ՀՀԿ-ի համար ավելի հեշտ կլինի ընտրություններում հավաքել 40-45 տոկոս, քան «Օրինաց երկրի» համար՝ 5 տոկոս

Կարեն Քոչարյան.

ՀՀԿ-ի համար ավելի հեշտ կլինի ընտրություններում հավաքել 40-45 տոկոս, քան «Օրինաց երկրի» համար՝ 5 տոկոս

PanARMENIAN.Net - Մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մնացել են հաշված ամիսներ: Ինչպիսի՞ն կլինեն դրանք, ի՞նչ օրակարգ կներկայացնեն քաղաքական ուժերը, ինչպիս՞ի տեխնոլոգիաներ և մեթոդներ կկիրառեն, ինչպես նաև ինչպիսի՞ն կլինեն տարբեր կուսակցությունների շանսերն այդ ընտրություններում: Գալիք ընտրությունների մասին իր կարծիքով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել է անվանի հայ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի օրակարգը գալիք ընտրություններում: Ո՞ր հարցերին նախապատվություն կտան քաղաքական կուսակցությունները՝ Արցախ, բնապահպանություն, սոցիալական թեմաներ:
Դե, Արցախ, այն միշտ կլինի: Արցախի անվտանգությունն արդի է միշտ, քանի դեռ այդ հարցը չի լուծվել միջազգային մակարդակներում: Ժողովրդագրության հարցը նույնպես կլինի: Դա Հայաստանում տվյալ պահին գլոբալ խնդիր է: Սոցիալական հարցն արդի կլինի, և, իհարկե, շատ կուսակցություններ կփորձեն խաղարկել այն: Դե ինչպես միշտ օրենքի, կարգուկանոնի հարցը: Դա հին հարց է, և տարիների հետ այն չի լուծվում: Բնականաբար, բոլոր կուսակցությունները կփորձեն խաղարկել այն:

Ձեր կարծիքով, որպես քաղաքական տեխնոլոգ, ինչո՞վ կտարբերվեն այս տարվա ընտրություններն անցած ընտրություններից: Ինչպիսի՞ նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ կկիրառեն կուսակցությունները:

Այն, ինչ աշխատում է: Դա չկիրառելը մեղք է կուսակցությունների համար: Եթե գործում է փողեր բաժանելու տեխնոլոգիան, այսինքն ընտրակաշառքը, ապա բնականաբար կկիրառեն այն: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն, դրանից անպայման կօգտվեն: Ընդ որում, լինեն դրանք իշխանամետ, թե ընդդիմադիր կուսակցություններ, եթե նրանք ունենան ֆինանսական ռեսուրս, բոլորը կօգտվեն դրանից:

Նոր, զուտ տեխնոլոգիական մեթոդներ կլինեն, չեմ կարող ասել՝ ինչպիսի: Կարծում եմ, որ հին ու կոպիտ մեթոդներից կհրաժարվեն բոլորը, հատկապես իշխանությունը: Հազիվ թե տեղ գտնեն քվեատուփեր գողանալը, թվեր նկարելը, առավել ևս քվեաթերթիկներ նետելը: Հրազդանի ընտրությունները դա ցույց տվեցին, և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հաստատեց, որ ընտրությունները նորմալ են ընթացել: Նույնիսկ ընդդիմությունը պնդում է, որ խախտումներ չեն եղել: Ուրիշ բան է, որ եղել է ձայների կաշառք:

Անդրադառնալով Հրազդանում ընտրություններին` նույնիսկ հաշվի առնելով ընտրակաշառքները, ընդդիմության հավաքած թիվը տպավորիչ է՝ 47 տոկոս: Կարո՞ղ է արդյոք ՀԱԿ-ը ձայների նման քանակություն հավաքել մայիսյան ընտրություններում:

Բացառված չէ: Բայց հասկանում եք, գրեթե բոլորը պաշտպանում էին Սասուն Միքայելյանին (Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ թեկնածուն՝ խմբ. դիտ.), թե ՀԱԿ-ը, թե Դաշնակցությունը, թե «Ազատ դեմոկրատները»: Ընդ որում իշխանության ներկայացուցիչների մի մասը չեզոք էր, ես նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստանը»:

Ինչպե՞ս եք գնահատում «Բարգավաճ Հայաստանի» գործողություններում «ընդդիմադիր շեղումը», նրա տարաձայնությունները ՀՀԿ-ի հետ: Կարո՞ղ է արդյոք ընդդիմություն խաղալը ԲՀԿ-ին բերի իշխող կոալիցիայից դուրս գալուն:
Ես արդեն ասել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» երբեք չի կարող ընդդիմություն լինել, այն ի սկզբանե ստեղծված է որպես իշխանամետ կուսակցություն կամ իշխանության կուսակցություն: Մեկ այլ բան է, որ նրանք ընտրություններից առաջ կխաղան ընդդիմություն իշխանության մեջ: Առավելագույնը, որ նրանք կարող են անել, չեզոք մնալն է, ինչպես դա արեցին Հրազդանում:

Ինչ վերաբերվում է կոալիցիայից դուրս գալուն, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Կոալիցիայից դուրս գալը դեռ չի նշանակում իշխանությունից դուրս գալ:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ կոսւակցություններ կներկայացվեն հաջորդ գումարման Ազգային ժողովում:

Չորս կուսակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) և բնականաբար Դաշնակությունը որոշակի ճիշտ աշխատանքի դեպքում: Եվ միություն, բայց միայն «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միությունը:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ապագա խորհրդարան մտնելու «Օրինաց երկրի» շանսերը:
Կարծում եմ, որ իշխանությունը կօգնի նրան: Ես չեմ բացառում, նույնիսկ պնդում եմ, որ իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի «Օրինաց երկիրը» անցնի: Նույն ՀՀԿ-ի համար ավելի բարդ կլինի հավաքել 40-45 տոկոս, քան «Օրինաց երկրի» համար՝ 5 տոկոս: Եվ ես կասեմ, որ հասարակության համար ավելի ընդունելի կլինի ՀՀԿ 40-45 տոկոսը, քան «Օրինաց երկրի» 5 տոկոսը:

Ռուսական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրություններում ավանդական կուսակցությունների մասնակցության կողքին ժողովուրդն առաջադրել է իր առաջնորդներին: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ընտրություններից հետո նման առաջնորդների հայտնվելը, տեսնո՞ւմ եք արդյոք նման առաջնորդների:
Առայժն նրանք չեն երևում, բայց, բնականաբար, հնարավոր է, որ ժողովուրդն առաջադրի նրանց, հատկապես տվյալ շրջանում, երբ տեղի է ունենում սերնդափոխություն: Արդեն 22 տարի է անցել, և ղարաբաղյան պատերազմի ալիքի վրա եկած սերունդը պետք է հեռանա: Այն պատճառով չէ, որ ղարաբաղյան ալիքի վրա է եկել, այլ նրա համար, որ այդ սերունդը մեծանում է, գալիս է նոր սերունդ, որը կարող է առաջադրել թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Ամեն ինչ փոխվում է, ողջ սպեկտորը: Անպայման կգան երիտասարդ առաջնորդներ, և բացառված չէ, որ նրանք քաղաքականություն կգան ինչ-որ հասարակական շարժումներից:

Որպես քաղաքական տեխնոլոգ ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ ընտրացուցակում այնպիսի «քաղաքական դինոզավրերի» ընդգրկելը, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և այլք:
Շատ վատ: ՀՀԿ համար նրանք խնդիր կլինեն, քանի որ նրանք արդեն վիրտուալ մարդիկ են: Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ խորհրդարան են գնում միայն նրա համար, որպեսզի խոսեն ՀԱԿ դեմ: Այսինքն, նրանք մարդիկ են, ովքեր խորհրդարանի տրիբունում կօգտագործվեն ՀԱԿ դեմ: Բայց այստեղ Հանրապետական կուսակցությունը պետք է հաշվարկի բոլոր պլյուսները և մինուսները: Կարծում եմ, որ նրանց ընդգրկելով ցուցակի մեջ, մինուսներն ավելի շատ կլինեն, քան պլյուսները:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
---