23 մարտի 2012 - 15:26 AMT
Երևան ներկրված չինական ավտոբուսների մի մասն արդեն վաղը դուրս կգա երթուղի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին`քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարությանը` Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց մի մասն արդեն վաղը դուրս կգա երթուղի:

«Հուսով եմ, որ Ձեր ընկերության արտադրության ավտոբուսները երկար կծառայեն մեր քաղաքին, և երևանցիներն էլ սիրով կօգտվեն դրանցից: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգով ևս նախատեսել ենք, որ ուղևորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերություններն աստիճանաբար անցնեն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներով սպասարկման»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման և տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաև վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:

«Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինը նշել է, որ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր հարցերը պատրաստ են քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկներ: «Որպես ավտոբուս արտադրող աշխարհում խոշորագույն ընկերություն, մեր մասնագետների աջակցությամբ կանենք հնարավորը, որպեսզի ավտոբուսները շահագործվեն ճիշտ և ծառայեն Երևանին երկար տարիներ»,-ընդգծել է Խուան Շու Պինը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առաջիկայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման և չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր: