23 մարտի 2012 - 12:29 AMT
Այսօր շախմատի Եվրոպայի առաջնությունում տեղի կունենան 4-րդ տուրի խաղերը

Մարտի 23-ին Պլովդիվում տեղի կունենան շախմատի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրի խաղերը: Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կհանդիպի Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան) հետ, շախմատիստներն ունեն 3-ական միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում են 1-11-րդ տեղերը:

Սերգեյ Մովսիսյանը կխաղա Զբյանեկ Գարեկի (Չեխիա), Ռոբերտ Հովհաննիսյանը Միխայիլ Կոբալիայի (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը՝ Վալերի Պոպովի (Ռուսաստան) հետ:

Գաբրիել Սարգսյանը կհանդիպի Նիլս Գրանդելիուսի (Շվեդիա), Տիգրան Պետրոսյանը՝ Բորտոլոմեյ Հեբերլի (Լեհաստան), Սամվել Տեր-Սահակյանը՝ Եվգենի Օվոդի (Ռուսաստան), Արման Փաշիկյանը՝ Ռոբին Դրագոմինեսկուի (Ռումինիա), իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ Բարտոզ Սոչկոյի (Լեհաստան) հետ:

Եվրոպայի առաջնությունն անցնում է շվեյցարական համակարգով 11 տուրով, մարտի 26-ին հանգստյան օր է:

Ժամանակի վերահսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, հավելյալ 30 րոպե մինչ պարտիայի ավարտը՝ ևս 30 վայրկյանի հավելումով յուրաքանչյուր քայլի համար, առաջինից սկսած: