23 մարտի 2012 - 16:49 AMT
Լիբանանում բացվել է գեղանկարիչ Հովսեփ Գասպարյանի ցուցահանդեսը

Մարտի 22-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում, կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանի սրահում բացվել է լիբանանահայ գեղանկարիչ Հովսեփ Գասպարյանի գեղանկարների ցուցահանդեսը:

Այս առիթով դպրեվանքի անունից ելույթ ունեցավ Հարություն Ա. սրկ. Շերնեզյանը: Նախ նա անդրադարձավ դպրեվանքի առաքելությանը` հայտնելով, որ այն «հայակերտման պարզ կրթարան չէ, այլ` հավատարիմ իր հիմնադիր հայրապետներին, իր սաներին տալիս է դաստիարակություն, որ կապված է հայկական արժեքների հետ, որոնք մեր անցյալի փառքն են կազմում»:

Դրանից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը պատգամ ուղղելով ներկաներին, իր գնահատանքը հայտնեց դպրեվանքի կազմակերպված այս ցուցահանդեսին: Վեհափառն իր խոսքը լիբանանահայությանն ուղղելով ասաց. «Ճաշկերույթի սրահներից առաջ պետք է լցնել հայ հոգու ու մշակույթի սրբազան տաճարները»:

Նույն օրն առավոտյան Վեհափառ Հայրապետը Վեհարանում ընդունեց ֆրանսահայ հայտնի նկարիչ Տիգրան Տատրյանին: Արվեստագետին ուղեկցում էին Համազգայինի պատասխանատուները: