23 մարտի 2012 - 12:32 AMT
ՀՀ դատախազությունում ընտրությունների վերահսկման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ համաժողով ազատ և արդար ընտրություններին առնչվող հարցերի շուրջ: Համաժողովը կազմակերպիչներն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել և իրազեկել ազատ, արդար և արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին: Համաժողովում բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:

«Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի օրենսդրական երաշխիքների կիրառմամբ, ընտրախախտումների բացահայտմամբ և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելով: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության գրավականը նախևառաջ կանխարգելիչ միջոցառումներն են և այս կոնֆերանսը կարևորում ենք հենց այդ համատեքստում, որը կոչված է տեղեկացնելու հանրությանը ընտրախախտումների համար քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության և պատժամիջոցների մասին»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նրա ներկայացմամբ՝ իրավապահ մարմինների խնդիրն է նախ կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, երկրորդ՝ խախտումներ արձանագրվելու դեպքում հետևողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում: «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա»:

Արձանագրելով, որ նախորդ տարիներին ձևավորվել է դրական փորձ՝ ընտրախախտումերի վերաբերյալ հաղորդումների օպերատիվ արձագանքման՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ, այլ նաև իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով ընտրախախտումների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ պարունակող մամուլի հրապարակումները:

Իր խոսքում դեսպան Հեֆերնը կոչ արեց հետաքննել ընտրախախտումների բոլոր դեպքերը. «Մենք ողջունում ենք իշխանությունների հայտարարություններն ազատ, արդար և արժանահավատ ընտրությունների կարևորության վերաբերյալ և ընտրախախտումները հետաքննելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ: Կարևորն իրականացումն է, և այստեղ իրավապահ մարմինները շատ կարևոր դերակատարում ունեն»: