23 մարտի 2012 - 14:08 AMT
Գագիկ Ջհանգիրյան. ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ բանակը միջամտի քաղաքական գործընթացներին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական հանձնաժողովի համակարգող, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը այսօր մամլո ասուլիսում մեկնաբանել է ԱԺ ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որով բանակը կարող է գործադրվել արտակարգ դրություն հայտարարելու դեպքում:

Ջհանգիրյանը նշել է, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը և չպետք է ուժի մեջ մտնի: Հղում անելով ՀՀ Սահմանադրությանը՝ Ջհանգիրյանը հայտարարել է, որ բանակը կարելի է գործի դնել միայն ռազմական դրության ժամանակ, որի համար հիմք կարող է ծառայել պատերազմի հայտարարումը, հարձակումը երկրի վրա կամ հարձակման սպառնալիքը: Մյուս դեպքերում ռազմական դրություն չի կարող հայտարարվել, հետևաբար, բանակը կարող է գործի դրվել միայն այդ դեպքում, և իրավունք չունի միջամտելու իրավիճակին:

ՀԱԿ ներկայացուցիչը նշեց նաև, որ ըստ Սահմանադրության բանակը չի կարող միջամտել քաղաքական գործընթացներին: Նրա պարտականությունն է պաշտպանել պետությունը արտաքին սպառնալիքներից ու պահպանել պետության ամբողջականությունը, ոչ թե մասնակցել ընդդիմադիր ուժերը ճնշելուն: «Սահմանադրությունը գերակա է բոլոր օրենքների հանդեպ, իսկ Սահմանդրությունը հակասող բոլոր ակտերը պետք է չեղյալ հայտարարվեն: ՀԱԿ-ն ամեն ինչ կանի թույլ չտալու համար, որ օրենքն ուժի մեջ մտնի, այդ թվում կարող է բողոքարկել այն սահմանադրական դատարանում»,-ասել է Ջհանգիրյանը:

Մարտի 21-ին Հայաստանի Ազգային ժողովը 67 «կողմ» ձայներով վերջնականապես ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նոր օրենքը: Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ է սպառնում ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը գրավելու փորձը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված խմբավորումների կազմակերպումը եւ գործունեությունը:

Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան։