23 մարտի 2012 - 17:48 AMT
Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Հայաստանում վիճակը հուսադրող է

Այսօր՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) անցկացրին «Տուբերկուլյոզը և 21-րդ դարը» թեմայով գիտաժողով։ Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունից`գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին տուբերկուլյոզի վարակման ուղիները, բուժման մեթոդները, հիվանդության կանխարգելման ճանապարհները, հասարակության տեղեկացվածությունը հիվանդության վերաբերյալ, տուբերկուլյոզի հետ կապված իրավիճակը Հայաստանում։

Ըստ ԵՊԲՀ ֆթիզիատրիայի ամբիոնի դոցենտ Լյուբով Նիկոլայանի, Հայաստանում այս հիվանդության ցուցանիշները, շատ երկրների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության տվյալների հետ համեմատած, ավելի հուսադրող են՝ 100 հազար բնակչի հաշվով 42-45 հիվանդ։ Այնուամենայնիվ, այս խնդիրը հետևողականություն է պահանջում, հատկապես, որ շատ դեպքեր հայտնաբերվում են հիվանդության ոչ վաղ փուլերում, ինչն իր հերթին դժվարացնում է բուժումը։ Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ է մոտ 3500 հիվանդ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր ելույթում ընդգծեց, որ այն հիվանդները, ովքեր խուսափում են բուժումից, վտանգ են ներկայացնում հասարակության համար։

Թեև տուբերկուլյոզն ընդունված է համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, սակայն այն սահմաններ չի ճանաչում և կարող է վարակել բոլորին։ Ինչպես նշում է Լյուբով Նիկոլայանը, Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց տուբերկուլյոզի բուժման նոր ծրագրին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1994թ. ընդունել է տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիր՝ DOTS, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում և բավականին լավ արդյունքներ է գրանցել։ Հայաստանը նույնպես միացել է այդ ծրագիրին, և ունենք արձանագրած հաջողություններ։

Նշենք, որ 1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլյոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Ամեն տարի 1.6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլյոզից, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են: