարածաշրջանային զբոսաշրջիկների մեծամասնությունը, որոնք համակցում են իրենց տուրփաթեթը և Հայաստան այցելում Վրաստանից, գիշերում են այդ հյուրանոցում: Եվ, չնայած նրան, որ իր դիզայնով, տեխնոլոգիաներով և ծառայությամբ այն բացարձակապես հայկական է, այնուամենայնիվ, այստեղ արդեն կապ է նշմարվում Վրաստանի հետ:

Կհանգեցնի՞ արդյոք խաղացողների թվի ավելացումը մրցակցության խստացման և գների անկման:
Հայկական հյուրանոցային շուկայում գործում է մրցակցություն տարբեր կարգերում: Օրինակ, չնայած տարբեր «քաշային կարգերին», ծառայությունների որակի և գների առումով Golden Tulip-ը հաջողությամբ մրցակցում է Marriott-ի հետ, իսկ Ռեժինեն՝ Անիի, Մետրոպոլը, Արարատը և Կոնգրեսը՝ իրար հետ և այլն: Մենք հիմա շահագրգռված ենք նրանում, որպեսզի Marriott դասի մի քանի ապրանքանիշեր մտնեն մեր շուկա: Քանի որ այդ դեպքում վերջինս կհայտնվի ավելի առողջ մրցակցային միջավայրում, ինչն առիթ կհանդիսանա տրամադրվող ծառայությունների որակը բարելավելու և գնային քաղաքականությունը վերանայելու համար:

Ինչպե՞ս են ընթանում գործերը Հայաստանի մարզերում հյուրանոցներ կառուցելու, ինչպես նաև էկոնոմ դասի հյուրանոցների առկայության հետ:
Հայաստանի շուկան տարեց տարի համալրվում է էկոնոմ դասի հյուրանոցներով: Այսպես, այսօր կառուցվող 10 հյուրանոցների մեծամասնությունը պատկանում է այդ դասին: Այսինքն, շուկան արձագանքել է բավական մատչելի, բայց հարմարավետ հյուրանոցների պահաջարկին: Ավելին, զբոսաշրջային տեղերի անհրաժեշտ թվի խնդիրը հաջող կերպով լուծված է մասնավոր հատվածի հաշվին: Այսօր մենք ունենք շուրջ 200 հյուրերի տներ, որոնք բավական հաջող մրցակցում են իրար հետ: Երևանում կան 4-5 հյուրանոցներ, որոնք կոշտ մրցակցության մեջ են իրար հետ և իրենց առավելությունները տեսնում են մատչելի գներով ավելի որակյալ ծառայություններ մատուցելու մեջ:

Ապակենտրոնացման գործընթացը եղել և մնում է տարածքների հավասարաչափ զարգացման մեր քաղաքականության կարևորագույն ուղղորդիչը, բայց եթե համեմատության մեջ դնել, ապա ակնհայտ է, որ զբոսաշրջային մարզային կենտրոններում հյուրանոցների առկայության խնդիրը հիմնականում լուծված է: Ծաղկաձորում, Ջերմուկում, Դիլիջանում, Աղվերանում և այլ հանգստավայրերում շարունակում են բացվել նոր հյուրանոցներ: Չկան հյուրանոցներ Հաղպատում, Տաթևում, բայց դրանք նույնպես կլինեն: Սակայն այստեղ պետք է նշել նաև այն միտումը, որ պատմամշակութային ժառանգության վայրերում շատ զբոսաշրջային երկրներ կառուցել են ժամանակակից հյուրանոցներ, բայց հիմա կարծում են, որ դա սխալ է եղել: Մենք փորձում ենք խթանել տեղի բնակիչներին, որպեսզի նրանք իրենց տները գիշերելու համար տրամադրեն զբոսաշրջիկներին՝ վերածելով դրանք bred&breakfast-ի: Այդպիսով մենք կպահպանենք մեր մշակութային և պատմական միջավայրը: Կառավարության խնդիրն է ակտիվացնել գործարար միջավայրը, ստեղծել այն առանցքը, որի շուրջ տեղի կունենա զարգացման հետագա գործընթացը:

Հայաստանի ո՞ր անկյունում եք սիրում հանգստանալ անձամբ Դուք:
Եթե ինձ մեքենա տան և առաջարկեն հանգստի համար վայր ընտրել Հայաստանի Հարավում կամ Հյուսիսում, ես կընտրեմ Հարավը, թեև Հայաստանի ցանկացած անկյուն ինձ հոգեհարազատ է և թանկ: Հարավն ինձ ամեն դեպքում ավելի մոտ է, նույնիսկ ճանապարհը, որով գնում ես, ինձ համար հատուկ իմաստ ունի և հսկայական հաճույք է պատճառում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---