23 մարտի 2012 - 12:38 AMT
ՃՈ գնդապետ. 2012 թվականին ՃՏՊ-ների թիվը Երևանում նվազել է

2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 11-ով, զոհերինը՝ 6-ով, մարմնական վնասվածք ստացած անձանց քանակը` 17-ով:

Արդյունքում այս տարի զոհվել է 7, վիրավորվել` 160 հոգի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծրագրման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, գնդապետ Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ հունվարի 16-ին արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրումից հետո մինչ օրս հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 21 հազար խախտում: Վարորդների մեծ մասը պարտաճանաչ կերպով վճարել է սահմանված տուգանքի չափը: Հունվարի 16-ից մինչ այսօր գանձվել է 145 մլն դրամ տուգանք, իսկ վարչական տույժը վիճարկող վարորդները մեծ թիվ չեն կազմում:

Կառավարությունը 2012-ին նախատեսում է տեղադրել տեսախցիկներ Երևանի ևս 15 խաչմերուկներում: Նաև մոտ 50 արագաչափեր կտեղադրվեն հանրապետության ճանապարհներին, մասնավորապես` Երևան-Սևան, Երևանից Արտաշատ տանող ճանապարհներին: